Բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ Life.panorama.am-ը զրուցել է Հրազդան գետում, Երևանյան լճում և Սևանա լճում լողալու վտանգների մասին:
Մասնագետի պնդմամբ` Հրազդան գետում լողալը խիստ վտանգավոր է առողջության համար.
«Գոնե ուրախալի փաստ է, որ ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր Հրազդան գետում ավելի քիչ լողացողներ կան: Սա մեծամասամբ պայմանավորված է նրանով, որ Հրազդանի կիրճում տեղակայված ռեստորանային համալիրները ասես սեփականաշնորհել են գետի առանձին հատվածները, ուստի պարզապես անհնար է լողալ, թեև ըստ օրենքի` գետի հունը պետք է բաց լինի: Գետի այդ հատվածում գործող ռեստորանների կողուղաջրերը պարզ չէ, թե որտեղ են թափվում, և մեծ հավանականությամբ` հենց գետ են դրանք թափվում: Հետևաբար, արդեն իսկ պատկերացնել կարելի է, թե այդ հատվածում գետը ինչ վատ ցուցանիշներ կարող է ունենալ: Սա և սանիտարական, և այլ առումով շատ վտանգավոր է առողջության համար: Անգամ կարող եմ ասել, որ այդ աստիճան աղտոտված ջրով վտանգավոր է անգամ ոռոգումներ կատարել, էլ ուր մնաց լողալ: Ի դեպ` նշեմ նաև, որ չնայած գետի այդ հատվածում առավել մեծ է աղտոտվածությունը, բայց այլ հատվածներում լողալը ևս վտանգավոր է, քանի որ վնասակարությունը դրանից չի պակասում: Ի վերջո, ամբողջ Երևանի կոյուղիները թափվում են գետը, իսկ մաքրում չի կատարվում, ինչը պարզ է դառնում անգամ գարշահոտությունից: Տարեց տարի գետի գարշահոտությունը, ճահճային հատվածները և նեխման պրոցեսները տարբեր պատճառներով ավելանում են»,- նշեց բնապահանը:
Մասնագետի խոսքով` Երևանյան լիճը ևս նույն վիճակում է գտնվում.
«Երևանյան լճում տարիներ առաջ դրվեց մեխանիկական մաքրող փոքրիկ սարք, որն ուղղակի աղբը կուտակում է ու չի թողնում, որ անցնի լիճ: Արդյունքում առաջին հայացքից թվում է, թե աղբ չկա, լիճը կեղտոտ չէ, մարդիկ էլ առանց մտահոգվելու լողում են այնտեղ, սակայն այն սարսափելի կեղտոտ է: Երևանյան լճում լողալը պարզապես պետք է բացառել, ի վերջո ոչ մեկ չի ցանկանա լողալ կոյուղաջրերում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Սևանա լճի մաքրությանը` Ինգա Զարաֆյանը նկատեց.
«Ինչ խոսք, մաքրության իմաստով Սևանա լիճն ավելի մաքուր է, բայց ոչ կատարյալ: Այս մասով ամեն ամիս պաշտոնական տվյալներ են հաղորդվում: Ինչ վերաբրեվում է նեխման կամ ճահճացման պրոցեսին, արդեն մեկ տարի է՝ Սևանը սկսել է շնչել, քանի որ մակարդակի բարձրացում է կատարվում: Ինքնավերականգնման ունակությունը ավելանում է մակարդակի բարձրացմանը զուգահեռ: Մենք չենք կարող Սևանի աղտոտվածությունը համեմատել օրինակ 20 տարի առաջվա հետ, երբ լիճը սկսեց ծաղկել, ինչը շատ վտանգավոր է լճերի համար, այդ պարագայում այն դառնում է մեռած լիճ: Հիմա մենք թույլ չենք կարող տալ, որ նման բան լինի Սևանա լճում: Իրականում մենք գրեթե ոչինչ չենք անում այն կոյուղաջրերից մաքրելու ուղղությամբ, Հայաստանում չունենք ոչ կենսաբանական մաքրող միջոց, մեզ մոտ միայն մեխանիկական մաքրում է իրականացվում, իսկ դա միայն աղբն է հեռացնում ջրից: Այնուամենայնիվ, սանիտարական իմաստով Սևանն անհամեմատ մաքուր է և կարելի է հանգիստ լողալ»: