Հուլիսին Life.panorama.am-ը պատմել է, որ «Kitchen with Helen» առաջին ինտերնետային խոհանոցային նախագիծը պատրաստվում է մեկնել մեծ կրուիզի, որի շրջանակում նախագծի հեղինակ Հելեն Ուդումյանը պետք է բացահայտեր եվրոպական երեք երկրների խոհանոցները, դրանց գաղտնիքներն ու ավանդույթները: Եվ ահա այսօր Հելենը life.panorama.am-ին պատմել է ստացված ճանապարհորդության մասին ու լուսանկարներ տրամադրել:
«Հուլիսի 12-21-ը «Kitchen with Helen»-ն իրականացրեց ի սկզբանե գրեթե անհավանական թվացող մի նախագիծ, որի շրջանակում մենք մեր ողջ անձնակազմով մեծ նավով շրջագայեցինք միջերկրական երկրներով՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա։ «Kitchen with Helen»-ի ողջ աշխատանքային թիմի և գործընկերների երկար ամիսների քրտնաջան աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս նախագիծը, որի արդյունքում արդեն սեպտեմբերից հանդիսատեսին կփոխանցենք հիանալի գույներ, համեր, տեսարաններ և ջերմ էմոցիաներ»,- նշեց Հելեն Ուդումյանն ու շարունակեց.
«Կրուիզի առավելությունը նրանում էր, որ մենք կարողացանք 8 օրվա ճանապարհորդության ընթացքում ներկայացնել թե 16 հարկանի նավն իր ողջ շքեղությամբ, հարմարավետությամբ և շատ համեղ խոհանոցով, թե այն երկներն ու քաղաքները, որոնք մենք այցելեցինք։ Ի դեպ՝ ամեն քաղաքից իրենց մշակույթն ու խոհանոցը խորհրդանշող մի փոքր մասնիկ ենք բերել, էլ չասեմ՝ անհաշվելի բաղադրատոմսերը: Շատ տպավորված էինք և մեծ բավականություն ստացանք MSC միջերկրական կազմակերպության հայկական խմբի աննկարագրելի ջերմ և գրկաբաց ընդունելությունից։ Այս նախագիծը բացառիկ էր նրանով, որ այդ կազմակերպությունը սկզբունքորեն դեմ է ցանկացած նկարահանումներին, սակայն մեզ բախտ վիճակվեց լինել առաջինը Հայաստանից՝ ներկայացնելու նման շքեղ նավն իր բոլոր հայտնի և գաղտնի անկյուններով։ Շատ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար, ինչպես նաև շնորհակալ ենք այն պատրաստակամության համար, որ ամեն գնով մեզ օգնեցին իրականացնել մեր նկարահանումները նման հսկայական նավի վրա»,- պատմեց Հելենը։
Մեր զրուցակցի խոսքով՝ շրջագայության ընթացքում նախօրոք պայմանավորվածությունների շնորհիվ «Kitchen with Helen» թիմը կարողացել է հյուրընկալվել քաղաքների ավանդական խոհանոցներին։ Տեղի հայտնի շեֆ-խոհանարների և պարզապես գուրմանների հետ միասին պատրաստել ու նաև սովորել են հայտնի ուտեստների բաղադրատոմսերն իրենց գաղտնիքներով։
«Նավի շեֆ խոհարարի և գլխավոր սոմելիեի օգնությամբ կարողացանք հասկանալ այս միջազգային շրջագայության մասնակիցների քմահաճույքները բավարարելու բոլոր եղանակները, որովհետև, ինչպես նրանք նշեցին, կարևոր է յուրաքանչյուր հյուրի՝ տարբեր մշակույթների տեր մարդկանց բավարար գոհունակություն պարգևելը և ճանապարհել այդ հեքիաթի մասնակիցներին երգով, պարով, ծափահարություններով, համեղ ուտեստենով, որպեսզի նրանց հանգիստը լինի անմոռանալի և անհոգ»,- նկատեց նա։
Հելենի խոսքով՝ կրուիզի ընթացքում նկարահանող թիմին միանում էին մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում էին իրենց հետ անցնել այս շրջագայությունը, կիսել զգացմուքներն ու անմոռանալի համերը։ Հետագայում էլ հետևելով՝ ցանկացողները կարող են միանալ «Kitchen with Helen»-ի ապագա համեղ շրջագայություններին, որոնք մեր զրուցակցի վստահեցմամբ՝ շարունակական են լինելու:
Ի դեպ՝ այս ճանապարհորդության ընթացքում Հելենին ուղեկցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ով կրուիզի ողջ ընթացքում մեր զրուցակցի հետ միասին ոչ միայն վայելել է միջերկրական երկրների խոհանոցներն, այլև անցել հաճելի արկածների միջով:
Զրույցի վերջում Հելեն Ուդումյանը նշեց. ««Kitchen with Helen»-ն իր մեկ տարվա գործունեության ընթացքում անդրադարձել է տարատեսակ խոհանոցների։ Համեղ խոհանոցը միայն հետաքրքիր բաղադրատոմսերը չեն. մեր բլոգն իր մեջ ներառում է ինչպես բազմազան ուտեստներ, այնպես էլ տարատեսակ խմիչքներ, տարբեր երկրների մշակույթներ ու ավանդույթներ։ Այս կարճ ժամանակահատվածում «Kitchen with Helen»-ն արդեն հասցրել է հյուրընկալվել հինգ երկրներ, որտեղ ուսումնասիրել է նրանց խոհանոցը և իր հետ բերել նոր բաղադրատոմսեր։ Հայաստանում “Kitchen with Helen”-ն անդրադառնում է այն ամենին, ինչը վերաբերում է խոհանոցին, այն վայրերին որտեղ պատրաստվում են համեղ ուտեստներ ու խմիչքներ։ Մենք չենք սահմանափակվում միայն հայտնի ռեստորաններով, այլ նաև հյուրընկալում հանրաճանաչ շեֆ խոհարարների և ուսումնասիրում անհատների խոհանոցներ»: