Հայաստանի անտառների համար իսկական սև շրջան է: Անընդհատ կարդում, լսում ենք Լոռու և Տավուշի մարզերում հատված անտառների մասին, տեսնում ենք հարևանի բաակում ձմռան համար նախատեսված կազմ ու պատրաստ կոճղեր: «Կացին ախպորը» միացել է կրակը` սարսափելի արագ, վտանգավոր, քամու հետ դաշինք կազմած: Իսկ անձրևը ոչ թե ուշանում է, այլ պարզապես չկա, արդեն 40 օր, 50 օր…
Վերջին մեկ ամսվա ընթացքում հրդեհներ են բռնվել Արտավանում (Վայոց Ձոր), Խոսրովի արգելոցում, Խուստուփ լեռան լանջին, իսկ այս օրերին էլ` Բյուրականի գյուղից ոչ հեռու գտնվող անտառում: «Ճամփորդը» լրագրողական թիմով և հրդաշիջման աշխատանքների պատրաստ ընկերների հետ սեպտեմբերի 7-ին մեկնել էր Բյուրական:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարող շտաբում հանդիպեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանին, ով անտառից էր վերադառնում և իր հետ բերել էր օգտագործված օդապարուկի մնացորդ: Հնարավոր է, որ հենց այսպիսի օդապարուկն է դարձել հրդեհի պատճառ, սակայն պարոն Ղազարյանը նշեց, որ համապատասպան մարմիները կզբաղվեն այս հարցով, սա միայն ենթադրություն է:
«Սեպտեմբերի 3-ի երեկոյան սկսվել է հրդեհը և մինչև օրս (սեպտեմբերի 7,-խմբ) շարունակվում է: Քամիները մեզ խանգարում են հրդեհաշիջում անել, բայց փրկարարների անձնազոհ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հրդեհի տարածումը կասեցնել: Այժմ հրդեհը վերահսկողության տակ է, տարածում չունի: Ամբողջ անտառի լայնքով, որտեղ հնարավոր է, հրշեջները մոտեցել են և կատարում են հետ մարման աշխատանքներ, այսինքն` ծխացող քոթուկների հետմարման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկվում է մեր կողմից: Ակտիվ օջախներ կան, բայց դրանք վնասազերծվում են: Եթե այսպես շարունակենք, վերջնական մարում էլ կտանք, եթե քամին չխանգարի: Պարզապես մինչ այժմ քամին մեր դեմ է աշխատել, 16 մետր/վայրկյան արագություն է ունեցել, ինչը շատ նպատաստավոր է հրդեի համար և շատ վնասկար փրկարարի համար, որովհետև ոչ մի շնչադիմակ չի օգնում:
Այս պահին տեղում աշխատում է 17 մարտական հաշվարկ: Ամեն մարտական հաշվարկին կցել ենք 3-5 մարդ, որպեսզի կարողանան խոտածածկ տարածքներում կրակի տարածումը կանխել: Ընդհանուր 170-ին մոտ մարդ է աշխատում: Ունենք 4 մեքենա` 10 տոննանոց, 4-ը` 3.5 տոննանոց տարողությամբ: Ունենք մեկ ամենագնաց, որը տրամադրել է մի քաղաքացի: Գիշերային ժամերին չենք կարող աշխատել: Հերթապահություն ենք իրականացնում. մինչև աչքդ չտեսնի, չես կարող գործ անել: Առավոտյան արդեն սկսում ենք գրոհել:
Ինչպես արդեն ասել եմ, վառվել է 80-100 հեկտար: Ընդհանրապես, խոտն է այրվում, ծառերը չեն այրվում: Եթե հրդեհի տեղում եղել են չոր ծառեր դրանք վառվել են, որը կանաչ, աշխատող ծառ է, չի վառվել, պարզապես մի քիչ սևացել է», – նշում է Մուշեղ Ղազարյանը:
Պարոն Ղազարյանը հերքեց մեզ հասած լուրերը, թե ԱԻՆ-ի տեխնիկան ղեկավարող վարորդները դժվարանցանելի ճանապարհները չեն փորձում հաղթահարել, քանի որ այդ տեխնիկայի պատասխանատվությունն իրենց վրա: Արդյո՞ք հարևան երկրները օգնություն առաջարկել են: Պարզվում է, որ կարիք չկա.
«Իհարկե, սա առաջին դեպքն է, առաջին տարին է, երբ հանրապետության բոլոր անտառները վառվում են: Աննախադեպ իրավիճակ է, բայց այս պահին մարդկային ռեսուրսների առումով խնդիր չունենք, իսկ ինչ վերաբեվում է օդային տեխնիկային, այն հնարավոր չէ կիրառել այս պայմաններում: Օդային տեխնիկան կիրառում են դաշտային պայմաններում, անտառների հրդեհաշիջման համար»:
Մուշեղ Ղազարյանը բորբոքվեց լրագրողներից մեկի հարցից, թե գուցե ԱԻՆ-ի աշխատողների անգործություն է, որ հրդեհը չի մարվում, այլ ոչ թե քամու առկայությունը: Նա նշեց, որ առանց փրկարարների աշխատանքի, բոլոր անտառները կայրվեին:
Ի դեպ, ԱԻՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ բազմաթիվ աշխատակիցներ տարակուսանքով են աշխատում դժվար պայմաններում մի քանի օր շարունակ, քանի որ նրանց կյանքին ուղիղ վտանգ է սպառնում, իսկ իրենք ընդամենը 80.000 դրամ աշխատավարձ են ստանում, իսկ պարգևավճարներ, հավելավճարները` գրեթե երբեք:
Մենք զրուցեցինք նաև «Հայանտառ» ՊՕԱԿ տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյաանի հետ:
«Հրդեհը սկիզբ է առել Նազրվան գյուղի համայնքային հողերում, թափանցել է անտառի տարածք և, քանի որ անտառում հրդեհավտանգ նպաստավոր իրավիճակ է` այս շոգ եղանակային պայմաններով պայմանավորված, հրդեհը տարածում է գտել:
Վերջին անգամ այս անտառում հրդեհ եղել է 1980-ական թվականներին, բայց ոչ վերջին տասնամյակում: Այս անտառում շատ մեծ ճանապարհային ցանց կա, պարզապես որոշ ճանապարհներ մեծ մեքենաների համար դժվարանցանելի են:
Բնակչությունը զգուշացված է եղել: Մենք ունենք հակահրդեհային միջոցառումների պլան` ինչպես շարժվեն, ինչ վարք ցուցաբերեն և այլն: Բյուրականի, Օրգովի և այլ համայնքների բնակիչները հրդեհաշիջման ակտիվ աշխատանքներ են տարել առաջին իսկ օրվանից:
Անտառում հիմնականում աճում է կաղնի, թխկի, հացենի, սոճի և այլ ծառեր: Սոճենիները հնարավոր եղավ փրկել: Կաղնիներին, կարծում եմ, մեծ վնաս չի եղել: Ամեն դեպքում, վնասների մասին ավելի առարկայական կարող ենք խոսել վեգետացիոն շրջանի սկսվելուց հետո, այսինքն` մյուս տարվա գարնանը:
Իհարկե, ունենք անտառի վերականգնման ծրագրեր: Այստեղ կստանանք ավելի արժեքավոր անտառ, քան նախկինում է եղել», վստահեցնում է Ռուբեն Կարապետյանը:
Պարոն Կարապետյանի հետ այցելեցինք անտառի խորքեր, որտեղ տեղ-տեղ մոխրացած և վառված հատվածներ կային: Մոտ 15 րոպե գրունտային ճանապարհով գնալուց հետո տեսանք կրակի փոքր օջախ, որի շուրջբոլորը որևէ մեկը չկար: Իհարկե, կրակը մեր ուժերով արագորեն հանգցրեցինք, բայց ծանր զգացողություն մնաց, որ բազմաթիվ այլ տեղերում կարող են նման օջախներ լինել: Հատկապես վտանգավոր է անտառային հաստ շերտով տորֆը, որն, ինչպես ասում են ժողովրդական լեզվով` «վառվելու համար մոմ է»:
Այցելեցինք նաև Բյուրական գյուղ, որտեղ հանդիպեցինք անտառի հրեդհաշիջմանը աշատանքներին մասնակցություն ունեցած երիտասարդների: Ահա, թե ինչ է պատում Պողոս Հովհաննիսյանը:
«Առաջին օրվանից Բյուրական համայնքի բնակիչները տեսել են կրակը, բարձրացել են վերև: Մինչ ԱԻՆ-ի հասնելը, մենք գրեթե ամբողջությամբ մարել էինք կրակը, մնացել էին օջախներ: Պետք էր պարզապես հրդեհի ողջ պարագծով ջուր լցնել, որ կրակը չտարածվեր: Մենք իմանալով, որ կրակը մարել ենք, թողել ենք ԱԻՆ-ին մնացյալ աշխատանքները, բայց հաջորդ առավոտյան տեսնաք, որ կրակն ավելի է ուժգնացել և մեծ թափով տարածվել:
Չենք կարող չնշել, որ ԱԻՆ-ում կան աշխատողները, որոնք սրտացավ, ջանասիրաբար աշխատում են: Սակայն նրանց թիվը հավանաբար 5-7 տոկոս է կազմում: Եթե նման աշխատողները կազմեին գոնե 50 տոկոս, մեր անտառից կվնասվեր մոտ 5 հեկտար տարածք: Իսկ այժմ մեր հաշվարկով 500-ից ավել հեկտար վառվել է: Նրանց նշած 80-100 հեկտարը միայն լրատվամիջոցների համար է, ասես` փոքր տարածքի մասին է խոսքը:
Հանգցնում ենք ամենահասարակ եղանակով` ճիպոտներով: Ծառերից ճյուղեր ենք պոկում և խփում կրակին: Եթե հանգցրած տեղը, իրենց սրսկման գործիքներով ջուր ցանեին, շատ ավելի արդյունավետ կլիներ: Այն տպավորություն է, որ ԱԻՆ-ը պարզապես սպասում է, թե երբ է հրդեհը հասնելու ասֆալտապատ տարածքին և ինքնըստինքյան հանգի:
Եթե հանկարծ մենք ծառ կտրենք անտառից, մեզ 50.000-ից մինչև 1.500.000 դրամ տուգանք կհասնի: Այսօր հազարավոր ծառեր են վառվել, իսկ ԱԻՆ-ը մտահոգվում է իր ինչ-որ 10.000 դոլարանոց մեքենաների համար, որպեսզի հանկարծ չքերծվի: Մեր «ժիգուլին» կամ «վիլիսն» անցնում են, ինչու իրենց մեքենաները չպետք է անցնեն», – տարակուսում է Պողոս Հովհաննիսյանը:
Օրվա վերջում զրուցում ենք Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր տեսուչ Խաչիկ դպիր Վարդանյանի հետ: Նրա խոսքը որոշակիորեն լույս է սփռում ԱԻՆ-գյուղացիներ ոչ պակաս «հրդեհավտանգ» իրավիճակին:
«ԱԻՆ-ի ղեկավարներն, ասես, հոլիվուդյան ֆիլմերի հերոսներ լինեն` իրենց ցուցադրելու առումով եմ ասում, իսկ հասարակ աշխատողները չարչարկված են սարսափելի: Ես չեմ տեսել, որ սովորական աշխատողները ջանասիրաբար չաշխատեն, ես տեսել եմ անչափ մեծ կազմակերպչական խոտան ղեկավարության կողմից:
Ինչ վերաբերվում է գյուղացիներին, նրանք շատ էմոցիոնալ են և երբեմն իրավիճակին չեն տիրապետում: Անտեղի կռվի են բռնվում ԱԻՆ աշխատողների հետ: Իսկապես կան անանցանելի ճանապարհներ եղած տեխնիկայի համար:
Երբ մենք սեպտեմբերի 6-ի, մայրամուտից հետո 5 հոգով հանդիպեցինք հերթապահություն անող փրկարարներին, հարցրեցինք, թե ինչու հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարում, պատասխանեցին, որ իրենց համար մարդկային կյանքը կարևոր է: Մենք խորացանք անտառ, մարեցինք կրակի 7-8 օջախ, իսկ որոշ տարածություն անցնելուց հետո զգացինք, որ մեր ոտքերի տակ հողը տաքանում է: Այնինչ տորֆն է տաքացած և պատրաստ այրվելու, մեկ կայծ է պակասում և մենք կհայտնվենք կրակի օղակի մեջ: Հասկացանք, որ ԱԻՆ-ի աշխատողները ճիշտ են և արագորեն հեռացանք այդ տարածքից»,- նշեց հոգևորականը:
Այսօր` սեպտեմբերի 8-ին(ժամը 09:38-ի դրությամբ), ԱԻՆ-ին պաշտոնական կայքը նշում է, որ Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհը մեկուսացած է, այժմ կա 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում: