Բուրումնավետ նարդոսի բուժիչ հատկությունները
Advertisement 1000 x 90

Բուրումնավետ նարդոսի բուժիչ հատկությունները

Հնագույն ժամանակներից օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Կիրառվել է ոջիլների դեմ։ Բույսի ծաղկաբույլը, տերևը և ցողունը փոշիացրել և օգտագործել են մոմերի մեջ։ Այրված մոմի բուրմունքը վանում է միջատներին։ Ծաղիկները հավասար քանակությամբ խառնել են պատրինջի և գայլուկի հետ և պատրաստել «քնաբեր» բարձիկներ։
Համարվել է, որ նարդոսի, դափնու, վարդի, մեխակի, սուսամբարի, թթվիճի (betonica), մշկընկույզի խառնուրդը կարող է բուժել ցանկացած հիվանդությունից։ Այս «մոգական» խառնուրդը լցրել են հատուկ պարկիկի մեջ և կախել չոր տեղում, և հպել հիվանդ մասին` հատկապես միգրենի դեպքում։

Շրթնածաղկավորների ընտանիքի (Labiatae) բույս է, տարբերվում են 25-30 ենթատեսակ։ Բնական պայմաններում աճում է Միջերկրական ծովի ժայռոտ վայրերի կավաավազային լանջերին, Հնդկաստանում։ Հիմքից սկսած` խիտ ճյուղավորված է, ծեր ծաղկակիր ճյուղերը տարածված են անկյան տակ, նոր զարգացող երիտասարդ բազմաթիվ ցողուններն ուղղաձիգ են։ Տերևները նստադիր են` երկարավուն, նշտարաձև կամ գծային, թիթեղն ամբողջաեզր է։ Ունի մինչև 60 սմ բարձրության հասնող կիսաթփի տեսք։ Զարգացման շրջանում տերևի գույնը փոխվում է` սկզբից այն մոխրագույն է, հետո` կանաչ, տակի երեսից ծածկված է գեղձային մազիկներով։

Ծաղկակիր ցողուններն ավելի երկար են, գագաթային ոչ համաչափ հասկատիպ ծաղկաբույլերում։ Ծաղկի բաժակը խողովակաձև է, մուգ մանուշակագույն, խիտ թավապատ, ծաղկապսակի վերին շուրթը կազմված է` երկու, իսկ ներքևինը` երեք ավելի փոքր թիակներից։ Պտուղը պարունակում է չորս սև ընկուզիկներ։ Մեղրատու բույս է։
Նարդոսը բնության մեջ գոյություն ունեցող առավել բուրումնավետ բույսերից մեկն է։ Այդ է պատճառը, որ բույսի ծաղիկները չեն օգտագործվում սննդի մեջ, որպես համեմունք հարգի են բույսի նվազ բուրումնավետ տերևները։ Մշակովի տեսակներից համեմունք չեն պատրաստում։

Դեռ չբացված ծաղկաբույլերից ստանում են յուղ, որը մեծ քանակություններով օգտագործվում է օճառի և օծանելիքի արտադրության մեջ։
Բույսի լատիներեն (Lavandula) անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հին Հռոմում այն ավելացրել են լոգանքի ջրին` lavare-նշանակում է` լվացվել։
Տնտեսական-արտադրական նպատակներով մշակվում է Ֆրանսիայում, Հունգարիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ուկրաինայում, Կրասնոդարի մարզում, Վրաստանում և այլուր։

Բազմանում է սերմերով, անտալիզով, տարեց բույսի բաժանումով։
Ուշ աշնանը էտեք տարեց ճյուղերը և ծածկեք բույսը, այլ կերպ այն կցրտահարվի։ Կիրառվում է չոր, քարքարոտ վայրերի կանաչապատման համար, կանխում է հողի էրոզիան։
Բուժիչ նպատակներով օգտագործում են ծաղիկը, տերևը, ցողունը։ Հումքը մթերում են ծաղկման շրջանում, հյուսում ցողունները և չորացնում։ Ծաղիկներն ավելի մեծ քանակությամբ եթերային յուղ են պարունակում, դրանք կարելի է օգտագործել ծաղկելուց 7-10 օր անց։ Թարմ ծաղիկը պարունակում է` մինչև 1, իսկ չորը` 3 տոկոս եթերային յուղեր, նաև դաբաղանյութ, ֆլավոններ, ֆիտոստերոլներ, խեժեր, դառնանյութ, ուրսոլաթթու։ Բացի եթերային յուղից` բույսից ստանում են նաև կումարին և գերնիարին։ Նարդոսի յուղը կիրառվում է թարախային վերքերի, մաշկային հիվանդությունների, նևրալգիայի բուժման համար։

Արոմաթերապիայում օգտագործվում է որպես աշխատունակությունը բարձրացնող, հոգնածությունը նվազեցնող, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը կարգավորող միջոց։ Բույսի պատրաստուկները լավացնում են ախորժակը, հանգստացնում որովայնի ցավերը, նյարդային լարվածությունը, որոշ դեպքերում` բուժում անքնությունից։

Ունի միզամուղ և մաղձը հեղուկացնող հատկություն։ Ծաղիկի թուրմը լավացնում է գլխուղեղի արյան շրջանառությունը։ Բուլղարները նարդոսի յուղով բուժում են պնևմոնիան, ռինիտը, լարինգիտը, կիրառում են ստոմատոլոգիայում։
Լայն կիրառություն ունի նաև նարդոսի մեղրը` նվազեցնում է գլխացավը, կիրառում են միգրենի, տախիկարդիայի, ականջի բորբոքման և աղմուկի բուժման ընթացքում, նվազեցնում է ոսկորների ցավը։

Ա. Ամասիացին նարդոսի բուժիչ հատկությունների մասին գրել է. «Եզնախոտ, աստուխոտոս, հուսամ, փաղանգամուշկ, լվացուկ, խուզամի։ Օժտված է փափկեցնող ու բացող հատկությամբ, ամրացնում է նյարդերն ու մաքրում է ուղեղը։ Օշարակը կօգնի ընկնավորության ու մելանխոլիայի դեպքում, կամրացնի զգայության օրգանները, կկանխի ծերացումը, կսրի բանականությունը։ Կօգնի նաև որովայնի խոռոչում գտնվող օրգանների հիվանդությունների, ինչպես նաև` զանազան ոսկրացավերի դեպքում։ Դրա ընդունման չափաբաժինը 6 գրամ է»։

Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։ Կարելի է առանց բուսայուղի հետ խառնելու` քսել մաշկին։ Լավացնում է մարսողությունը, օգտակար է բրոնխների ասթմայի դեպքում։ Կախված ալերգիկ ռեակցիայի բնույթից` օգտագործվում է լոգանքի, թրջոցի, ինհալացիայի կամ լոսյոնի մեջ։ Անփոխարինելի միջոց է սթրեսի պատճառով առաջացած ալերգիկ ռեակցիայի դեպքում։
Աղմուկ ականջներում. 10 գ նարդոսի խոտին (ծաղիկը, տերևը) ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք մինչև հովանալը, քամեք։ 2 ճ/գ թուրմը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1-ական թ/գ խնձորի քացախ և մեղր (լավ է նարդոսի), խմեք այս չափաբաժնով օրը 3 անգամ` սնվելու ընթացքում։ Հանգստացնում է նյարդերը, գլխացավը, կանխում գլխապտույտը։
Ոսկրացավ. Նարդոսի ծաղիկները լցրեք ապակե տարայի մեջ (ընտրեք կարմրավուն երանգի), վրայից ավելացեք մեղր, այնքան, որ ծածկի հումքը։ Լավ է, որ լինի թարմ նարդոսի կամ մայիսյան։ Վեց ամիս թրմեք մութ, հով տեղում։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 10 րոպե առաջ։ Այս խառնուրդն ավելացրեք ոչ տաք թեյի մեջ։ Հանգստացնում է նյարդերը, լավացնում տրամադրությունը, պարգևում հանգիստ քուն։
Գլխապտույտ. Շաքարի խորանարդիկի վրա կաթեցրեք 5 կաթիլ նարդոսի յուղ։ Օգտագործեք ըստ անհրաժեշտության, նաև գլխացավի, ախորժակի լավացման և այլ վերոգրյալ դեպքերում։

Նարդոսի պատրաստուկները կիրառեք միմիայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։