Միսն ածուխի վրա խորովելը կարող է հանգեցնել մարդու մոտ վտանգավոր մուտացիաների առաջացման, ընդ որում նման ազդեցության են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր կանգնած են մանղալի մոտ, նույնիսկ եթե նրանք խորոված չուտեն։ Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները։
Մասնագետները նշում են, որ խորոված պատրաստելիս առաջանում են պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածիններ, որոնք կարող են դառնալ գենետիկ մուտացիաների պատճառ, որոնք էլ իրենց հերթին սադրում են մահացու վտանգավոր հիվանդություններ։ Այդ նյութերն առաջանում են այն պատճառով, որ խորովվող մսի ամինաթթուներն ու շաքարները կաթում են ածուխի վրա, որտեղ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ենթարկվում են տարբեր քիմիական ռեակցիաների։ Դրանից հետո ածխաջրածինները ծխի հետ միասին բարձրանում են օդի մեջ ու այդ նյութերը մասամբ կուտակվում են նաև խորոված մսի վրա։ Հետազոտողներին հետաքրքրել է՝ արդյոք այդ նյութերը մարդու օրգանիզմում են հայտնվում արդեն խորոված պատրաստելու փուլում։
Մասնագետները իրականացրել են փորձ, որի ընթացքում կամավորները պատրաստել են խորոված, իսկ հետազոտողներն էլ նշել են, թե մասնակիցներից յուրաքանչյուրը մանղալից ինչ հեռավորության վրա է գտնվում, ինչ է հագել ու արդյոք ուտում էր խորոված։
Պարզվել է, որ վնասակար նյութերի ավելի մեծ քանակություն էր հայտնվում օրգանիզմի մեջ խորոված միսն ուտելու դեպքում, սակայն մասնագետները կասկածում են, որ մաշկի վրա հայտնվելու դեպքում այդ նյութերը կարող էին ավելի վնասակար լինել։
Ընդ որում վստահեցնում են, որ նույնիսկ երկար թևքով հագուստը լիարժեք չի պաշտպանում պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածիններից։ Ավելին, այն բանից հետո, երբ հագուստը ներծծում է ծխի վնասակար նյութերը, այդ նյութերին ավելի շատ ժամանակ է մնում հագուստից նաև մաշկի մեջ ներծծվելու համար։ Գիտնականների կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր մշտապես խորոված են պատրաստում, օրինակ մասնագիտական գործունեությունից դրդված, պետք է անպայման խորոված պատրաստելուց հետո հագուստը փոխելու հնարավորություն ունենան։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Science& Technology ամսագրում։