Թեփը գլխամաշկի խնդիր է, որը կարող է ի հայտ գալ՝ անկախ տարիքից, սեռից և մազի որակից: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք պայքարում են թեփի դեմ, սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ, որոնք ոչ միայն վերացնում են թեփը, այլև՝ վնասում են գլխամաշկը: Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու պրոցեսին: Ձեզ ենք առաջարկում տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
Ծովի աղի լուծույթ. թեփի դեմ պայքարում հրաշալի օգնում է ծովի աղով լուծույթը: Այն վերականգնում է մազերի փարթամությունը, արագացնում է մազերի աճը և ամրացնում է դրանք: Ծովի աղի բաղադրության մեջ մտնող մեծ քանակությամբ միկրոէլեմենտները դրական են ազդում գլխամաշկի վիճակի վրա: Այն նաև կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ինչն էլ կանխարգելում է չափազանց յուղայնությունը կամ չափազանց չորությունը:
Խորհուրդ ենք տալիս ծովի աղով, ձվի դեղնուցով և հացով դիմակ՝ մազերի թեփոտվածության դեմ: 2 ձվի դեղնուցը, 1 թ/գ ծովի աղն ու 3 սև հացի թրջած կտորներ խառնեք, ստացված խյուսը քսեք գլխամաշկին և մազերին, թողեք մնա 40-50 րոպե: Դիմակը լվացեք, իսկ մազերը պարտադիր կերպով լվացեք սառը ջրով:
Սոխի կճեպի թուրմ. սոխի կճեպը հրաշալի բուժիչ հատկանիշներ ունի: Կանոնավոր օգտագործման դեպքում կարճ ժամանակ անց կազատվեք թեփից: Այս թուրմը նաև լավացնում է գլխամաշկի վիճակն ու խթանում է մազերի աճը:
Թուրմը պատրաստելու համար մի փոքր քանակությամբ սոխի կճեպը խառնեք մեկ բաժակ տաք ջրով և խառնուրդը դրեք կրակի վրա, թողեք մնա 10 րոպե: Ստացված խառնուրդը քսեք մազարմատներին:
Խնձորի քացախը լավագույն միջոցն է թեփի դեմ: Խնձորի քացախը հրաշալի կերպով պայքարում է թեփի դեմ, ամրացնում է մազերը՝ փափկեցնելով դրանք: Պարզապես խառնեք կես բաժակ քացախն ու կես բաժակ ջուրը: Մի փոքր տաքացրած խառնուրդը քսեք գլխամաշկին և թողեք մնա 1 ժամից ոչ պակաս, գլուխը փաթաթեք սրբիչով:
Ալոէն լավագույն միջոցներից է թեփի դեմ: Այս բույսը կարելի է գտնել յուրաքանչյուրի տանը: Անհրաժեշտ քանակությամբ ալոէի տերևները քամեք և քսեք մազերին դրանք լվանալուց 30 րոպե առաջ: Շաբաթական առնվազն 3 անգամ կատարեք այս պրոցեդուրան:
Վստահ ենք, որ նման միջոցներն ավելի արդյունավետ և օգտակար կլինեն, քան դեղատնային միջոցները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը