Ոչ լիարժեք քունը կարող է բերել օրգանիզմի ջրազրկման
Advertisement 1000 x 90

Ոչ լիարժեք քունը կարող է բերել օրգանիզմի ջրազրկման

Ջրազրկման վտանգը զգալիորեն մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր օրական ոչ թե 8, այլ 6 և պակաս ժամ են քնում: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ եթե մարդը գիշերային քնից հետո իրեն այնքան էլ լավ չի զգում, հնարավոր է, որ նրա մոտ առկա է ջրազրկում:

Գիտնականները SLEEP ամսագրում հետազոտություն են հրապարակել, որը ԱՄՆ-ից և Չինաստանից կամավորների օրինակով ցույց է տալիս, թե քունն ինչպես է ազդում մարմնի մեջ ջրի մակարդակի վրա: Պարզվել է, որ 6-ական ժամ քնող մարդկանց մեզն ավելի խիտ է և 16-59 տոկոսով մեծ է ջրի անհամարժեք մակարդակի առկայությունը նրանց համեմատությամբ, ովքեր 8-ական ժամ են քնում:

Ամբողջ հարցն այն է, որ հորմոնալ համակարգն է կարգավորում ջրի մակարդակը. օրգանիզմում վազոպրեսին հորմոնն արտադրվում է ամբողջ օրը, սակայն քնի փուլի վերջում այս հորմոնը սկսում է ավելի արագ արտադրվել: Ուստի, եթե մարդը ոչ լիարժեք է քնում, զրկվում է «պատուհանից», որում հորմոնն արտադրվում է:

Սա էլ, իր հերթին, բերում է ջրազրկման, որն ազդում է մարմնի բոլոր համակարգերի և դրանց ֆունկցիաների վրա, ներառյալ՝ ճանաչելը, տրամադրությունը, ֆիզիկական վիճակը: Երկարատև ջրազրկման դեպքում մեծանում է միզատար ուղիների ինֆեկցիաների և երիկամային քարերի առաջացման հավանականությունը:

med.news.am