Հորմոնները հսկայական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, դրանք վերահսկում են տրամադրությունը, նյութափոխանակությունը, էներգիայի փոխանակությունը, լիբիդոն և նույնիսկ արտաքին տեսքը։ Էնդոկրին անհավասարակշռությունը տարածված երևույթ է, որը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների և ազդել գրեթե բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքի վրա։ Հորմոնների ճիշտ արտադրությունը կախված է կենսակերպից և սննդից. հենց սննդի միջոցով է օրգանիզմը ստանում նյութերը, որոնք օգտագործում է կենսագործունեության համար։
Fabisoa.com-ը գրում է, որ էնդոկրին խանգարումները վտանգավոր են թե կնոջ, թե տղամարդու առողջության համար։ Էստրոգենի բարձր մակարդակը նվազեցնում է կնոջ բեղմնավորման հավանականությունը, դրա հետևանքով կարող են առաջանալ ցելյուլիտ, երակների վարիկոզ լայնացում, նորագոյացություններ ձվարաններում և կրծքագեղձերում։ Պրոգեստերոնի ցածր մակարդակը հանգեցնում է ավելոդ քաշի, քնի խանգարման, ինչպես նաև նվազեցնում է ուղեղի ակտիվությունը։ Հորմոնալ անհավասարակշռությունը բացասաբար է ազդում մաշկի որակի վրա. այն չորանում է, թեփոտվում, կորցնում էլաստիկությունը, առողջ գույնն ու փայլը։
Հավասարակշռված սննդակարգը պետք է բավարար չափով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր ներառի։ Շատ դիետաներ առաջարկում են հրաժարվել այս կամ այն նյութերից, ինչը հղի է լուրջ վտանգներով։ Գոյություն ունի մի խումբ մթերք, որը կարող է օգտակար լինել հորմոնալ հավասարակշռության վերականգնման գործում և չի վնասում կազմվածքին։
Լոբազգիներ
Բոլոր լոբազգիները հարուստ են սպիտակուցներով և բջջանյութով, որը կարող է կարգավորել խոլեստերինի մակարդակը։ Դրանք բավական երկար են յուրացվում, ինչի արդյունքում երկար ժամանակ հագեցածության զգացում եք ունենում։ Ամենաօգտակարներից է համարվում սիսեռը, որն ազդում է էստրոգենի արտադրության վրա, կարգավորում հորմոնալ ֆոնը։ Օգտակար է նաև ոլոռը, որը հարուստ է սրտի և անոթների համար անհրաժեշտ կալիումով։
Տոֆու պանիր
Պանրի այս տեսակը խթանում է էստրոգենի արտադրությունը։ Այս մթերքը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, ինչի արդյունքում այն կարող է օգտագործվել՝ որպես այլընտրանք մսին։
Գազար
Գազարը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են կարգավորել էստրոգենի մակարդակը։ Այս հորմոնի թե բարձր, թե ցածր մակարդակը կարող է լուրջ հետևանքներ ունենալ կնոջ առողջության վրա։ Այս բանջարեղենի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել կարգավորել պրոգեստերոնի, էստրոգենի և կորտիզոլի մակարդակը, ինչը դրական ազդեցություն կունենա ինչպես՝ տրամադրության, այնպես էլ՝ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
Ժելատին
Ժելատինը մեծ քանակով օգտակար ամինաթթուներ է պարունակում, որոնք կարող են օգնել հորմոնալ հավասարակշռության վերականգնման հարցում։ Բացի այդ՝ այն նպաստում է կորտիզոլի մակարդակի նվազմանը և ապահովում վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը։
Նուշ
Ընդամենը 10-11 նուշը բավական է մեծ էներգիա ունենալու համար։ Այս մթերքը կարող է օգնել նվազեցնել տեստոստերոնի մակարդակը, ինչը ևս կարևոր նշանակություն ունի կնոջ առողջության համար։ Այն դրական ազդեցություն է ունենում կնոջ վերարտադրողական առողջության վրա, լավացնում մաշկի վիճակը. մաշկը դառնում է քիչ յուղոտ։
Ավոկադո
Այս միրգը մեծ քանակով օգտակար ճարպեր է պարունակում, որոնք նպաստում են «լավ» խոլեստերինի արտադրությանը։ Այն նպաստում է նաև լիպիդային հավասարակշռությանը։ Դրա պարբերական օգտագործման արդյունքում կարող եք լավացնել մաշկի որակը։
Քունջութի և կտավատի սերմեր
Սրանք մեծ քանակով բջջանյութ են պարունակում, ինչը դրանց ամենամեծ առավելություններից է։ Այս սերմերն օգտագործվում են աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորման նպատակով։ Դրանք դուրս են բերում տոքսինները, ինչը նպաստում է քաշի նվազմանը, կարգավորում են խոլեստերինի մակարդակը՝ դրանով նպաստելով սիրտ-անոթային համակարգի աշխատանքին։
Սա, իհարկե, մթերքների ամբողջական ցանկը չէ, որը կարող է նպաստել էնդոկրին համակարգի առողջությանը։ Խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել հետևյալ մթերքները.
- մեծ քանակով սպիտակուց պարունակող մթերք, գերադասելի է՝ բուսական ծագման
- առողջ ճարպեր. պարունակում են ավոկադոն, կոկոսի յուղը, ընդեղենը, սերմերը
- հակաօքսիդանտներ պարունակող բանջարեղեն՝ բրոկոլի, սպանախ, կաղամբ, վարունգ, կինզա, պղպեղ, սոխ, լոլիկ, գազար
- համեմունք և խոտաբույսեր՝ դարչին, քրքում, կայենյան պղպեղ, սխտոր, իմբիր, չաման։
Հանգստությունն ու ներդաշնակությունը ևս շատ կարևոր են հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար։
Ուշադրություն։ Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որը չի կարելի անուշադրության մատնել։ Դիմեք մասնագետի օգնությանը և հետևեք նրա խորհուրդներին։ Ինքնաբուժումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը