Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել․ Արթուր Մեսչյան. 24news.am
Advertisement 1000 x 90

Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել․ Արթուր Մեսչյան. 24news.am

Եթե այսպիսի կարևոր քաղաքաշինական փոփոխությունները բերելու են նրան, որ մեծագույն հաղթանակը, որ եղավ հեղափոխության ժամանակ, այդ միաձուլումը, մերձեցումը, ընդհանուր այդ սիրո զգացողությունը, եթե սկսի այսպիսի թեմաների պատճառով քանդվել, դա ինձ համար կլինի ողբերգություն:

Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օբերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման խնդրին:

«Ես կարծում եմ, որ ուժեր կան, որոնք փորձում են դա անել և, մեր մեջ ասած, դա մի քիչ ազնիվ չի, չի կարելի էդպիսի բաներ անել:  Իսկ այն, որ Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել, չգիտեմ մի երևանցի, որ այդ հարցում կկասկածի»,- ասաց Մեսչյանը:

Նրա խոսքով, ցավալի է, իհարկե, քանդելը. «Բայց եթե մի բան քանդվում է, ու այդ քանդվելու դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞: Մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք անենք»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

Նրա կարծիքով՝ բոլոր հարցերը կլուծվեն, և սրճարանների՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներն էլ աշխատանքի կտեղավորվեն. «Նույնիսկ թաղապետարանն այսօր զբաղվում է նրանց աշխատանքի տեղավորելու հարցով: Տենց բան երբևէ պատմության մեջ տեսե՞լ եք: Այսինքն, հնարավորին չափ փորձում ենք անցավ լինի այդ ամեն ինչը: Նորից ուզում եմ կրկնեմ մի բան, որ շատ կարևոր է: Մեծ քաղաքաշինական փոփոխությունները Երևանում քաղաքապետարանի քմահաճույքը չէ, դա երևանցիների պատվերն է: Եկեք երևանցիների պատվերը կատարենք և եկեք մի քիչ երևանցիներին հարգենք»,- ընդգծեց Մեսչյանը:

Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել ճարտարապետներ, ուսանողներ և հարազատներ`ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

24news.am



Նման նյութեր