Հայտնի է քրոնիկական սթրեսի նոր վտանգավորությունը
Advertisement 1000 x 90

Հայտնի է քրոնիկական սթրեսի նոր վտանգավորությունը

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել քրոնիկական սթրեսի նոր վտանգավորությունը: MedicalExpress-ը, վկայակոչելով անցկացված հետազոտությունները, հայտնում է, որ քրոնիկական սթրեսը հիպոկամպում նեյրոնալ ցողունային բջիջների (NSCs) մահ է առաջացնում:

Ինչպես հայտնի է, քրոնիկական սթրեսը կապված է դեպրեսիայի, շիզոֆրենիայի հետ եւ մեծացնում է այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հավանականությունը, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը: Միաժամանակ, ուղեղի ֆունկցիաների այս խանգարումների հիմքում ընկած մեխանիզմները ամբողջությամբ ուսումնասիրված չեն:

Պարզվել է, որ քրոնիկական սթրեսը գործարկում է նեյրոնալ ցողունային բջիջների աուտոֆագային մահվան պրոցեսը: Մի կողմից՝ աուտոֆագիան բջջի բնական, կարգավորվող մեխանիզմ է, որն ընտրում է ոչ պիտանի կամ դիսֆունկցիոնալ բաղադրիչները: Սակայն որոշակի պայմաններում այն կարող է վերափոխվել ինքնաոչնչացման պրոցեսի:

Կորեական Տեգու Կյոնբուկ գիտատեխնիկական ինստիտուտի գիտնականները կրծողների վրա կատարած փորձերի ժամանակ պարզել են, որ աուտոֆագիայի առանցքային կարգավորողներից մեկի՝ Atg7 գենի հեռացման դեպքում հաջողվում է կանխել NSCs-ի մահը, ինչի շնորհիվ ուղեղը շարունակում է գործել նորմալ ռեժիմում: Ընդունելով այս մեթոդի ոչ անվտանգ լինելը՝ գտնվել է այլընտրանքային ճանապարհ՝  SGK3 գենի էքսպրեսիայի նվազեցում, որը նեյրոնների աուտոֆագիայի տրիգեր է:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի ավելի արդյունավետորեն բուժել սթրեսի հետ կապված դեպրեսիան եւ տագնապայնությունը:

med.news.am