Գիտնականների միջազգային խումբը մշակել Է ոտքի բիոնիկական պրոթեզ, որի շնորհիվ պացիենտը քայլելիս զգում Է արհեստական ներբանի հպվելը գետնին եւ արհեստական ծնկի ծալումը: Այդ արդյունքին հասնելու համար մասնագետները պրոթեզի սենսորները միացրել են ազդրի նյարդային թելքերի հետ: Իր կայքում այդ մասին հայտնել Է Ցյուրիխի դաշնային տեխնիկական համալսարանը (ETH Zurich), որը գիտական եւ ինժեներական հետազոտությունները ղեկավարում Է Լոզանում բազավորված SensArs տեխնոլոգիական ընկերության հետ:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ բիոնիկական պրոթեզի եւ նեյրոնների միջեւ «հետադարձ կապի» առկայությունն Էապես նվազեցնում Է այն բեռնվածությունը, որը մարդն զգում Է քայլելիս: Ինչպես հայտարարել Է ETH Zurich-ի պրոֆեսոր Ստանիսա Ռասպոպովիչը, նեյրոնային փոխպատվաստներով բիոնիկական պրոթեզը դրականորեն Է գնահատվել երեք ամիս շարունակված գիտափորձի երկու մասնակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրի ոտքն անդամատված Է ծնկից բարձր:
Գիտնականները մշակել են ալգորիթմ, որը գետնին արհեստական ներբանի հպումից ստացված տեղեկատվությունը վերափոխում Է Էլեկտրական ազդակի, որն ստացվում Է մարդու նյարդային համակարգում: Այդ ազդանշանը նյարդերը հաղորդում են ուղեղին: Այդ կերպ փորձարկվողը կարող Է զգալ պրոթեզը եւ այն հարմարեցնել իր պահանջներին՝ առավելագույն հարմարության նպատակով:
Բիոնիկական պրոթեզով քայլելը պահանջում Է ավելի քիչ ջանքեր: Բացի դրանից, ավելի քիչ Է ծանրաբեռնվում նյարդային համակարգը. մարդն իրեն ավելի վստահ Է զգում: Փորձարկվողներն ստիպված չԷին ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել քայլելու վրա, եւ նրանք կարողանում Էին ավելի շատ ուշադրություն նվիրել այլ խնդիրների լուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: