Հայ ֆիզիկոսը չափել է պրոտոնի շառավիղը
Advertisement 1000 x 90

Հայ ֆիզիկոսը չափել է պրոտոնի շառավիղը

Բազմամյա հետազոտություններից հետո ամերիկյան գիտնականների խմբին՝ Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ, հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը։

Ֆիզիկոսները, օգտագործելով նոր տեխնոլոգիան, նախաձեռնել են պրոտոնի շառավիղը չափելու հերթական փորձը։ Չափումները ցույց են տվել, որ պրոտոնն ավելի փոքր է, քան կարծում էին նախկինում՝ դրա շառավիղը 0,831 ֆեմտոմետր է (երկարության միավոր, որը հավասար է տասի մինուս տասնհիգ աստիճան մետրի)։ Սա նշանակում է, որ 2018թ․ ստացված արդյունքները նորից պետք է ուղղվեն, Nature ամսագրում հայտնում են գիտնականները։

«Մենք ուրախ ենք, որ լարված աշխատանքի  եւ համագործակցության տարիները լավ արդյունքով են ավարտվում, ինչը կօգնի, այսպես կոչված, պրոտոնային շառավղի գլուխկոտրուկի լուծմանը»,- ասել է Աշոտ Գասպարյանը, տեղեկացնում է RG-ը։

Հյուսիսային Կարոլինա նահանգի գյուղատնտեսական եւ տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունները՝ Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ, 2012 թվականից անցկացվում էին ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմաս Ջեֆերսոնի լաբորատորիայում։

Պրոտոնը մատերիայի հիմնական կառուցողական բլոկներից մեկն է, քանի որ նեյրոնի հետ միասին կազմում է ատոմի միջուկը։ Պրոտոնի հատկությունները կազմում են բնական կարեւոր հաստատունների, այդ թվում Ռիբերգի հաստատունի հիմքը։ Ահա թե ինչու են երկար տարիներ ֆիզիկոսները ջանքեր թափում այդ տարրական մասնիկի գաղտնիքի բացահայտման համար։ Պրոտոնի շառավղի փոփոխություններում տարօրինակ շեղումները բանավեճերի առարկա էին դարձել։ 2010թ․ փորձը ցույց էր տվել, որ պրոտոնի շառավիղը 0,84184 ֆեմտոմետր է, ինչը, պարզվում է, 4 տոկոսով փոքր է, քան նախկին չափումերի եւ տեսական կանխատեսման արդյունքները։

2018թ․ ֆիզիկոսները կրկին նվազեցրել էին պրոտոնի շառավիղը մինչեւ 0,8414 ֆեմտոմետր, համաձայն CODATA հանձնաժողովի տվյալների, որը հետեւում է հիմնարար հաստատունների չափումների արդյունքներին։

Այնուամենայնիվ, 2017թ․ եւ 2019թ․ սկզբին երկու հետազոտական խմբեր նորից նշել էին ստանդարտ թվից շեղումները, միմյանցից անկախ նրանք գրանցել էին պրոտոնի շառավղի ավելի քիչ չափ։ Այս հանելուկը լուծելու համար Գասպարյանի թիմը կատարել է էլեկտրոնների ցրման նոր փորձ։ Պրոտոնի նոր, ավելի ճշգրիտ մեթոդով չափված շառավիղը, պարզվել է հավասար է 0,831 ֆեմտոմետրի։

Այսպիսով, CODATA-ի ստանդարտը կուղղվի, եւ գիտնականների հետազոտությունները կշարունակվեն։

news.am