Ավետիք Իսահակյանը Հովհաննես Թումանյանի մասին
Գևորգյան ճեմարանում աշակերտ եղած ժամանակս՝ 1892 թվին, մի բարեկամ ուղարկել էր ինձ Հովհ. Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից մի քանի օրինակ, որ վաճառեի ընկերներիս մեջ։
Նույն թվի աշնանը, երբ Թիֆլիս էի, գնացի Թումանյանի մոտ վճարելու գրքի գինը և այդ առիթով ծանոթանալու նրա հետ:
Ներկայացա նրան։ Նա պաշտոն ուներ Կովկասի հայոց հրատարակչական ընկերության մեջ. ի՞նչ էր պաշտոնի անունը՝ չեմ հիշում, սակայն միշտ ընկերության գրասենյակում էր։ Նա քաղցրությամբ ընդունեց ինձ, հարցրեց, թե ի՞նչ տպավորություն է թողել գիրքը աշակերտների վրա։
Մեր ուսուցիչ, բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանի համեմտությամբ առաջին գիրքը մենք գտել էինք թույլ, բայց զգացել էինք տաղանդի շունչը։
– Մենք շատ սիրեցինք ձեր պոեզիայի ժողովրդային տարերքը,- պատասխանեցի ես և արտասանեցի, իբրև ապացույց, որ սիրում ենք, մի երկու ոտանավոր այդ ոճով գրածներից, որ անգիր էի արել։
Թումանյանն ուրախ ժպտաց և իսկույն նվիրեց ինձ բանաստեղծությունների երկրորդ հատորը, որ նոր էր լույս տեսել:
Առաջին հանդիպումով շատ հաճելի տպավորություն ստացա Թումանյանից։ Վարմունքը պարզ էր և ընկերական։ Նրա դեմքը ողողված էր, կարծես, մի ներքին լույսով։ Փարթամ մազերով, աչքերը խոր ու խոհուն։ Ժպիտը միշտ ներկա էր դեմքի վրա։ Հազիվ քսան և չորս տարեկան էր, ուրախ, զվարթ, երիտասարդ:
Հաջորդ այցելությանս արտասանեցի անգիր արած մի քանի ոտանավորներ նոր հատորից։
– Վա՛հ,- բացականչեց նա,- ի՜նչ լավ հիշողություն ունեք: Ես իմ գրածներից ո՛չ մի տուն չեմ հիշում։
Հետագա հանդիպումներին, սիրտ արեցի, հայտնեցի՝ թե ես էլ եմ ոտանավոր գրում։
– Զգում էի,- ասաց նա,- խնդրեմ մեկ բերեք տեսնեմ:
Ոտանավորներիցս ընտրեցի մի տասը-տասնհինգ հատ և հանձնեցի նրան:
Օրեր անցան, սպասում էի, որ կարծիք հայտներ դրանց մասին, բայց նա լռում էր։ Մտածեցի, որ չի հավանել և երբեք էլ չհետաքրքրվեցի։ Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից՝ ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով։ Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված։ Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար՝ ամենամոտ մարզիկն են։ Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին՝ «Ասլան բալասի», հետո երկուսով ծիծաղելով, ասում էին. «էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»։
1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում։ Իջել էր հյուրանոց. ես տեղափոխեցի մեր տունը։ Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում։ Գալիս էր Թիֆլսից՝ Ախալցխայի և Ախալքալաքի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին։ Ինչ-որ միսիայով էր շրջում նա։ Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով։ Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ։ Անշուշտ, Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ։ Այդ օրերից անցել է ավելի քան 50 տարի և մոռացել եմ, թե ի՞նչ էր Օհաննեսի դերը այդ գործերի մեջ, թեև նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի և հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով և տետրակներ էր լեցնում նրանց պատմածներով:
Այդ օրերից մնում է ինձ մոտ մի թանկագին հիշատակ, մի թղթի կտոր՝ Օհաննեսի ձեռագիրը՝ «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որ նոր էր գրել:
Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երևան։
1896 թվի գարնանը Թիֆլիսումն էի: Այդ ժամանակ նոր էի ծանոթացել Դերենիկ Դեմիրճյանի հետ, որ Ներսիսյան դպրոցի աշակերտ էր: Մի երեկո նրան տարա Թումանյանի մոտ. Օհաննեսն արդեն կարդացել էր «Մուրճ» ամսագրում տպված նրա բանաստեղծությունները և գովեստով արտահայտվեց դրանց մասին։ Խոսեցինք գրական նյութերից, ապա Օհաննեսը կարդաց «Մծիրիի» իր նոր կատարած թարգմանությունը, որը մենք հավանեցինք, մեկ-մեկու նկատողություններ անելով:
Դերենիկը գնաց։ Ես գիշերեցի Օհաննեսի մոտ։ Տխուր շրջան էր. ցարական հայահալած քաղաքականությունը չարագին բնույթ էր ստացել, կառավարությունր փակել էր հայոց դպրոցները, իրար ետևից փակում էր հայ թերթերը, գրագարտններր և կուլտուրական հիմնարկները, բանտերը լցվել էին արևմտահայերի ազատագրական շարժման համակրողներով. բանտարկված էին Ղ. Աղայանը, Շիրվանզադեն:
Իսկ Թուրքիայում հայ ժողովուրդը խեղդվում էր արյան մեջ: Ցարական կառավարությունը թշնամական բացարձակ դիրք էր բռնել հայկական հարցի հանդեպ: Ստամբուլի ցարական դեսպան Նելիտովր խրախուսում էր սուլթան Համիդի ջարդերը: Մեզ հայտնի էր արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու բարբարոս ցանկությունը՝ տեսնել «Հայաստանը առանց հայերի»:
Սոսկալի մռայլ էր կացությունը. ո՛չ մի տեղից օգնություն չկար։
– Ես հասկանում եմ թուրքերին. սուլթանի վարմունքն ինձ չի զարմացնում, բայց ցարական պետության վարմունքն իսկի չեմ հասկանում. հայ ժողովուրդն ամբողջովին ռուսասեր է, ռուս պետության նվիրված: – Տխրությամբ ասաց Օհաննեսը և մտասուզված լռեց. ապա մի պահ անց՝ շարունակեց.
– Ցարական պետությունը չի ճանաչում ո՛չ իր բարեկամին, ո՛չ իր թշնամուն… մեր դժբախտությունը դրա մեջ է…
Ուշ գիշեր էր, երբ պատրաստվեցինք քնելու։ Օհաննեսը լամպը ձեռքին կանգնել էր անկողնուս մոտ:
– Ա՛յ տղա, շատ մի՛ տխրիր, վերջը լավ կլինի։ Հայ ժողովուրդը ավելի ծանր օրեր է տեսել: Մի՛ հուսահատվիր, էս էլ կանցնի:
Առհասարակ լավատեսությունը գերակշռում էր Օհաննեսի հոգում. ընկճվածությունը մի վայրկյան էր նրա մոտ։ Հավատով էր մեր ճակատագրի հանդեպ և պայծառ հեռանկարներ էր տեսնում հայ ժողովրդի առաջ։
Այդ հավատը վարակեց ինձ, ես թեթևացած կարողացա քնել:
Ամբողջությամբ՝ garun.am