Շատերն ազնվամորու մուրաբան համարում են բուժիչ ժողովրդական միջոց. հենց դրանով են սկսում կերակրել երեխաներին (ի դեպ, նաև մեծահասակներին) մրսածության առաջին իսկ նշանների դեպքում։
Արդյո՞ք իսկապես այդ մուրաբան արդյունավետ է մրսածության ժամանակ։
Ինչպես հավաստիացնում է ֆիտոքիմիայի մասնագետ Իգոր Սոկոլսկին, ազնվամորու մուրաբան, իհարկե, համեղ է, բայց օգտակարությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ։ Եթե հնարավորություն կա, մասնագետը խորհուրդ է տալիս թուրմ պատրաստել չորացրած ազնվամորուց։
«Չորացրած ազնվամորու մեջ կենսաբանորեն ակտիվ նյութերի խտությունն ավելի բարձր է, քան մուրաբայում, և շատ ավելին է, քան թարմ ազնվամորու մեջ, որն 90 տոկոսով բաղկացած է ջրից»,- նշել է Սոկոլսկին «Արգումենտի ի ֆակտի» թերթի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ չորացրած ազնվամորուց պատրաստված մեկ բաժակ թուրմի մեջ պարունակվում են նույնքան օգտակար նյութեր, որքան 0.5 կիլոգրամ մուրաբայի։ Բացի այդ, մուրաբայի մեջ շատ շաքար և կալորիաներ կան, ինչն այնքան էլ օգտակար չի դարձնում այն։
Բացի այդ, չորացրած ազնվամորու թուրմը առանց երկյուղելու կարող են խմել շաքարային դիաբետով տառապող պացիենտները, իսկ մուրաբան նրանց խստիվ հակացուցված է, ընդգծել է մասնագետը։