Բրինձը համարձակորեն կարելի է անվանել աշխարհում ամենատարածված խավարտներից մեկը: Սակայն ոչ բոլոր բրինձերն են օգտակար առողջության համար: Սպիտակ բրինձն, օրինակ, վերամշակման հետևանքով կորցնում է իր սննդարար նյութերի մեծ մասը, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանից՝ հօգուտ շատ ավելի առողջ գորշ բրնձի:
Ինչպես հայտնում է Food.news-ը՝ գորշ բրնձի մեջ պարունակվում են սպիտակուցներ, կարևոր հանքային նյութեր և մեծ քանակությամբ բջջանյութ, ինչը օգտակար է աղիների աշխատանքի համար: Բացի այդ, գորշ բրինձը պարունակում է սելեն և շատ հակաօքսիդանտներ: Սա նշանակում է, որ այն կարող է նվազեցնել մարմնում բորբոքային պրոցեսների սրությունը:
Գորշ բրինձը սրտի համար նույնպես օգտակար է համարվում՝ սելենի և մագնեզիումի պարունակության շնորհիվ, որոնք կանխում են անոթներում խոլեստերինի կուտակումը: Իսկ խոլեստերինի մակարդակի բարձրացումը կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի բարձրացման հետ:
Որոշ մասնագետներ կարծում են, որ գորշ բրնձի օգտագործումը սելենի և հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ կարող է նվազեցնել քաղցկեղի, այդ թվում՝ հաստ աղիքի և կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը։