Նախկինում տնային տնտեսուհիները մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն հրաշալի կերպով վնասազերծում է մանրէները:
Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին, որ այն մարդուն վերադարձնում է առողջությունն ու երկարացնում է կյանքը: Հենց այդ պատճառով էլ մանրացրած ուրցն օգտագործվում էր ուշաթափությունների դեպքում. այն «ուշքի բերելու» վարպետ է: Այս հոտավետ խոտաբույսն օգտագործվել է նաև կախարդանքների մեջ:
Ուրցի օգտակար բաղադրիչներից մեկը թիմոլ պարունակող եթերային յուղն է: Գիտնականները պարզել են, որ այն ունի հականեխիչ և հակասնկային հատկանիշներ: Ուրցը խորհուրդ է տրվում բրոնխիտի, ասթմայի դեպքում: Ուրցի բաղադրության մեջ մտնող դուբիլային տարրերն ունեն արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն: Ֆիտոնցիդները խթանում են էնդոկրին համակարգի աշխատանքն ու լավացնում են ինքնազգացողությունը:
Ուրցից պատրաստված թեյը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ի դեպ, ուրցը չի սիրում մետաղյա տարաներ, այնպես որ, ճենապակյա տարայի մեջ պատրաստեք:
Մի փունջ ուրցի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի 20 րոպե: Ուրցի թեյը հաճելի համ ունի և չափազանց օգտակար է: Այս թեյը խորհուրդ է տրվում տալ ռախիտ հիվանդությունով տառապող երեխաներին և քնի խանգարումներ ունեցող մեծահասակներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը