Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Հնչյուն և լռություն: Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը:
«Երաժշտությունը ժամանակի մեջ հնչյուն և լռություն համադրելու արվեստն է: Արվեստի բոլոր արդի ճյուղերի նման, այն հազարավոր տարիների ճանապարհ է անցել: Բանական մարդուն կենդանական աշխարհից զատող գործոնների մեջ երաժշտական արվեստը համարվում է վեհագույնն ու աստվածայինը»,- այսպես է բնորոշում հավաքածուն ցուցահանդեսի համադրողը՝ Նայիրի Խաչատուրեանը:
Հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ. այս ամենը մեկտեղվել ու ստեղծվել էր յուրօրինակ ցուցադրություն, որտեղ միահյուսվել են ժամանակը, պատմությունը, ազգայինն ու մշակույթը:
Ցուցադրության հիմնական նպատակն է՝ հանրությանը ներկայացնել նվագարանների ստեղծման և զարգացման պատմությունը, դրանց կենցաղավարումը, գործառույթները, ինչպես նաև երաժշտի ու վարպետի դերը պատմության հոլովույթում։
Ցուցադրված ղողանջող գործիքները պատկանում են երաժշտական գործիքների հարկանային խմբին: Զանգերը, որոնց հիմնական ձևն անփոփոխ է մնացել, միշտ ունեցել են երկակի գործառույթ՝ կանչել և վանել: Դրանք աղոթքի, հավատքի և արդարության կոչ են անում և ազդարարում ժամանակը, վանում են չարն ու բացասականը:
Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս՝ բացահայտելու նվագարար-վարպետի կերպարը, ով օգտագործելով բնության տարրերն ու նյութերը, կենդանիների մարմնի տարբեր մասերը՝ պատրաստել է իր նվագարանը, ինչպես Արարիչը՝ մարդուն: Այս ամենի ապացույցն է, օրինակ, Գառնիից հայտնաբերված փոքրիկ սրինգը, որը պատրաստվել է արագիլի ոտքի ոսկորից:
Ցուցադրվեցին նաև երաժշտական այլ գործիքներ՝ թառ, սանթուր, քամանչա, ուդ, քանոն, դհոլ, որոնցով ստեղծված երաժշտությունն այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրելու տեղադրված հատուկ սարքերի միջոցով:
Ցուցադրությունը կրում էր նաև ինտերակտիվ բնույթ՝ այցելուները կարող էին ցուցադրված երաժշտական գործիքներից մի քանիսն ինքնուրույն նվագել: Սա հատկապես հետաքրքիր էր փոքրիկ այցելուների համար:
Ցուցադրությունն ուղեկցվում էր դուդուկահար Նորայր Քարտաշյանի կողմից երաժշտական կենդանի կատարմամբ:
ԱԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լուսանկարները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կայքէջից