Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 26-րդ տարեդարձը: Այսօր տոն է բացառապես բոլոր հայերի համար` անկախ բնակության վայրից: Արդեն 26 տարի է, հայկական հողն ու երկինքը անկախ է ու ազատ, և չնայած 26 տարիների ընթացքում մենք հաճախ ենք պատճառներ ունեցել պայքարելու ու պաշտպանելու մեր հողերը, դրան զուգահեռ քիչ չեն եղել կորուստներն ու բացթողումները, բայց ձեռքբերումները ևս շատ զգալի են, կարևոր և արժևորված:
Այս օրերին տասը տարի անց Հայաստանում է գտնվում ամերիկաբնակ դերասան Լևոն Շարաֆյանը, ով Life.panorama.am-ի հետ զրույցում ոչ միայն իր շնորհավորանքն ու բարեմաղթնանք է հղել հայ ժողովրդին, այլև խոսել իր համար զգալի թերությունների մասին:
«Իհարկե, շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ, ես երջանիկ եմ, որ իմ երկիրը դարձել է անկախ, բայց, ըստ իս, անկախությունը օրենքների կիրառումն է: Եթե կան օրենքներ, ապա դրանք պետք է կիրառվեն բոլորի կողմից` սկսած վերևից, մինչև ներքև: Ես նկատում եմ, որ մեր երկրում օրենքները ոչ բոլորի համար են, կարծես թե օրենքները միայն ընտրողների համար են, վերևներից շատերը դրանք պարզապես չեն կիրառում, դրա համար էլ սովորական մարդկանց մոտ հարցեր են առաջանում` ինչո՞ւ նրանց ամեն ինչ կարելի է, մեզ` ոչ: Այստեղից էլ սկսում է անօրինականությունը: Անկախությունն անարխիա չէ, անկախությունը խիստ օրենքների կիրառումն է»,- նշեց Լևոն Շարաֆյանը:
Հետաքրքրվելով, թե տասը տարվա բացակայութունից հետո քաղաքի արտաքին տեսքից զատ, ինչպիսի՞ փոփոխություններ է տեսնում, դերասանը պատասխանեց.
«Ես եկա ու տեսա մի ուրիշ քաղաք և դա բնական եմ համարում, չէ որ ես ինքս էլ փոխվել եմ տասը տարիների ընթացքում` ալեհեր եմ դարձել, կնճիռներս են ավելացել: Ես ուրիշ է 60-ում և լրիվ ուրիշ եմ 70-ում: Սխալ կլիներ, եթե մտածեի, որ պետք է գամ ու տեսնեմ էն հին Երևնանը: Իհարկե, շատ նորակառույց շենքեր հավանեցի, բայց նաև նկատեցի, որ չափից ավելի շատ են դրանք ու միշտ չէ, որ սազում են կողքի շենքերի հետ: Կարծում եմ` բավական է կենտրոնում շենքեր կառուցելը, արդեն կարելի է համայնքների վրա ուշադրություն դարձնել: Ուրախ եմ նաև, որ մարդիկ ևս փոխվել են: Եթե առաջ կմտնեի խանութ և իմ բարևին ոչ մեկ չէր պատասխանի, ապա այսօր մարդիկ ժպիտով են ողջունում իրար, փողոցում էլ ժպիտով են քայլում: Նկատելի է, որ մեր նոր սերունդն է անչափ գեղեցկացել, նրանք սկսել են եվրոպական ոճով հագնվել, ինչը շատ գեղեցիկ է: Միայն մի բան է մեր երիտասարդությանը պակասում` նրանք այնքան էլ գրագետ չեն: Ցավոք, չգիտեմ, ինչից է, բայց մեր երիտասարդությունը գնալով ավելի քիչ է ընթերցում ու չի հասկանում դրա կարևորությունը: Եթե մենք ունենանք գրագետ սերունդ, ապա դրանով կզարգանա նաև մեր հանրապետությունը: Ոչ մի երկրի տգետ մարդիկ պետք չեն, քանի որ առաջ չի գնա այդ երկիրը: Ինչպես Ճապոնիայում, Իսրայելում կատարվեց, երբ նրանց երիտասարդները սովորեցին Եվրոպայում ու հետ գնալով իրենց երկիր` դրանք դարձրին խոշոր պետություններ: Դժբախտաբար մեր երկրում անկախությունից հետո պայմաններ ստեղծեցին, որ մարդիկ հեռանան այս երկրից: Ես հիշում եմ, թե ինչպես մեր առաջին նախագահը հայտարարեց, որ ընտանիքներից մեկ-երկուսը պետք է գնան արտերկիր` գումար աշխատելու: Անգամ անվճար ավտոբուսներով ապահովեցին նրանց տեղափոխումը, որից 70%-ն այլևս չվերադարձան. Դա հետընթաց էր մեր երկրի համար: Երևի մեր պետությունը չհասկացավ, թե ինչ բան է անկախությունը»:
Զրույցի վերջում Լևոն Շարաֆյանն իր բարեմաղթանքը հղեց հայ ժողովրդին.
«Մեր ժողովրդին մաղթում եմ համբերություն, բայց դրա հետ միասին նաև աշխատանք: Աշխատանքի բացակայությունը ժողովրդի մեղքը չէ: Իհարկե, ես չեմ ասում, թե Երևանում աշխատանք չկա, բայց եղածը բավարար չէ, աշխատավարձներն էլ խիստ քիչ են: Պետք է ստեղծվեն պայմաններ, որ մարդն իրեն լավ զգա ու հաճույքով գնա աշխատանքի: Մի քիչ պրոֆեսիոնալիզմն է պակասում բոլոր ոլորտներում: Կցանկանամ, որ ամեն մեկն իր գործում պրոֆեսիոնալ լինի: Շնորհավորում եմ բոլորիս, թող մեր անկախությունը հարատև լինի և օրենքներին էլ լինեն բոլորիս համար` առանց բացառությունների»,- ավարտեց նա: