Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը եզակի է ոչ միայն ժամանակակից սարքավորումներով, մատուցվող բազմաթիվ ծառայություններով, այլ նաև բժշկական սպասարկման բարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանն այս տեսակետը հայտնեցին ոլորտի մասնագետները, պաշտոնատար անձինք:
«Մեր ձեռքբերումն այս կենտրոնի ներկայությունն է մեր քաղաքում: Ուզում եմ հիշեցնել, որ 2-3 սենյականոց փոքր կենտրոնը վերածվեց հզոր, նորագույն սարքավորումներով հագեցած հեղինակավոր մի կենտրոնի»,-ասաց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու հավելեց՝ ամեն մի փրկված կյանք խոսում է կենտրոնի աշխատանքի մասին:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մեր ակնառու հաջողություններից մեկն է: Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնը, որը հետագայում վերափոխվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի: Ուրախ եմ, որ որպես ՀՀ առողջապահության նախկին նախարար, 20 տարի առաջ կանգնած եմ եղել այս կենտրոնի ստեղծման ակունքներում: Հաճելի է տեսնել այն հաջողությունները, որոնք արձանագրել է կենտրոնն անցած տարիների ընթացքում՝ դառնալով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը»,-ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանը կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանին պարգևատրեց ՀՀ ազգային ժողովի պատվոգրով, իսկ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին՝ ՀՀ ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կարծիքով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի դերն անուրանալի է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում: «Քաջ հայտնի է, թե 20 տարի առաջ ինչպիսի առողջապահական խնդիր էր կրծքագեղձի քաղցկեղը: Կենտրոնը եզակի է ոչ միայն ժամանակակից սարքավորումներով, մատուցվող բազմաթիվ ծառայություններով, ԱՄՆ-ի տարբեր կլինիկաներում վերապատրաստված մասնագետներով, այլ նաև կառավարման և բժշկական սպասարկման բարձր մակարդակով»,-ասաց նախարարն ու հավելեց՝ ուշագրավ է, որ ոչ բժիշկների կողմից հիմնադրված այս կենտրոնը կարևոր դերակատարություն ունեցավ ոչ միայն մեծաթիվ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, այլ նաև հայ կանանց հոգեբանությունն ու մտածողությունը փոխելու գործում:
Նախարարը կենտրոնի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի խորհրդի անդամներին պարգևատրեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Ռիտա Պալյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը: Հիշեց, թե ինչպես է ԱՄՆ առաջին տիկինն ասել, որ անհրաժեշտ է օգնել զարգացող պետությունների կանանց հաղթահարելու կրծքագեղձի քաղցկեղը: Դրա համար մամոգրաֆիայի սարքի կարիք կար: Դրանից հետո դիմել է Հրանուշ Հակոբյանին, և միասին հաջող կերպով իրականացրել են այդ ծրագիրը: «Այս կենտրոնը ստեղծելով՝ մենք այսօր փրկել ենք ավելի քան 6000 կանանց կյանքեր: 80 փոխանակման ծրագրեր ենք կազմակերպել՝ բերելով 16 բժիշկների՝ վերապատրաստելու մեր բժիշկներին: Ամերիկյան սկզբունքներով մենք ստեղծեցինք այս կենտրոնը»,-ասաց նա:
Հայաստանում ԱՄՆ-ի միջազգային զարգացման երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերն ընթերցեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ուղերձը՝ ուղղված կենտրոնին: «Իմ շնորհավորանքն եմ հայտնում Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի 20-ամյակի առթիվ: ԱՄՆ-ի համագործակցությունն այս կենտրոնի հետ սկսել է 1998-ին: Հայերը օգտվում են վերջին տեխնոլոգիաների և բարձրակարգ մասնագետների ծառայություններից, որոնք համապատասխանում են միջազգային բարձրագույն ստանդարտներին: Շատ մարդիկ, ում կյանքը փրկվել է, պետք է շնորհակալ լինեն կենտրոնին: Հպարտ եմ, որ ԱՄՆ կառավարությունն այս ծրագրի աջակիցն է: USAID-ի միջոցով մենք ապահովում ենք 5.2 մլն դոլար և կես միլիոն դոլար ամերիկյան դպրոցներից՝ աջակցելու այս կենտրոնին: Եվ մենք հավատում ենք, որ այն արդյունավետ կերպով է ծախսվում»,-փոխանցեց Դեբորա Գրիզերը:
Կենտրոնի ծառայություններից օգտվում է օրական 150-200 մարդ: 20 տարիների ընթացքում 404.000 այցելուի մատուցվել է ավելի քան 513.000 հետազոտություն: Կենտրոնի բացման օրից մինչ օրս կատարվել է 227.000 կրծքագեղձի հետազոտություն, հետազոտվել է 1460 տղամարդ այցելու: