Estet-portal.com-ը գրում է, որ եղունգները շերտավորվում են բարդ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են քրոնիկական հիվանդությունները, վիտամինների ու միկրոէլեմենտների անբավարար քանակը և այլն։
Ինչու են շերտավորվում եղունգները. ներքին և արտաքին գործոններ
Արտաքին աշխարհի բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի ցանկացած համակարգի գործառույթի խանգարումը հանգեցնում են եղունգների թուլացման. դրանք դառնում են ավելի փխրուն, սկսում շերտավորվել, տգեղ տեսք ստանում։ Խնդրից ազատվելու տակտիկան կախված է այն առաջացնող գործոններից։
Արտաքին գործոններ
- Քիմիկատների ազդեցություն՝ լվացող միջոցներ, կենցաղային քիմիա, սպիրտ, ացետոն։ Լաքի հեռացման համար ընտրեք միջոց, որն ացետոն չի պարունակում։ Ձեռնոց կրեք տանն աշխատանք կատարելիս։
- Չափից շատ խոնավեցում։ Ջրի հետ մշտական շփման արդյունքում վնասվում է եղունգի պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով այն կոտրվում է։ Ձեռնոց կրեք, իսկ ջրի հետ շփումից հետո խոնավեցնող կրեմ օգտագործեք։
- Մեխանիկական վնասվածքներ։ Երաժշտական գործիքի պարբերական օգտագործումը, համակարգչի ստեղնաշարից անընդհատ օգտվելը միկրոսկոպիկ մակարդակում վնասում են եղունգները։
- Սխալ խնամք։ Եղունգների մշակման սխալ տեխնիկան, բութ գործիքները վնասում են դրանք։
- Սնկային վարակ։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է ոտքերի շրջանում, սակայն կարող է ախտահարել նաև ձեռքերի եղունգները։
Ներքին գործոններ
- Գենետիկ նախատրամադրվածություն։ Կերատինի ձևավորման արագությունը փոխանցվում է գենետիկորեն։
- Ոչ ռացիոնալ սնունդ։ Վիտամինների անբավարար քանակն ու վնասակար մթերքի օգտագործումը կործանարար ազդեցություն են ունենում օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների վրա։ Եղունգներն ու մազերը տուժում են առաջին հերթին։
- Նյութափոխանակության, սիրտ-անոթային և նյարդային համակարգի գործունեության հետ կապված հիվանդությունների առկայություն։
Ինչպես ազատվել խնդրից
Եղունգների շերտավորման դեմ պայքարը հարկավոր է սկսել՝ վեր հանելով այն խնդիրը, որի ազդեցությամբ դրանք վնասվում են։ Կախված պատճառից՝ բուժման եղանակները տարբեր են։ Հատուկ պրեպարատներ կարող է նշանակել միայն բժիշկը։
Ինչպես ամրացնել եղունգները տնային պայմաններում
1-ին քայլ։ Շտկեք սննդակարգը, վերականգնեք վիտամինների ու միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Ընդունեք անհրաժեշտ քանակով սպիտակուցներ, այդ թվում՝ ձու, ձուկ, միս, պանիր, կաթնաշոռ։ Ընտրեք մթերք, որը հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով՝ խնձոր, ցիտրուսային մրգեր, կաղամբ, գազար, կաթնամթերք։
2-րդ քայլ։ Ճիշտ խնամեք եղունգները։ Եղունգներին բուժիչ և ամրացնող լաք քսեք, դիմակներ և ամրացնող վաննաներ օգտագործեք։
3-րդ քայլ։ Մի մոռացեք տնային բաղադրատոմսերի մասին, որոնք նախատեսված են եղունգներն ամրացնելու համար՝ ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ, իլանգ-իլանգի եթերային յուղ, ծովի աղով վաննաներ։ Եղունգներն ամրացնելու համար խորհուրդ է տրվում նաև ժելատինով դիմակներ օտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը