Բրիտանացի հնագետները Քալաթգա Դարբանդ իրաքյան բնակավայրում հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու կորուսյալ քաղաքը: Այն հնարավոր չէր լինում գտնել 2000 տարվա ընթացքում: Սակայն անօդաչու սարքի նկարահանման շնորհիվ գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են հնադարյան ավերակները, հաղորդում է New York Post-ը:
Սկզբնապես հնադարյան քաղաքի գտնվելու վայրի մասին հայտնի էր դարձել 1960-ականներին արված ԱՄՆ լրտեսական տեսագրությունների շնորհիվ: Պատկերները հրապարակվել էին 1996թ., սակայն քաղաքական անկայունության պատճառով հնագետները չէին կարողանում հետազոտել տեղանքը շատ տարիների ընթացքում:
Անօդաչու սարքից ստացված պատկերների մշակման ժամանակ հնագետները հայտնաբերել են ցորենի ու գարու դաշտերի տակ թաքնված մեծ ուղղանկյուն շենքի ուրվագծեր: Ըստ Ջոն Մաքգիննիսի, մ.թ.ա. առաջին և երկրորդ դարերի ընթացքում այստեղ քաղաք է եղել, որը ակնհայտորեն կրել է հունական ու հռոմեական ազդեցության հետքեր: Պեղումների ժամանակ Բրիտանական թանգարանի գիտնականները հայտնաբերել են գունավոր կավից կղմինդրեր և արձաններ:
Ալեքսանդր Մեծը հիմնել է քաղաքը մ.թ.ա. 331թ., իսկ հետո այստեղ բնակություն է հաստատել իր արշավների երեք հազար վետերանների հետ: Հետազոտողները գտնում են, որ Քալաթգա Դարբանդը, որը քրդերենից թարգմանվում է մոտավորապես որպես «լեռնանցքի ամրոց», գտնվում է երթուղու վրա, որով անցնում էր կայսրն իր զորքով, որպեսզի հարձակվի Պարսկաստանի Դարեհ III-ի վրա մ.թ.ա. 331թ.: