«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը մի քանի հաջողություն է արձանագրում, որ ձեռք է բերվել ծրագրի իրականացման արդյունքում:
Առաջին՝ հանրապետությունում գույքագրվել էր 2029 աղբավայր, դրանից 1522-ը փակվել է, 221-ը ենթակա է փակման, 286-ը ժամանակավորապես կշահագործվի որպես հիմնական աղբավայր և մինչև 2018 թ.-ի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Երկրորդ՝ աղբահանության և սանիտարական մաքրման նոր պայմանագրեր են կնքվել 9479 իրավաբանական անձանց հետ: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի կանխատեսումներով` այդ թիվն աճելու միտում ունի, և դա կնպաստի նաև աղբահանության որակի բարելավմանը, ստվերային եկամուտների կրճատմանը:
Երրորդ՝ աղբահանության վճարների հավաքագրումն ավելացել է 30%-ով, որոշ դեպքերում՝ 2 անգամ ավելի:
Վերամշակողների հետաքրքրությունը կմեծանա աղբի ծավալը մեծանալու դեպքում, իսկ դրան հասնելու նախադրյալներ կան՝ հանրապետությունում նախատեսվում է ունենալ 5 աղբավայր: Պրն Տերտերյանի ասելով՝ վերամշակողներն արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում, և աղբավայրերի ծրագիրն իրականություն դարձնելուց հետո տեսակավորված աղբի վերամշակման հարցը ինքնաբերաբար կկարգավորվի:
Առայժմ աղբի տեսակավորման և վերամշակման 2 ծրագիր է իրականացման ընթացքում. Եվրամիության տրամադրած դրամաշնորհով Կապան քաղաքում կստեղծվի շինանյութերի արտադրամաս, որի համար որպես հումք կծառայեն աղբից տարանջատված պլաստիկ թափոնները:
Հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն աղբի վերամշակման գործարան կկառուցի Արմավիր քաղաքում: Նախագծային աշխատանքներն ավարտվել են: Աղբի վերամշակումն իրականացվելու է 3 փուլով: Նախատեսվում է 22 000 գունավոր կոնտեյներ տեղադրել բնակավայրերում, որտեղ տեսակավորվելու է աղբը, 2-րդ փուլում արտադրվելու է բիոգազ, 3-րդ փուլում՝ աղբի մնացորդը նորից վերամշակվելու է՝ ստանալով եվրոդիզել 6 վառելանյութը: Ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովը նաև կանխարգելիչ միջոցներ է նախատեսել՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար կկիրառվենտուգանքներ: Վերջերս հրապարակվեց «Համայնքային թափոնների կառավարման» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը:
Այդ օրենսդրական փոփոխությունների հետ հանձնաժողովը մեծ հույսեր է կապել. «Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվ-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման միասնական մոդելներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձանց գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել մշտադիտարկման միասնական համակարգ»:
Առաջարկվում է նաև խստացնել վարչական պատասխանատվությունը՝ աղբահանումը չկազմակերպողների համար:
Համայնքներում աղբահանություն կազմակերպողները համայնքների ղեկավարներն են, և նրանք աղբահանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը կարևորում են այնքանով, որքանով այն խորթ չէ իրենց մտածելակերպին ու պատկերացումներին: Ըստ այդմ, գյուղական համայնքների գերակշիռ մասում աղբահանում չի իրականացվում: Լավագույն դեպքում, աղբը պարզապես հեռացնում են տների բակերից ու փողոցներից, և շրջակա միջավայրը վերածում աղբանոցների: Այսպես էին գոյացել հազարավոր աղբանոցներ:
Գործող օրենքը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է աղբահանություն կատարել, բայց բնակչությունից աղբի վճար գանձելը թողել է նրա հայեցողությանը: «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական վճարների հետևյալ տեսակները …»: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով աղբահանության վճարի դրույքաչափը համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար սահմանվել է ամսական 0-ից մինչև 400 դրամ: Որոշ համայնքների ղեկավարներ այդ հանգամանքն ընդգծելու համար ավագանու որոշումով աղբի վճարը 0 դրամ են սահմանել (Վարդենիս քաղաքը):
Եթե բնակիչներից աղբի վճար գանձեն՝ նրանք անպայման համապատասխան որակ կպահանջեն ծառայություն մատուցողից: Պրն Տերտերյանն էլ է համոզված դրանում, բայց՝ իրավաբանական անձանց մասով՝ «այդ հանգամանքը կնպաստի նաև աղբահանության որակի բարելավմանը»: Որպես ծրագրի հաջողություն ներկայացվող իրավաբանական անձանց հետ կնքված 9479 պայմանագրերը հարկադրանքի արդյունք են: Եթե վարչապետը նույն խստությամբ շարունակի համայնքի ղեկավարներից պահանջել մաքուր պահել իրենց տարածքը՝ կատարելու են, բայց այլ ծառայությունների՝ գրադարանը փակելու, գիշերային լուսավորությունից զրկելու, մանկապարտեզների սնունդը և աշխատաժամը կրճատելու հաշվին և այլն:
Ամբողջությամբ՝ hetq.am