Հայկական ազգային կինոակադեմիայի որոշմամբ` այս տարի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Ֆիլմն ընտրվել է կինոյի ոլորտում ավանդ ունեցող մարդկանցից կազմված հանձնաժողովի կողմից։ Tert.am Life–ը ֆիլմի մասին խոսել է ռեժիսորի և Հայկական կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանի հետ։
Ֆիլմը դեռ պետք է անցնի Օսկարի նոմինանտների նախընտրական փուլը։ Նախորդ տարի Հայաստանից նույն անվանակարգում հայտագրվել է «Երկրաշարժ» ֆիլմը, որն «Օսկարի» հանձնաժողովը համարել է ոչ հայկական, քանի որ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծ մասը Հայաստանից չէր։ Մեզ հետաքրքրեց` արդյոք «Եվա» դրաման, լինելով հայ–իրանական համատեղ արտադրանք, չի արժանանա նույն ճակատագրին։
«Խնդիրն «Օսկար»–ի վարած քաղաքականությունն է։ «Երկրաշարժ» ֆիլմի ստեղծագործական կազմի որոշ մասնակիցներ հանդիսանում են երկքաղաքացի` Հայաստանի և Ռուսաստանի։ «Օսկարի» հանձնաժողովը որոշեց, որ երկքաղաքացիությունները պետք է հաշվեն հօգուտ Ռուսաստանի։ «Եվա» ֆիլմի դեպքում մենք երկքաղաքացի մասնակցիներ ունենք և վտանգ կա, որ այս տարի ևս կկանգնենք նույն խնդրի առաջ, բայց այդ ամենը նախապես որոշել կամ կարգավորել անհնար է»,– ասաց Րաֆֆի Մովսիսյանը։
Ֆիլմը դրամատիկ պատմություն է հետպատերազմյան ժամանակաշրջանում ընտանիքում հնարավոր դրամաների և զարգացումների մասին։ Րաֆֆիի խոսքով` գեղարվեստական նշանակությունից բացի «Եվա» դրաման ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ այն ստեղծվել է հայ–իրանական հարաբերությունների արդյունքում, իսկ գործողությունները կատարվում են Արցախում։
Ամբողջությամբ՝ life.tert.am