Սննդակարգում մեծ քանակության մանուշակագույն կարտոֆիլի ու այլ վառ գույնի մրգերի կամ բանջարեղենի առկայությունը նվազեցնում է հաստ աղիների քաղցկեղի ու աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։
Այդ բանջարեղենում, գիտնականների խոսքով, պարունակվում են անտոցիանիններ ու ֆենոլաթթուներ, որոնց կապը քաղցկեղի կանխարգելման հետ մինչ այդ հայտնի է եղել։
Գիտնականներն իրենց հետազոտությունը իրականացրել են խոզերի օգնությամբ, որոնց բարձր կալորիական սննդակարգի հետ միասին տվել են նաև մանուշակագույն կարտոֆիլ։ Ու դա օգնել է խորխի մեջ վեց անգամ նվազեցնել ինտերլեյկին-6-ի մակարդակը՝ հսկիչ խմբի համեմատ։ Ինտերլեյկին-6-ը բորբոքման պրոցեսի համար կարևոր սպիտակուց է ,ու դրա բարձր մակարդակը կապակցված է մի շարք սպիտակուցների՝ օրինակ Ki-67-ի հետ, որը պատասխանատու է քաղցկեղի աճի ու տարածման համար։
Գիտնականների խոսքով՝ հետազոտությունների ընթացքում իրենք օգտագործել են թե հում, թե ջեռոցում պատրաստված մանուշակագույն կարտոֆիլ։ Արդյունքը նույնն է եղել։
Մասնագետները շեշտում են, որ վառ գույնի բանջարեղենում ու մրգերում կան նաև շատ այլ վիտամիններ, ֆլավոնոիդներ, կարոտինոիդներ, որոնք ըստ երևույթին ազդում են ինտերլեյկին-6-ի քիմիական ուղու վրա։ Եթե համեմատենք սովորական ու մանուշակագույն կարտոֆիլը՝ ապա հենց վերջինում է դիտարկվում հակաբորբոքային ու հակաօքսիդանտային միացությունների առավել բարձր խտություն։
med.news.am