Հայ երեխաները հիշողությունը զարգացնում են ճապոնական մեթոդով. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ երեխաները հիշողությունը զարգացնում են ճապոնական մեթոդով. armeniasputnik.am

Աբակ-հաշվիչ սարքի գնդիկների միջոցով հաշվարկը վարժեցնում է վայրկյանների ընթացքում մաթեմատիկական գործողություններ անել, նախ` պարզ գումարում ու հանում, հետո` բաժանում ու բազմապատկում: Մենթալ թվաբանության կենտրոն է գործում նաև Գյումրիում, որտեղ երեխաները սովորում են արագ հաշվելու ու միտքը մարզելու գաղտնիքը։

«Ի տարբերություն սովորական մաթեմատիկա առարկայի, մենթալ թվաբանությունը երեխաների համար ավելի հետաքրքիր է՝ պարապմունքները հիմնականում շաբաթական 1 կամ 2 անգամ են լինում, պրոցեսի ընթացքում գործածվում են ապակ-հաշվիչ սարքն ու քարտերը։ Միակ պարտադիր պայմանն այն է, որ երեխան պետք է թվաճանաչ լինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրիում գործող կենտրոնի մենթալ-թվաբանության մանկավարժ-ուսուցիչ Աննա Կարապետյանը։

Նրա խոսքով`ամեն ինչ կապված է մատների շարժման հետ, ինչի շնորհիվ սկսում է մարզվել երեխայի ուղեղը: Մանկավարժը նշեց, որ փոքրերի համար ավելի հեշտ է յուրացնել այս մեթոդը:

Մենթալ թվաբանություն առարկան այսօր շատ երկրների կրթական առարկաներից է: Հայաստանում Ապակ-կենտրոները դեռ շատ չեն, Երևանում մենթալ թվաբանության 3-4 կենտրոն կա, որոնցից մեկն էլ մասնաճյուղ ունի նաև Գյումրիում: Մասնագետները նշում են, որ այս մեթոդը դրական ազդեցությունը կարող է ունենալ նաև այն երեխաների վրա, որոնք դանդաղկոտ են, խոսակցական կամ արտահայտման խնդիրներ ունեն: Մեթոդն ամրապնդում է հիշողությունը:

«Հովիկը ցրված էր, ուներ խոսակցական ու արտահայտվելու խնդիր: Արդեն 5-6 ամիս է` զբաղվում է մենթալ թվաբանությամբ, և արդյունքն անհավանական է. կենտրոնացումը լավացել է, ճիշտ է` դեռ արտահայտվելն այդքան էլ լավ չէ, բայց կարդալու հարցում մեծ փոփոխություն կա¦,- ասաց Հովհաննեսի մայրը՝ Արմինեն։

Նա վստահեցրեց, որ արդյունքն ազդում է նաև մյուս առարկաների վրա:

«Մինչ այս մեթոդին դիմելը ես չգիտեի ինչ անել. որդիս չէր հասկանում ու չէր կարողանում մաթեմատիկական պարզագույն հաշվարկներ անել, չէր կարողանում նույնիսկ նախորդ ու հաջորդ թվերը գտնել ։ Որոշեցի ինտերնետում տեղեկություն գտնել այն մասին, թե կա՞ արդյոք այնպիսի մեթոդ, որ երեխան այս ամենն ավելի հեշտ սովորի։ Պատահաբար տեսա, որ մեթոդը կա, ավելին` այն կարելի է յուրացնել Գյումրիում»,- պատմեց մայրը` նշելով, որ անհապաղ դիմեց կենտրոնի մասնագետներին ու գոհ մնաց արդյունքից։

Մենթալ թվաբանության դասընթացի ժամանակ ամեն ինչ խաղի է նման, շատերի համար բարդ թվացող հաշվարկն ասես պահմտոցի լինի։

Մենթալ թվաբանության մեթոդը մարզում է երեխայի ուղեղը՝ միաժամանակ զարգացնելով ուղեղի աջ և ձախ կիսագնդերը։

armeniasputnik.am