Հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը այս օրերին ամենաքննարկվող թեմանարի շարքում է: Հայտնի է, որ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի հենց կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:
Բնականաբար, աշխարհահռչակ մրցանակաբաշխության շրջանակում մեր ֆիլմի հետագա ճակատագրի մասին դեռևս վաղ է խոսելը, իսկ մինչ այդ ֆիլմի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով ներկայացել է շատ դրամատիկ կերպարով:
«Ֆիլմը նկարահանվել է դեռևս 2015թ-ին: Առաջարկ ստացա հենց Անահիտ Աբադից, անցկացվեց քասթինգն ու որոշ ժամանակ անց իմ մասնակցությունը հաստատվեց: Պետք է ասեմ, որ այս ֆիլմի նկարահանումներից առաջ մեծածավալ աշխատանք է տարվել, ինչը սովորաբար բացակայում է տեղական կինոարտադրությունում: Գրեթե երկու ամիս աշխատել ենք նյութի վրա, հետո համապաստախան մասնագետի օգնությամբ հաղթահարեցինք արցախյան բարբառը, որը օտար լեզու սովորելուն հավասար բարդ էր. ի վերջո, մեկ բան է հասկանալ ու խոսել քեզ համար անծանոթ բառբառով, ու բոլորովին այլ բան խաղալ»,- պատմեց Ռոզին:
«Եվա» ֆիլմի սցենարը Անահիտ Աբադը գրել է տասը տարվա ընթացքում, դերասանուհու խոսքով, որքան էլ թեման բարդ է եղել, բայց բոլորն էլ վստահել են ռեժիսորին.
«Ոչ մեկիս համար ռիսկային չէր այս ֆիլմում նկարահանվելը, քանի որ Անահիտ Աբադը շատ երկար է աշխատել սցենարի շուրջ: Տասը տարվա ընթացքում նա անընդհատ եղել է նյութի մեջ: Արցախյան պատերազմի թեման բոլոր հայերի համար է կարևոր և կապ չունի, թե որտեղ ես ապրում»,- նշեց նա:
«Եվա»-ն հետպատերազմյան տարիների մասին է: Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ՝ Եվայի մասին, ում մարմնավորում է Նարինե Գրգորյանը: Նա ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած ծանր պատմությունը։ Նա բժշկուհի է, ով պատերազմի տարիներին եղել է առաջին գոտում, որի ժամանակ էլ ունեցել է սիրո պատմություն: Տարիներ անց ինչ-ինչ պատճառներից ելենլով նա կրկին հայտնվում է նույն վայրում, որտեղ պատերազմը շատ հետևանքներ է թողել թե իր անձնականում, թե շրջապատող մարդկանց կյանքում:
«Ֆիլմում 90-ականներն են՝ պատերազմից հետո: Ներկայացվում է այն հետևանքները, որոնք, ցավոք, պատերազմը բերեց մեր կյանք: Այս ֆիլմի նկարահանումներից մեկ տարի անց տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, և ցավոք, կրկնակի անգամ հասկացանք, որ այն, ինչ կար 90-ականներից հետո, շարունակվում է նաև այսօր, գուցե այլ կերպ կամ արտահայտման այլ ձևերով, բայց շարունակվում է: Այս հարցի վերաբերյալ դեռևս չկա ավարտ ու լուծում, ֆիլմն էլ չի փորձում ինչ-որ լուծումներ տալ և դրա համար չի արված: Ֆիլմում կա պատերազմի թեմա, բայց կա նաև խաղաղության կոչ, միաժամանակ պատերազմի կողքին կա նաև սիրո գաղափարը: Ֆիլմում սյուժետային գիծն այնպես է դասավորված, որի արդյունքում հերոսուհիները ամեն գնով ուզում են գնալ այդտեղից, իսկ դրա համար ամեն մեկն ունի իր պատճառները: Ընդհանուր առմամբ, այդ ամենի ամենամեծ մեղքը հենց ինքը պատերազմն է»,- պատմեց Ռոզի Ավետիսովան:
Դերասանուհին վստահությամբ նշեց նաև, որ «Եվա» ֆիլմը համարում է իր կարիերայի ամենամեծ աշխատանքը:
«Պատահական չէ, որ ֆիլմդ կարող է այնպիսի գնահատանքի արժանանալ կինոքննադատների և կինոակադեմիայի կողմից, որից հետո հարց բարձրանա, թե ֆիլմը պետք է ուղարկել «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխություն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար: Սա արդեն խոսում է մեծ հաղթանակի մասին, իսկ թե ինչ կլինի արդեն «Օսկարում» ժամանակը ցույց կտա: Ես միայն կարող եմ շատ մեծ հույս հայտնել, որ այն կընդունվի որպես ֆիլմ՝ չտեսնելով դրա մեջ քաղաքական ենթատեքստ: Ի վերջո, պետք է հասկանալ, որ միշտ չէ, երբ արածդ հետապնդում է քաղաքական խնդրի լուծում կամ նման մի բան: Այս ֆիլմը ստեղծվել է, որովհետև այն պետք է կյանք ունենար: Անպայման չէ, որ այս ֆիլմում մարդիկ տեսնեն քաղաքական թեմա, կամ դրդապատճառներ որոնեն: Հուսանք, որ ամերիկյան կինոակադեմիան «Եվա» ֆիլմը կընդգրկի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի ցանկում, և դրանից հետո էլ պարտադիր չի լինի հաղթանակը, դա արդեն մեծ նվաճում կլինի մեզ համար»,- ավարտեց դերսանուհին: