Ի՞նչ են սեռական գանգատները՝ խնդի՞ր, թե՞ հնարավորություն
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են սեռական գանգատները՝ խնդի՞ր, թե՞ հնարավորություն

Սեռային պատկանելիության կենսաբանական նշանակության իմացությունը, ասել է թե՝ ինչ է նշանակում լինել արական կամ իգական սեռի առանձնյակ, մեզ՝ բժիշկ-սեքսոլոգներին, մտածելու լուրջ տեղիք է տալիս, հատկապես մեր օրերում,

երբ մարդը դիտարկվում է որպես էվոլյուցիայի ընթացքում կապիկից առաջացած կենսաբանական տեսակ։ Սեռերի կենսաբանական նշանակությանը կփորձեմ անդրադառնալ էվոլյուցիոն կենսաբանների դիտարկման տեսանկյունից, քանի որ յուրաքանչյուր կենսաբանական հատկանիշի ժառանգական փոխանցում և ամրապնդում ըստ այս մտածողների՝ հնարավոր է դառնում միայն գոյապահպանությանը սպառնացող  բոլոր փորձությունների հաղթահարման պարագայում։

Սեռերի կենսաբանական-էվոլյուցիոն նշանակության մասին ամենատարածված և ընդունելի տեսությունն այսօր Գյոդակյանի կողմից մշակված տեսությունն է, որը արական և իգական սեռային պատկանելիության խորքային նշանակությանը մոտենում է այդ սեռերի վերարտադրողական գործառույթից ելնելով։  Ըստ այս տեսության՝ որպես սկզբնակետ հիմք է վերցվում այն, որ արական սեռային էակն ունի բեղմնավորման բարձր ցուցանիշ, քանի որ նրա սերմնաբջիջներն արտադրվում են անընդհատ կերպով, առանց դադարի, օրեկան հասնելով  միլիոնավոր, անգամ միլիարդավոր  սերմնաբջիջների 1 մլ քանակությամբ սերմնահեղուկում։ Համարվում է, որ արական էակի «գործն» է լայնորեն (առատաձեռնորեն) տարածել իր սերմը ու բեղմնավորել առավելագույն թվով իգական էակների, այսինքն՝ բազմանալ ու գրավել հնարավորինս ընդարձակ տարածքներ: Դրա համար է, որ նրա սեռականությունն օժտված է հեշտ գրգռողականությամբ և ոչ բծախնդիր ընտրողականությամբ, ինչը դրսևորվում է դեպի նորությունը և բազմազանությունը հակվածությամբ, որի շնորհիվ հնարավոր է դառնում բեղմնավորել մեծաքանակ առանձնյակների և բացառել մյուս մրցակիցներին ասպարեզից: Արական էակը բնազդաբար ակտիվանում է (հուզական ռեակցիաների միջնորդությամբ)՝ ի պատասխան իգական էակից եկող՝ բեղմնավորման հնարավոորությունն ազդարարող սեռային նշանների (հոտեր, տեսողական գրգիռներ, առինքնող դիրք, վարքային ակտիվություններ)։ Սա ծրագիր է, որը խնայում է արական էակի ժամանակը, ուժերը և սերմնաբջիջները, որոնք հակառակ դեպքում կվատնվեին ոչ պտղաբեր իգական էակին ուշադրություն տալով: Արական սեռականությունը պերմանենտ (մշտական) բնույթ ունի, բացառությամբ սերմնաժայթքումից հետո ընկած ժամանակահատվածի, որում նա անդրդվելի է նյարդահումորալ վերականգնողական աշխատանքների պատճառով: Արական սեռական վարքը դրական ամրապնդման պահանջ ունի, որպեսզի սերմնաժայթքումից հետո նա նորից շահագրգռված լինի նույն եռանդով ջանալու, այդ իսկ պատճառով սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմի զգացողությամբ։ Կարճ ասած՝ երբ իգական էակը պատրաստ ու մատչելի է բեղմնավորման համար, արական էակն «անցնում է գործի», այսինքն արական սեռականությունն  առաջընթաց,  ներթափանցող է, մինչդեռ իգականը՝ սպասող, ընդունող: Արական սեռականությունը սերտ կապ ունի ագրեսիվության հետ, քանի որ ագրեսիվության շնորհիվ հնարավոր է դառնում հաղթել մյուս արուներին և արժանանալ էգի «բարյացակամությանը»: Արական էակն այստեղ դոմինանտ է, այն ունի իշխանություն հնազանդվող իգական էակի նկատմամբ:

 Սեռերի զարգացման էվոլյուցիոն տեսության համաձայն՝ իգական սեռի էակները ռեպրոդուկտիվ ցածր պոտենցիալի պատճառով (ամսվա մեջ ընդամենը մեկ ձվաբջիջ) պարտավոր են բծախնդիր լինել իրենց ընտրության հարցում: Դրա համար իգական էակը օժտված չէ բարձր գրգռվողականությամբ, ինչը կխանգարեր նրան դանդաղ ու համբերատար քննել, գնահատել ու «կշռադատված որոշում»  ընդունել: Իգական սեքսուալությունն օրգազմի կարիք չունի, քանի որ այդպիսով նա շատ արագ կկորցներ իր սեռական հետաքրքրությունը: Իգական էակի էվոլյուցիոն ֆունկցիաներն են՝ հատկանիշների պահպանում, գենային զանազանության զտում կենսաբանական նպատակահարմարության մաղով, սերնդի քանակության ապահովում, տեսակի կայունության պահպանում:

 Մարդու սեռական կյանքում հանդիպող սեքսուալության շատ դրսևորումներ, ինչպես նաև վարքային գործելակերպեր, կարելի է բացատրել վերոնշյալ կենսաբանական-էվոլյուցիոն նպատակահարմարությամբ, օրինակ թե ինչու է կինը դժվարությամբ գրգռվում, իսկ՝ տղամարդն արագ, ինչու են կանայք ավելի հաճախ անօրգազմիայի, իսկ տղամարդիկ՝ վաղաժամ սերմնաժայթքման անհանգստություն ունենում, ինչու են կանայք և տղամարդիկ տարբեր տիպի պոլիգամ (տղամարդիկ՝ ֆիզիկական-մարմնական, կանայք՝ հոգեհուզական) վարք դրսևորում։ Այս բոլորը կարելի է բացատրել սեռերի փոխհարաբերության հենց կենսաբանական-էվոլյուցիոն տեսակետից, եթե մարդուն չափենք կենսաբանական-կենդանաբանական օրենքներով։

 Այո, սեռականության բնազդային օրենքներն ապահովում են սեռական վարքի անթերի կազմակերպված գործողություններ, որպիսիք միայն հիացմունք (մեղուների դեպքում), ինչու չէ նաև զվարճանք են (կապիկների պարագայում) առաջացնում։ Միայն թե կան մարդիկ, ու մոտ սեռական կյանքի դրսևորումները բոլորովին չեն համապատասխանում վերոնշյալ օրենքներին և այդ մարդկանց հիվանդ լինելու կատեգորիային չես կարող դասել, օրինակ՝ ամուսնուն հավատարիմ սպասող կնոջը կամ մատչելի կնոջից ազատ կամքով հրաժարվող տղամարդուն, փոխադարձ վիրավորանքներն ու խռովքներն իրար ներող և սեռական կյանք շարունակող զույգերը։  Այս տեսակ մարդկանց հիվանդ համարել և բուժել չես կարող, դա կհակասակի էթիկայի բոլոր կանոններին։ Բուժում առաջարկել մարդուն, ով հրաժարվում է պրիմատային սեքսուալություն դրսևորել, կնշանակի ինքդ պրիմատ դառնաս։ Մարդու սեքսուալությունը բոլորովին այլ իմաստներ է պարունակում, որոնք դեռ լիովին ուսումնասիրված չեն և չեն էլ լինի, քանի դեռ սեռագիտության մեջ հետազոտությունները հիմնվում են վիճակագրական տվյալների վրա, քանի դեռ նորմա հասկացության մեջ մարդկանց պատկերացնումներում գերիշխում են թվաբանական միջիններ և մեդիաններ։ Որպես բժիշկ կհամարձակվեմ ասել, որ սեռական բազում խնդիրներ (Էրեկտիլ դիսֆունկցիա, կնոջ սեռական ցանկության բացակայություն, նախադռնային սերմնաժայթքում և այլ բազում սեքսոլոգիական գանգատներ), բուժման ենթակա խնդիրներ չեն (այն իմաստով, որով հասկանում է ժամանակակից գիտությունը), այլ մարդու էվոլյուցիան ապահովող նոր հնարավորություններ են, որոնք բավարար ուշադրության չեն արժանանում հենց այս՝ մարդու կայացման տեսանկյունից։

sexology.am