Այս տարի հոկտեմբերի 10-ին լրանում է նորվեգացի բևեռախույզ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծնդդյան 156-ամյակը:
Նանսենը ծնվել է Քրիստիանայում 1861 թվականին փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է չմշկորդ, զբաղվել է լողով, դահուկավազքով և նկարչությամբ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով։
Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել հայանպաստ աշխատանքը. նա եռանդուն ջանքեր է գործադրել հայ գաղթականների վիճակը բարելավելու համար:
Որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար` Ֆրիտյոֆ Նանսենը 1925 թվականին մեկնում է Սովետական Հայաստան` տեղում ուսումնասիրելու հայ գաղթականների տեղավորման և նրանց համար տանելի պայմաններ ստեղծելու հարցը: Հայաստանի տարբեր շրջաններ կատարած այցերի ժամանակ մեծ հայասերը չէր կարող շրջանցել Ալեքսանդրապոլ քաղաքը, որն այն ժամանակ Մեծ եղեռնից մազապուրծ հայ որբերի խնամքի կազմակերպման հիմնական կենտրոնն էր. այստեղ էին գտնվում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի «Սևերսկի», «Կազաչի պոստ», «Պոլիգոններ» մեծ որբանոցները: Նանսենի այցելության ժամանակ Ալեքսանդրապոլում կային շուրջ 20 հազար հայ որբեր:
1925 թվականին Սովետական Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում ծանոթանում է որբերի խնամքի պայմաններին: Ճաշի մատուցման ժամն է. Նանսենը չի վարանում և անձամբ ուտում է այն ապուրը, որը տրվում է երեխաներին՝ ցանկանալով պատկերացում կազմել սննդի որակի մասին: Սա խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպիսի լրջությամբ ու սրտացավությամբ էր մոտենում Նանսենն իր առաքելությանը:
Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927 թվականին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»: