Նորաստեղծ ուսուցողական «Սուպեր Դավիթ» խաղը 12 օրում Dasaran.am կայքում խաղացել են 187 հազար 186 անգամ, որն աննախադեպ թիվ է նշյալ կայքի համար: Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը:
Խաղի գլխավոր հերոսի նախատիպը հայկական սիրված էպոսի հերոսն է՝ Սասունցի Դավիթը, որը բոլորին հասնում է օգնության: Նոր խաղը նպատակ ունի խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին:
Այն ստեղծվել է ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի, և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով` խորհրդանշական է, որ խաղի շնորհանդեսը կայացել է Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա նախօրեին: «Այն մշակվել է բովանդակային հստակ ուղղվածությամբ ու հասցեականությամբ: Սիրելի երեխաներ, վստահ եմ, որ այս խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր և ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետև խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլև՝ անվտանգ ապրելու երաշխիք»,-ասաց նախարարը:
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն ընդգծեց, որ խաղի փորձարկման ժամանակ լուրջ արդյունքներ են գրանցվել:
Խաղի շնորհանդեսին ներկա Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ևս իրենց ելույթներում նույնպես համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր ներդնել աղետների ռիսկի նվազեցման, ոչ թե հետևանքների վերացման ուղղությամբ:
«Սուպեր Դավիթ» խաղի ստեղծման գործում մեծ է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներդրումը, որի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ.Մաթևոսյանի համոզմամբ՝ խաղն ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից է:
Միջոցառմանը ներկա աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն ունեցան շրջայց կատարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, մասնակցել առաջին օգնության համառոտ դասընթացին և փորձարկել «Սուպեր Դավիթ» նոր խաղը: «Սուպեր Դավթի» մշակմանը մասնակցած աշակերտները հուշանվերներ են ստացել ՀՀ ԱԻ նախարարության և Dasaran կրթական ծրագրի կողմից: