Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ 2017 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում դարձավ ամերիկացի Ռիչարդ Թալերը (Richard H. Thaler)`«վարքագծային տնտեսագիտության (behavioural economics) ուսումնասիրման գործում ունեցած ներդրման» համար:
Իսկ ի՞նչ է ուսումնասիրում վարքագծային տնտեսագիտությունը, և ո՞րն է Թալերի ներդրումը այս գործում:
Տնտեսագիտությունը` որպես գիտություն, աշխատում է մոդելների հետ, որոնք այս կամ այն հասկացության (կազմակերպություն, տնային տնտեսություն, մարդիկ և այլն) պարզեցված սխեմաներն են: Ամենահայտնի պարզեցումներից մեկն էլ այն է, որ մարդիկ կայացնում ենտնտեսական որոշումներ՝ առաջնորդվելով ռացիոնալ կանոններով և նպատակներով : Սակայն իրականում մարդը ոչ միշտ է ռացիոնալ վարվում: Ռացիոնալությունից այդ շեղումներն էլ հենց ուսումնասիրում է վարքագծային տնտեսագիտությունը:
Մրցանակը Թալերին տրվել է ոչ թե որևէ առանձնահատուկ բացահայտման, այլ վարքագծային ուսումնասիրության վերաբերյալ ուսումնասիրությունների շարքի համար:
Թալերը տնտեսագետներին է ներկայացրել մի շարք հետաքրքիր գործիքներ: Օրինակ՝ նա առաջինն է նկարագրել տիրապետման էֆեկտը (endowment effect), որի իմաստն այն է, որ մարդ առավել բարձր է գնահատում այն ամենի արժեքը, ինչին ինքն արդեն տիրապետում է: Փորձարկման ժամանակ, երբ ուսանողներին առաջարկում էին պարզապես ընտրություն կատարել բաժակի կամ շոկոլադի միջև, նրանք ոչ մի ընդգծված նախապատվություն չէին ցուցաբերում տալիս, բայց, երբ ուսանողներին նվիրում էին բաժակ, իսկ հետո առաջարկում այն փոխանակել շոկոլադի հետ, ուսանողները առավել հաճախ հրաժարվում էին փոխանակել իրենց նվիրած բաժակները շոկոլադի հետ:
Թալերը նաև զարգացրել է մտավոր հաշվարկի, հաշվապահության (mental ccounting) գաղափարը, որն իրականացնում է ցանկացած մարդ: Օրինակ՝ խանութից սննդամթերք գնելու և սննդի կետում սնվելու համար կատարված ծախսերը կարող են լրիվ այլ առաջնահերթությամբ և «մտավոր հաշվապահության հոդվածներով» դասակարգվել մարդու համար, չնայած նրան,որ ռացիոնալ մարդու համար դրան երկուսն էլ ծախս են սննդի համար:
Թալերն առաջարկել է դիտարկել մարդկանց վարքագիծը «պլանավորող / գործիչ» մոդելիմիջոցով: Այս մոդելում մարդը հանդես է գալիս միաժամանակ որպես պլանավորող,ով գնահատում է այս կամ այն գործողության երկարաժամկետ օգտակարությունը, և գործիչ, ով տեսնում է միայն կարճաժամկետ օգտակարությունը: Պլանավորղը կարող է ազդել գործչի վրա միայն կամքի ուժի կամ գործչի ինքնուրույնությունը սահմանափակող քայլերի միջոցով: Այս մոդելի միջոցով Թալերն ու իր գործընկերները նկարագրել են, թե ինչպես են մարդիկ կատարում խնայողություններ ապագայի համար, և առաջարկել ամերիկացիներին պարտադիր կերպով գրանցել կենսաթոշակային համակարգում, այլ ոչ թե սպասել նրանցից գիտակցված որոշումներին, որոնք պահանջում են կամքի ուժ. նրան լսեցին:
Թալերը և նրա համահեղինակներից մեկը՝ փաստաբան Կասս Սանշտեյնը, տնտեսագիտական բառապաշար բերեցին «որոշումների ճարտարապետություն»(Choice architecture)հասկացությունը: Այստեղ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես, ինչ ձևակերպմամաբ, ինչ այլընտրանքներով է առաջարկվում մարդուն կատարել այս կամ այն ընտրությունը: Օրինակ, խելացի և գրավիչ դիզայնի միջոցով հնարավոր է մարդկանց դրդել բարձրանալ աստիճաններով, այլ ոչ թե վերելակով:
Վարքագծային տնտեսագիտության հիմնադիրներից մեկն է համարվում հոգեբան Դանիել Կանեմանը, ում հետ միասին աշխատել է Թալերը: 2002թ.-ին Կանեմանը ստացել է Նոբելյան մրցանակ «տնտեսագիտության մեջ հոգեբանական մեթոդների կիրառման համար.մասնավորապես՝ դատողությունների ձևավորման և անորոշության մեջ որոշումների կայացման վերաբերյալ ուսումնասիրությունների համար» : Երբ մրցանակը տրվում էր Կանեմանին, դա, այսպես ասած, «փորձնական» տարբերակն էր. Կանեմանը, վերջիվերջո, մաքուր հոգեբան է, այլ ոչ տնտեսագետ: Կանեմանին մրցանակը տրվեց այն բանի համար, որ նա բացատրեց տնտեսագետներին, թե ինչու է կարևոր քննարկել այն, թե մարդիկ իրական կյանքում ինչպես են կայացնում որոշումներ: Իսկ Թալերն արդեն առաջինն էր տնտեսագետներից, ով հաստատեց, որ, այո՛, վարքագիծը հետաքրքիր է, իսկ հոգեբանությունը՝ կարևոր. պետք է ուսումնասիրել այս ամենի հետևանքները տնտեսագիտության համար:
Թալերի տեսությունն իր գործնական կիրառությունը գտավ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և ավելի քան 50 երկրներում: Սպիտակ տանը ստեղծվել է վարքագծային տնտեսագիտությունն ուսումնասիրող տնտեսագետների հատուկ թիմ, որոնց թույլատրվել է զգուշորեն իրականացնել փորձարկումներ՝ պետական ծրագրերի շրջանակներում: Նմանատիպ խումբ աշխատում է նաև Մեծ Բրիտանիայում:
Հիշեցնենք, որ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվում է 1969թ.-ից: Այս տարի մրցանակի չափը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1.1 միլիոն դոլար): Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Ա. Նոբելի մահվան տարելիցի օրը: