Ձեր դրած 150 «լայքը» վերլուծելով՝ գովազդատուները ձեզ սկսում են ձեր ծնողներից ավելի լավ ճանաչել
Advertisement 1000 x 90

Ձեր դրած 150 «լայքը» վերլուծելով՝ գովազդատուները ձեզ սկսում են ձեր ծնողներից ավելի լավ ճանաչել

Շվեյցարական Das Magazin-ը հետաքննական հոդված է հրապարակել այն մասին, թե Facebook սոցցանցում անձնավորված գովազդի տեխնոլոգիաներօ ինչպես են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների և Brexit-ի արդյունքների վրա։

Թարգմանաբար ներկայացնում ենք մի հատված՝ այս չափազանց հետաքրքիր հոդվածից։

* * *

34-ամյա լեհ գիտնական Միխայիլ Կոզինսկին դեռևս 2012 թվականին ապացուցել է, որ Facebook սոցիալական ցանցում կոնկրետ անձի կողմից դրված 68 հատ «Like»-ի վերլուծությունը թույլ է տալիս որոշել նրա մաշկի գույնը (95% հավանականությամբ), սեռական կողմնորոշումը (88% հավանականությամբ) և կուսակցական հայացքները (88% հավանականությամբ)։

Սակայն Կոզինսկու գիտական թիմն այսքանով չսահմանափակվեց. նրանց մշակած մոդելը թույլ տվեց ըստ ֆեյսբուքյան գործողությունների վերլուծության որոշել անձի մտավոր զարգացման մակարդակը, կրոնական համոզմունքները, ալկոհոլի կամ թմրանյութերի նկատմամբ ունեցած հակումը։ Տվյալներն անգամ թույլ էին տալիս հասկանալ՝ տվյալ մարդու ծնողներն արդյո՞ք ամուսնալուծվել են՝ մինչև նրա չափահաս դառնալը։

Մոդելն այնքան հաջող էր աշխատում, որ արդեն թույլ էր տալիս կանխագուշակել պատասխանները։

Հաջողություններով ոգևորված՝ Կոզինսկին և նրա գործընկերները շարունակեցին կատարելագործել իրենց գործիքը։ Արդեն ընդամենը 10 «Like»-ը բավական էր, որպեսզի մոդելը մարդուն ավելի լավ ճանաչի, քան նրա աշխատանքային գործընկերները։

70 «Like»-ը թույլ էր տալիս մարդուն ավելի լավ ճանաչել, քան նրա ընկերները։

150 «Like»-ը թույլ էր տալիս մարդուն ավելի լավ ճանաչել, քան նրա ծնողները։

300 «Like»-ը թույլ էր տալիս մարդուն ավելի լավ ճանաչել, քան ամուսինը (կինը)։

Իսկ ավելի շատ «Like»-երի վերլուծությամբ համակարգը մարդու մասին ավելի շատ բան էր իմանում, քան նա ինքն իր մասին։

Ի դեպ, երբ Կոզինսկին հրապարակեց գիտական հոդվածը՝ այս արդյունքների մասին, նույն օրը նա 2 զանգ ստացավ, 2-ն էլ Facebook-ից։ Զանգերից մեկով նրան բողոք էին հայտնում, մյուսով՝ աշխատանք առաջարկում։

Հասկանալով, թե իր ստեղծած մոդելն ինչ վտանգ է պարունակում՝ մարդկանց մանիպուլացնելու հնարավորությունների առումով, Կոզինսկին սկսեց անհանգստանալ, բայց արդեն ուշ էր։

Լոնդոնում գրանցված Cambridge Analytica ընկերությունը, օգտագործելով նրա մոդելը, սոցիալական ցանցերում թիրախավորված աշխատանքի միջոցով կարողացավ ապահովել նախ Brexit-ի հաղթանակը, իսկ հետո նաև՝ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում։

ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո Կոզինսկին իր գործընկերոջ՝ Սանդրա Մացի հետ, մի շարք գիտափորձեր է անցկացրել, որի արդյունքները շուտով կհրապարակվեն։

Դրանցից մի քանիսը, որոնց մասին գիտնականը պատմել է Das Magazin-ին, իրոք ցնցող են։ Օրինակ, հոգեբանական թարգեթինգը (որը օգտագործվում Cambridge Analytica-ի կողմից) մեծացնում է ֆեյսբուքյան գովազդի «քլիքները» 60%-ով։

Իսկ հավանականությունը, որ անձնավորված գովազդից հետո մարդիկ կանցնեն կոնկրետ գործողությունների (կգնեն այս կամ այն ապրանքը կամ կքվեարկեն կոնկրետ թեկնածուի օգտին), աճում է 1400%-ով։



Նման նյութեր