ԴիջիԹեք 2017-ում Joomag-ը կներկայացնի իր բիզնես լուծումները
Advertisement 1000 x 90

ԴիջիԹեք 2017-ում Joomag-ը կներկայացնի իր բիզնես լուծումները

Միջազգային հարթակում ինտերակտիվ թվային հրատարակչության առաջատարներից համարվող Joomagընկերությունը ԴիջիԹեք-2017-ին ներկայանալու է նոր ձևաչափով։ ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում Joomag ընկերության ներկայացուցիչները սովորեցնելու են, թե ինչպես կարելի է ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, էլեկտրոնային գրքեր, և հետևել դրանց։ ԴիջիԹեքին ընկերության մասնակցության և ՏՏ ոլորտի այլ հարցերի մասին զրուցում ենք Joomag-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գծով ռեգիոնալ տնօրեն Տիգրան Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, Joomag-ը նախորդ տարիներին մասնակցել է ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Ի՞նչ է տվել ընկերությանը ցուցահանդեսին մասնակցությունը։

-Այո, մասնակցել ենք 2014, 2015 և 2016 թվականներին։ Ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն տվեց մեզ ծանոթանալ հայկական շուկայում առկա ՏՏ ոլորտի այլ ընկերությունների գործունեությանը, հանդիպել մոտիվացված ու ոգևորված երիտասարդների, ովքեր փնտրում են աշխատանք և կարող են համալրել մեր թիմը, ներկայացնել Joomag հարթակը և հետաքրքիր համագործակցության հեռանկարներ ունենալ։

-Ընդհանրապես ի՞նչ դեր է խաղում ԴիջիԹեքը ՏՀՏ ոլորտում։

-ԴիջիԹեքը նախևառաջ արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի ուղիղ երկխոսության համար: Եթե նման երկխոսությունը կրի շարունակական և երկարատև բնույթ, մենք կկարողանանք ինովացիաները հեշտությամբ ադապտացնել և հասնել մեծ հաջողությունների ու առաջխաղացման ընդհանուր տնտեսության մեջ։ Ես կարևորում եմ նաև ԴիջիԹեքի ներդրումը Հայաստանում ՏՏ կրթական ոլորտի մեջ։ Զարգացած և կառուցվածքային կրթական ենթակառուցվածքը ամենամեծ մարտահրավերն է ՏՏ ոլորտում, որն էլ իր հերթին հանգեցնում է որակյալ և որակյալ մասնագետների թվի ավելացմանը։ Այնուամենայնիվ, հայ երիտասարդները շատ տաղանդավոր են, վերջիններիս պարզապես «տարածք» է պետք ինքնադրսևորման և սեփական ներուժն իրացնելու համար։

-Այս տարի Ձեր ընկերությունը նոր ձևաչափով է մասնակցելու ցուցահանդեսին՝ կազմակերպելու եք workshop։ Խնդրում ենք մանրամասնել՝ ի՞նչ է դա ենթադրում, և ի՞նչ է նախատեսված workshop-ի ընթացքում։

-2016-ի սկզբին մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք Joomag-ի բիզնես մոդելում և դիրքորոշման մեջ։ Joomag-ը այսուհետև աշխատելու է B2B (Business to Business) մոդելով։ Joomag-ը բոլորը մեկում հարթակ է, որն առաջարկում է համակողմանի լուծումներ մեծ և փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման և կորպորատիվ հաղորդակցության պահանջները բավարարելու համար։ Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Vogue, Levi’s, IBM, KFC և ավելի քան 500,000 մեծ և փոքր բիզնեսներ օգտագործում են Joomag գերհզոր թվային հարթակը՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար:

Workshop-ի ընթացքում կներկայացնենք Joomag-ի բիզնես լուծումները, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը և կօգնեն օպտիմիզացնել գործընթացները։ Կսովորեցնենք, թե ինչպես ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, էլեկտրոնային գրքեր, և հետևել դրանց: Մեր գործիքներով նաև կարող են ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել արդեն ունեցած նյութը: Օրինակ, ներբեռնելով պարբերականը մեզ մոտ՝ հնարավորություն կունենաք օնլայն խմբագրիչի միջոցով հարստացնել այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարան ստեղծելով, հղումներ տեղադրելով և այլն:

-Այս տարի ԴիջիԹեքի կատալոգը կազմվելու է Joomag հարթակում: Ինչպես ծնվեց գաղափարը, համագործակցությունը:

-Մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի թվայնացման գործընթացում։ Որոշեցինք սկսել հանրապետությունում ՏՏ ոլորտի թերևս ամենակարևոր և մասշտաբային միջոցառումից։

-Joomag-ը շատ կարճ ժամանակում կարողացավ ճանաչված ընկերություն դառնալ։ Ձեր խորհուրդը՝ ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին։

-Պրոդուկտ ստեղծելու առաջին քայլը պետք է լինի գաղափարը` ինչին է այն ծառայելու, ում է այն պետք, և ինչով է այն տարբերվելու իր անալոգներից: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել հենց սկզբից: Հիմնական սխալը, որ թույլ են տալիս սկսնակ ընկերությունները, շուկան չուսումնասիրելն է: Եթե ինչ-որ բան եք ստեղծում Հայաստանի համար, բավական է ուսումնասիրել միայն տեղական շուկան: Բայց չի կարելի նույն պատկերացումներով դուրս գալ միջազգային հարթակներ, որոնք դեռ չեք ուսումնասիրել: Շատ հաճախ հայ ստարտափերները ստեղծում են, օրինակ, հավելվածներ, որոնց անալոգներն արդեն տասնյակներով կան, և փորձում են մրցակցել միջազգային հսկաների հետ։ Դա վաղ թե ուշ անդրադառնալու է իրենց բիզնեսի զարգացման տեմպի վրա։ Այդ իսկ պատճառով նախնական հետազոտությունը հիմնական խնդիրների շարքին պետք է դասել։ Պետք չէ նաև վախենալ սխալներից ու ձախողումներից։ Բազմաթիվ հաջողակ ընկերություններ մի քանի անգամ սնանկացել ու նորից ոտքի են կանգնել, փորձել, պրպտել, սխալվել, ընկել ու բարձրացել:

news.uite.org



Նման նյութեր