Պատմությունից մեզ հայտնի են մարդիկ, ովքեր իրենց բացառիկ խելքի և տաղանդի շնորհիվ կարողացել են փոխել պատմության ընթացքը։
Ալբերտ Էյնշտեյն
Աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը, անշուշտ, գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյն է, ով ստիպել է, որ մարդկությունը գնա գիտության հետքերով։ Նրա ամենամեծ նվաճումներից մեկը՝ հարաբերականության տեսությունը, փոխեց ժամանակի և տարածության մասին մինչ այդ ունեցած պատկերացումները: Տեսական ֆիզիկայում ունեցած իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ասում են, որ Էյնշտեյնի ուղեղը 4 անգամ ավելի արագ է աշխատել սովորական մարդկանց ուղեղից։ Նա համարվում է 20-րդ դարի ամենահեղինակավոր և ազդեցիկ գիտնականը։ Սակայն նա ոչ միայն հայտնի գիտնական էր, այլև, ինչպես ինքն էր ասում, հանրահայտ ջութակահար։ Ինչպե՞ս։
Մի անգամ Գերմանիայում նա մասնակցում է բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հետաքրքրվում և իմանում է, որ այդ երաժիշտն Էյնշտեյնն է։ Հաջորդ օրը թերթում հայտնվում է փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար Ալբերտ Էյնշտեյնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ է ուրախանում, կտրում է այդ հոդվածը և հպարտորեն ցույց տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնակա՞ն եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»։
Իսահակ Նյուտոն
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը։ Նա մեզ համար բացահայտեց ֆիզիկայի հիմունքները, որոնք մենք օգտագործում ենք ֆիզիկայի ամենաբարդ փորձերը կատարելիս։ Նրա գաղափարներն այնքան պարզ էին, որ հասկանում էին նույնիսկ դպրոցական երեխաները։ Նյուտոնը նկարագրել է գրավիտացիան ու շարժման օրենքները՝ դրանով հիմք դնելով դասական մեխանիկային։ Նա նաև դիֆերենցիալ հաշվարկի հիմնադիրներից մեկն է։
Սթիվեն Հոքինգ
Համեմատաբար ավելի երիտասարդ գիտնականը՝ անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգը կարծում է, որ կյանքը Երկրի վրա վտանգված է հանկարծակի սկսվող միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և այլ անհայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։
Հոքինգը պնդել է, որ համակարգչային վիրուսը կարող է լինել կյանքի նոր տեսակ և ասել է, որ միգուցե դա ասում է ինչ-որ բան մարդկային էության մասին և որ կյանքի միակ տեսակը, որը մենք ստեղծել ենք մինչև հիմա, միայն կործանարար է եղել։
Գալիլեո Գալիլեյ
Նա այն մարդն է, ով մեզ հուշեց նայել երկնքին: Իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը հայտնագործեց աստղադիտակը, որի միջոցով մարդը կարողացավ հայտնավերել տիեզերքի գաղտնիքների մի մասը: Այսպիսով՝ առաջին մարդը, ով երկնքին նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, նշանավոր գիտնական Գալիլեոն էր: Նա պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Նրանք դեռևս անկատար էին, փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, իսկ մեծը՝ 32 անգամ։ 1609 թ աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի լուսին ու պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ «լեռներն» ու «հովիտները»: Իսկ արեգակի վրա նա նշմարեց մութ բծեր և դրանց տեղափոխությունից ելնելով՝ ապացուցեց, որ արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը: