Հայ-ադրբեջանական սահմանամերձ Չորաթան գյուղում հիմնադրված գործարանը ռիսկային ներդրում է, որը մարդկանց հույս է տվել:
Չորաթանում՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղում հիմնադրված «Տավուշ-տեքստիլ» ձեռնոցի գործարանը ձեռնոց է նետված ոչ միայն անավարտ պատերազմին ու փխրուն խաղաղությանը, այլև օր օրի երկրում ահագնացող արտագաղթին:
Երկու տարի առաջ «Տավուշ-տեքստիլը» արտադրամասեր է բացել ոչ միայն Երևանից 223 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Չորաթան գյուղում, այլև հարևանությամբ գտնվող Արծվաբերդ ու Մովսես գյուղերում, Բերդ քաղաքում: Միայն Չորաթանում աշխատում է 165 մարդ, ընդհանուր առմամբ ստեղծվել է 300 աշխատատեղ:
«Փողով վերմիշել ու սիգարետ ենք սկսել առնել, էն ժամանակ չկար նման բան, նիսիաների ցուցակները քիչ-քիչ ջնջվում են խանութներից: Սա մտածված քայլ էր, որ երիտասարդությունը դուրս չգար: Մի քիչ էլ շարունակվեր, էս կողմերում մարդ չէր մնալու, հիմա փառք Աստծո աշխատանք ունենք: Ես, կինս, աղջիկս միասին 400 հազար դրամ աշխատում ենք»,- ասում է «Տավուշ-տեքստիլի» վարորդ Վալերի Երիցյանը ձեռնոցների հերթական պարկերը պահեստային մասից տեղափոխելով դեպի բեռնատար ավտոմեքենա:
Չորաթանցի 50-ամյա Աննա Բաբայանն էլ խոստովանում է՝ ոչ միայն իր կյանքն է փոխվել, այլև ամբողջ գյուղի:
«Մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել, հանգիստ են, ամենակարևորը գյուղից դուրս եկած ընտանիքները սկսել են վերադառնալ: Մարդուն ինչ է պետք՝ աշխատանք ունենա, իր տուն ու տեղին, իր հող ու ջրին լինի»,- ասում է Չորաթանի արտադրամասի օժանդակ աշխատակիցը:
«Տավուշ-տեքստիլ»-ը Չորաթանում կառուցվել է մոսկվայաբնակ Սուրեն Երիցյանի կողմից, ով ծննունդով մարզի Արծվաբերդ գյուղից է: 2015 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց սահմանամերձ գյուղերում ներդրումներ անողներին ազատել հարկային պարտավորություններից՝ և գործարար Երիցյանը հիմնադրեց ձեռնոցի արտադրությունը:
Չորաթանի գործարանը կառուցվել է ադրբեջանական դիրքերից ընդամենը 5-6 կմ, իսկ Մովսես գյուղի արտադրամասերն՝ ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
«Այն, որ մարդիկ այստեղ ապրում են, դիրքերում էլ զինվորներն են, դա արդեն ռիսկ է: Սա ռիսկային ներդրում է, բայց ներդրողը չի վախենում», – ասում է Չորաթանի ֆաբրիկայի արտադրամասի պետ Հովսեփ Անանյանը:
Ամբողջությամբ՝ jam-news.net