Այս տարի պաշտոնապես նշվելու է Երևանի 2799-ամյակը։ Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանը, սակայն, կարծում է, որ իրականում պետք է նշվի Երևանի 6000-ամյակը․ բնակավայր Երևանն իրականում կրկնակի մեծ է պաշտոնապես հայտարարվող տարիքից։ Երևանի իրական տարիքի, առկա գիտական հիմնավորումների և բնակավայրերի տարիքի որոշման մոտեցումների մասին է «Անկախը» զրուցել Անժելա Տերյանի հետ։
– Տիկին Տերյան, Ձեր գիտական հոդվածներում պնդում եք, որ Երևանն ավելի հին բնակավայր է, քան պաշտոնապես ներկայացվում է։ Իրականում քանի՞ տարեկան է Երևանը։ Եվ ի՞նչ հիմքեր կան այդ պնդումների համար։
– Երևանը 6 հազար տարեկան է։ Իսկ փաստերն այնքան շատ են, որ անգամ չգիտեմ՝ որտեղից սկսեմ թվարկել։ Կարևոր փաստ է այն, որ այսօրվա Երևանի տարածքում է գտնվում Շենգավիթ բնակավայրը. հնագիտական պեղումների շնորհիվ պարզվել է, որ այն 6 հազար տարեկան է։ Իսկ վերջերս նույնիսկ ենթադրություններ կան, որ ոչ թե 6 հազար, այլ 7 հազար տարեկան է։ Այն մշակույթը, որը հայտնաբերվել է Շենգավիթում և կոչվում է շենգավիթյան կամ կուր-արաքսյան մշակույթ, թվագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակով։ Ներկայում կարծիքներ կան, որ դա 5-րդ հազարամյակի մշակույթ է, այդ պարագայում՝ Երևանը 7 հազար տարեկան է։ Ամեն դեպքում, եկեք 6 հազար տարեկանի վրա կանգ առնենք և ընդունենք, որ Երևանն իսկապես 6 հազար տարեկան է։
Շենգավիթը Երևանից հեռու չէ, գտնվում է այսօրվա Երևանի կենտրոնական մասում, նրան շրջապատում են այլ հուշարձաններ, որոնք ժամանակին բնակավայրեր են եղել։ Օրինակ՝ Կարմիր բլուրը, կայարանամերձ հրապարակը, Ավան-Առինջում ունենք բնակավայր, Կարմիր բերդը Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ, այս բոլորը շրջապատում են Շենգավիթը, որ որպես բնակավայր գոյություն է ունեցել 4-րդ հազարամյակում և մոտավորապես երկու հազար տարի շարունակել է իր գոյությունը։ Ընդ որում, Շենգավիթը եղել է պարսպապատ բնակավայր, ինչը հուշում է, որ գործ ունենք քաղաքի կամ քաղաքատիպ ավանի հետ։ Հետաքրքիր է, որ պարսպի տակ սալապատված ջրանցք է հայտնաբերվել, որտեղից Հրազդան գետի ջուրը բարձրացվել է վերև։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տեխնիկա է եղել, որ ջուրը ներքից վերև է բարձրացվել։ Շենգավիթն ամրացված, գեղեցիկ բնակավայր է եղել, որի բնակիչները զբաղվել են գյուղատնտեսությամբ, խեցեգործությամբ, մետաղագործությամբ․ քաղաքին բնորոշ բոլոր արհեստներն այնտեղ եղել են։ Եվ այս բոլորը մենք հայտնաբերում ենք պեղումների ժամանակ։
Պեղումների շնորհիվ բացահայտվել է 4 մշակութային շերտ, որի ստորին հատվածը թվագրվում է մ․թ․ա․4-րդ հազարամյակով, իսկ վերին շերտը՝ 2-րդ հազարամյակով։ Պեղումները Շենգավիթում սկսվել են 1930-ական թվականներից։ Պեղումներն իրականացրել է Եվգենի Բայբուրդյանը, նա էլ Շենգավիթում հայտնաբերված յուրահատուկ խեցեղենն անվանել է շենգավիթյան խեցեղեն։ Նա դրանք թվագրել է որպես մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակի մշակույթ։ Սակայն խորհրդային տարիներին, հատկապես՝ 30-ական թվականներին, գիտե՞ք ինչ իրավիճակ է եղել․ նրան անմիջապես լռեցրել են, շուտով նաև աքսորել, և Բայբուրդյանի մասին այլևս որևէ տեղեկություն չկա։
Այդպես պեղումները սառեցվում են։ 50-ականների վերջերին նորից Շենգավիթում պեղումներ են իրականացվում, որոնք շարունակվում են մինչև 60-ականների վերջերը։ Այս անգամ հայտնաբերված նյութը վստահորեն 4-րդ հազարամյակով է թվագրվում։
2000-ականներին պեղումները նորից սկսվեցին արդեն Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ներկայումս այստեղ հայտնաբերված նյութն արդեն թվագրվում է 5-րդ հազարամյակով։
Ահա այսպիսի հնության բնակավայր ունենալով հանդերձ՝ այդ փաստերը մի կողմ ենք դնում ու փորձում ենք նշել Երևանի 2800-ամյակը։
Ամբողջությամբ՝ ankakh.com