Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտի նախարարները փորձարկեցին Երևան-Գյումրի էլեկտրագնացքը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտի նախարարները փորձարկեցին Երևան-Գյումրի էլեկտրագնացքը

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարներ  Մաքսիմ Սոկոլովն ու Վահան Մարտիրոսյանը փորձարկեցին Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքը, որը նախատեսված է շահագործման Երևան-Գյումրի ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնացքը փորձարկման փուլում է, որպեսզի հասկանալի լինի, թե ռելիեֆային պայմաններում ինչ խնդիրներ կառաջանան և արդյոք գնացքի մոդեռնիզացման կարիք կլինի:

«Շնորհավորում եմ բոլորիս նման էլեկտրագնացք ունենալու կապակցությամբ: Իհարկե, ընտրված է Երևան-Գյումրի ուղղությունը, որովհետև ուղևորափոխադրումների մեծ մասն այսօր իրականացվում է դեպի Գյումրի:  Բացի դրանից, Կառավարությունը ծրագիր ունի՝ կապված Գյումրիում զբոսաշրջության զարգացման հետ: Մենք հայտարարել էինք, որ այն կսկսի գործել փետրվարին, սակայն հուսանք, որ դա տեղի կունենա ավելի շուտ»,- ասաց նա:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝ նախարարը նշեց, որ այն լինելու է ճկուն:

«Ինչպես տեսնում ենք, երկու վագոններում տարբեր կարգեր են, այսինքն՝ համապատասխանաբար տարբեր գներ կլինեն»- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կրճատվելու է նաև երթևեկության տևողությունը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն իր հերթին ասաց, որ գնացքը բավականին հարմարավետ է, համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին:

«Այս տարվա ամռանը, Հայաստան այց էր կատարել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը: Այդ այցի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել էր «Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմի արդիականացման հարցը: Դրանից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը զանգահարեց ինձ և խնդրեց արագացնել խնդրի լուծման գործընթացը: Ինչպես տեսնում եք, էլեկտրագնացքը Հայաստանում է, այդ կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկաթուղայիններին: Շնորհակալություն եմ հայտնում թիմային աշխատանքի համար: Նշեմ, որ կոնսեսիոն կառավարման տարիների ընթացքում ներդրումների հիմնական մասը կատարվել է երկաթգծերի վերակառուցման, կայարանների արդիականացման, նոր շարժակազմի ձեռք բերման ուղղությամբ»,- նշեց նա:

Ռուսաստանից բերված նոր գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով:

Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։