Սիրում եմ Կասկադի աստիճաններին նստել և նայել Արարատին. Հարցազրույց Tsundoku գրքասերների ակումբի հիմնադիր Շաղիկ Ակիլյանի հետ
– Ես հիմա ապրում եմ…
– Երևանում:
– Ինչո՞վ եք զբաղվում։
– GetTreated Medical Travel ընկերության համահիմնադիրն եմ և փոխտնօրենը․ զարգացնում ենք բժշկական տուրիզմը: Նաև ֆրիլանս UI/գրաֆիկական դիզայնով եմ զբաղվում։ Tsundoku գրքասերների ակումբի հիմնադիրն եմ։
– Կպատմե՞ք ակումբի մասին։ Ինչպե՞ս մարդիկ կարող են միանալ ձեզ։
– Երկու տարի է անցել արդեն, լավ չեմ հիշում։ 2015-ի հոկտեմբերն էր, վերադաձել էի ճանապարհորդությունից նոր տպավորությունններով ու հույզերով, ցանկանում էի մի բան մտածել, մի ակումբ, որտեղ հետաքրքիր մարդիկ կհավաքվեն, կծանոթանան, գրքեր կքննարկեն։ Թեև լսել էի, որ աշխարհում book club–երը սովորաբար երկար կյանք չեն ունենում․ մարդիկ սկսում են բաց թողնել հանդիպումները և վերջ ի վերջո գրքի ակումբը այդ պատճառով իրեն սպառում է և մարդիկ գալիս են միայն եթե գինի խմելու առիթ կա։
Ընկերներիցս մեկի հետ խոսեցի․ որոշեցինք հարցնել մեր շրջապատում։ Առաջին շաբաթվա մեջ 10-15 հոգի միացավ։ Հիմա 64 անդամ ունենք։ Քննարկումները սկզբից անգլերեն էին, սակայն հիմա լեզվի սահմանափակում չկա։
Ինչու՞ Tsundoku։ Սա ճապոներեն բառ է։ Բնութագրում է այն երևույթը, երբ գիրք ես գնում, բայց այն չես կարդում։ Դնում ես դարակին և հիանում քո հավաքածույով։ Ի միջի այլոց, հիմա 40-ից ավել այդպիսի գիրք ունեմ։
Մենք մի գաղտնի խումբ ունենք facebook-ում։ Նույնիսկ եթե մարդիկ գտնեն այն, ես կարող է չհաստատեմ միանալու հայտը, եթե ինչ-որ բան դուրս չգա այն մարդու էջում (ծիծաղում է)։
– Ի՞նչ հնարք եք օգտագործում ժամանակ խնայելու կամ թայմ մենեջմենթի համար։
– Այդպիսի խնդիր չունեմ։ Միշտ հասցնում եմ գործերս։
– Ի՞նչն է, որ Ձեր մոտ ավելի լավ է ստացվում, քան ուրիշների: Ո՞րն է Ձեր գաղտնիքը։
– Ոչ մի գաղտնիք էլ չկա։ Բայց ինձ թվում է՝ ես շատերից լավ եմ լողում։ Նաև դայվինգով եմ զբաղվում։
– Ի՞նչ գիրք եք կարդում հիմա։ Ի՞նչ խորհուրդ կտաք [80օր]-ի ընթերցողներին։
– “Brave New World”, հեղինակը՝ Aldous Huxley․ («Այդ նոր, զարմանահրաշ աշխարհը», «О дивный новый мир»)
– Ինչպե՞ս եք լիցքաթափվում։ Ի՞նչ եք անում, ոչ աշխատանքի մասին մոռանաք։
– Ճանապարհորդում եմ։ Լող, գինի, գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել։
– Ամենասիրված վայրը Հայաստանում/Երևանում։
– Կասկադի աստիճանները։ Սիրում եմ վերևներում նստել և նայել Արարատին։ Այն անասելի զգացողություններ է ինձ փոխանցում։
– Ամենալավ խորհուրդը, որ երբևէ ստացել եք։
– Not my circus. Not my monkeys. («սա իմ կրկեսը չի․ իմ կապիկները չեն» – այլ կերպ ասած՝ գործ չունես՝ սա քո բանը չէ)
– Եթե ձեզ տոմսեր նվիրենք և մեկ ամսվա ապրելու ծախսերը հոգանք, ո՞ր երկիրը կընտրեք ճանապարհորդելու համար և ինչու։
– Կարող եք չնվիրել․ ինքս կգնեմ։ Եթե 1 ամիս առաջ հարցնեիք կպաստասխանեի Իսպանիա, Մադրիդ։ Սիրում եմ իսպանական մշակույթը, նաև իսպաներենս կկատարելագործեի։
– Ձեր երկու սիրված ֆիլմերը։
1․ «Ռատատույ» մուլտֆիլմը․ բացի նրանից, որ գեղեցիկ է և սիրում եմ այն, որպես անիմացիայի սիրահար, այն հզոր մեսիջ ունի – «կապ չունի դու ով ես և որտեղից ես գալիս, կարող ես դառնալ ամենալավ խոհարարը կամ այն՝ ինչ ցանկանում ես, եթե իհարկե շատ ես ցանկանում»
Ինչպես մուլտֆիլմի կերպարներից մեկը՝ քննադատ էգոն է նշում ռեստորանի իր տեսության մեջ՝
Անցյալում ես չէի տաքցնում իմ հակակրանքը Շեֆ խոհարար Գուստոյի հայտնի ՝ «Յուրաքանչյուր ոք կարող է խոհարար դառնալ» կարգախոսի հանդեպ։ Սակայն կարծում եմ, որ միայն հիմա է, որ ես իսկապես գիտակցում եմ, թե նա ինչ նկատի ուներ․ թեև ամեն մեկը չէ, որ կարող մեծ արվեստագետ դառնալ, սակայն մեծ արվեստագետ դառնալու համար կապ չունի, թե որտեղից ես գալիս։
2․ Ալմադովարի «Skin I Live In» (Մաշկը, որում ես ապրում եմ)։
– Պատկերացրեք՝ հնարավորություն ունեք մեկ օրվա մեջ Հայաստանում որևէ բան փոխել։ Ի՞նչ կփոխեիք։
– Մարդկանց մտածելակերպը։