«Իմ ճաշակը հստակ է. ես պարզապես նախընտրում եմ լավագույնը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլ)։
«Հաստատելու կամ հերքելու համար փաստեր են պետք» (Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյան)։
Փաստեր չկան։ Կան ենթադրություններ։ Ենթադրությունն այն մասին, որ Չերչիլը հայկական կոնյակ չէր խմում, անտարբեր չի թողնի իր հանրահայտ արտադրանքը հարգող որևէ հայի։ Ուրեմն որտեղի՞ց են ի հայտ եկել կասկածները։ Իհարկե, մամուլից։ Կասկածի տակ դնող որևէ ապացույց չկա, որ Չերչիլն անտարբեր չէր հանրահայտ խմիչքի նկատմամբ։ Սըր Ուինսթոնը վաղուց ողջ չէ, որ նրան հարցնենք։ Կարիք էլ չկա։ Այն ժամանակ հայկական կոնյակը Կայսեր կնոջ պես մի բան էր. կասկածից դուրս էր։
Այլ հարց է, որ այսօր Ռուսաստանը կտրուկ խստացրել է ներկրվող կոնյակի, այդ թվում հայկական կոնյակի հսկողությունը։ Բայց դա այսօր, իսկ երե՞կ։ Կրկին երկու խոսք ասենք հանրահայտ խմիչքի մասին։
Ինչպես հայտնի է, ամեն ինչ սկսեց պապանինականներից, որոնք գիտարշավ կազմակերպեցին Հյուսիսային բևեռում, և յուրաքանչյուր պետություն իր հնարավորությունների սահմանում օգնեց նրանց։ Ուկրաինան կարողացավ օգնել ճարպով, բելառուսները` տաք հագուստով, հայերը` կոնյակով։
Ուղարկեցին տակառներով, ինչը վկայում են լուսանկարները։ Բայց խմիչքի 42 աստիճանը չկարողացավ ջերմացնել ավելի ցուրտ տարածքում գտնվողներին, և այդ ժամանակ կուսակցությունը հրամայեց պատրաստել այնպիսի կոնյակ, որը համապատասխանի Հյուսիսային բևեռի պայմաններին։ Խնդիրը կատարվեց, և ծնվեց 50 աստիճան ունեցող «Դվին» կոնյակը։
Իսկ հետո՞։ Հետո արդեն 1945 թվականին, երբ Դվինը հասավ Յալթա, խմիչքի համը տեսավ ամեն ինչի լավագույնը նախընտրող անգլիացի վարչապետը, որը Յալթա էր մեկնել Իոսիֆ Ստալինին ու Ֆրանկլին Ռուզվելտին հանդիպելու համար։ «Դվինն», անկասկած անկրկնելի էր, Չերչիլը գնահատեց այն, որից հետո Ստալինը հանձնարարեց իր անգլիացի դաշնակցին ապահովել հայկական կոնյակով։ Ու երբ այսօր ասում են` որտե՞ղ են վավերագրական ապացույցները, որ այդ ամենը հենց այդպես է եղել, ես էլ իրավունք եմ վերապահում հարցնելու` իսկ որտե՞ղ են ապացույցները, որ այդ ամենն այլ կերպ է եղել։ Պատասխան չկա… Բայց ուրիշ բանի մասին են խոսում։
Այն մասին, որ Չերչիլին նաև շամպայն են հյուրասիրել, և նա նաև այդ խմիչքն է հավանել։ Շամպայնը մեզ նույնպես չի կարող դուր չգալ թեկուզ այն պատճառով, որ «Սովետական շամպայնը», ինչպես նաև ներբերշիկները, մայոնեզն ու պաղպաղակը, երկրում հայտնվեցին Խորհրդային Միության սննդի արդյունաբերության նախարար Անաստաս Միկոյանի թեթև ձեռքով։
Բայց վերադառնանք Հայաստանի գլխավոր արտադրանքին։ Որքան էլ մեծ լինի հարգանքը վարչապետների ու տիեզերագնացների հանդեպ, այնուհանդերձ պետք է ասել, որ կոնյակն արտադրվում է բոլորի համար։ Եվ անիմաստ է խմել և ուրիշներին հյուրասիրել մի բան, որն արտաքինից նման է կոնյակի, բայց բովանդակությունն ուրիշ է։ Հայկական կոնյակի կեղծ տարբերակը նույնն է, ինչ Կոմիտասի կեղծված երաժշտությունը։ Ե՛վ առաջինը, և՛ երկրորդը չեն կարող խառնուրդ լինել։
Այո, վերջին տարիներին կոնյակի վարկանիշը կտրուկ ընկել է Ռուսաստանում, որը հայկական այս խմիչքի գլխավոր ներկրողն է։ Բայց ընկել է նաև հայերի շրջանում, որոնք ճաշակի հարցում նույնքան պարզ են, որքան անգլիացի Չերչիլը. Հայերը նույնպես նախընտրում են լավագույնը։ Եվ այս դեպքում արդեն բոլորվին կարևոր չէ` Չերչիլը հայկական «Դվին» էր խմում, թե կիզլյարական «Դաղստան»։