Հայերս նախընտրում ենք առաջին տարբերակը
Հայաստանը շրջապատված է հիմնականում իսլամադավան երկրներով` Թուրքիա, Իրան, Ադրբեջան: Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում մեր երկիրը ենթարկվել է ասպատակությունների հենց մահմեդական ժողովուրդների կողմից: Եվ հասկանալի է, որ դարեր շարունակ Արևելքի ազդեցությունը, սովորույթները, նիստուկացը մեզ գոնե պատմականորեն հարազատ են, և հետո, արևելյան ավանդույթները վերցնելը մեր ժողովրդի համար ավելի շատ թշնամական միջավայրում աչքի չընկնելու, ինքնապաշտպանության, ֆիզիկական անվտանգության խնդիր է ունեցել: Բայց, ահա, արդեն մեկ հարյուրամյակ է` մենք ազատ ենք ընտրելու` որ ավանդույթներն են մեզ համար առաջնային` մեր ազգայի՞նը, թե՞ ասիականը, արևելյանը, ընդ որում, վերջիններս` իրենց մակերեսային դրսևորումներով` խոհանոց, նորաձևություն, առատ արդուզարդ, վառ դիմահարդարում, կլկլան երաժշտություն, պորտապար: Ընտրությունը, հասկանալի է, ի վնաս մեր ազգային ավանդույթների ու մշակույթի է: Եվ դա առավել ակնառու է հատկապես հայ կանանց արտաքինի, հետաքրքրությունների շրջանակի, անգամ վարվեցողության ու կենցաղի պարագայում:
Այսօր ողջ աշխարհը իրո՛ք մեծ հետաքրքրություն ունի Արևելքի հանդեպ, հատկապես` Արևելքի կանանց: Նրանք խորհրդավոր են, գեղեցիկ, գիտեն, պահպանում և իրենց զավակներին են փոխանցում իրենց կրոնական, ազգային ավանդույթները, մշակույթը: Թվում է` արևելյան կինը իրավազուրկ է, անպաշտպան, որ պարտադրված է կրել չադրա կամ գլխաշոր: Սակայն հարցրեք նրանց` ցանկանո՞ւմ են հանել իրենց գլխաշորերը: Թերևս նրանցից քչերը կպատասխանեն` այո, քանի որ ազգային տարազով, հնարավորինս փակ հագուստով, զուսպ պահվածքով նրանք հասարակության մեջ իրենց մաքսիմալ պաշտպանված են զգում, ընդ որում` պաշտպանված` նաև մահմեդական օրենքով ու ավանդույթով` ադաթով:
Իսլամում կնոջ դերը ուսումնասիրել է մեր զրուցակիցը` արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմանդա Զարյանը: Մեր դիտարկումներին տիկին Զարյանն այսպես արձագանքեց.
– Գիտե՞ք, յուրաքանչյուր կին, որ դավա-նանքին էլ պատկանի` իսլամական, քրիստոնեական, բուդդայական, նրա ֆունկցիան համաշխարհային ֆունկցիա է` ունենալ երեխաներ, շարունակել սերունդը: Ըստ Շարիաթի` մահմեդական օրենքի, յուրաքանչյուր մարդ, լինի կին թե տղամարդ, պետք է կատարի իր սուրբ պարտքը` ունենա զավակ, որպեսզի շարունակվի իր սերունդը: Այս նույն ֆունկցիան քարոզում են թե՛ Աստվածաշունչը, թե՛ մահմեդականությունը, թե՛ բուդդայականությունը: Սա, կրկնեմ, համաշխարհային ֆունկցիա է, և ոչ մի կրոն չի կարող ճնշել այդ ֆունկցիան: Դա տրված է Աստծո կողմից: Մահմեդական հասարակության մեջ կնոջ ֆունկցիան իրո՛ք տարբերվում է մեր` քրիստոնյա կանանց ֆունկցիայից: Հայերիս վրա կա ազատության, եվրոպական մշակույթի ազդեցությունը: Եթե մենք խոսենք Իրանի մասին, հասկանալի է, որ եվրոպական մշակույթն այնտեղ ոչ մի ձևով ազդեցություն չունի: Եթե խոսենք արաբական երկրների մասին, ապա բազում երկրներում Արևելքն ու Արևմուտքն ունեն հավասարաչափ ազդեցություն թե՛ մշակույթի, թե՛ նիստուկացի իմաստով: Եթե խոսում ենք Թուրքիայի մասին, որն ուզում է անդամակցել Եվրամիությանն, այստեղ ուրիշ հարցեր կան. թուրքերը չեն պահպանում մահմեդական նիստուկացը, կանայք չադրա չեն կրում, ցանկանում են նմանվել եվրոպացիներին: Ըստ այդմ` մահմեդական հասարակություններն էլ տարբեր են: Սակայն կնոջ ֆունկցիան, բոլոր դեպքերում, նույնն է:
– Սակայն Հայաստանը, որը բաց է թե՛ եվրոպական, թե՛ արևմտյան, թե՛ արևելյան մշակույթների, քաղաքակրթությունների առաջ, այնուամենայնիվ, նախապատվությունը կարծես թե տալիս է Արևելքին:
-Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չմոռանանք Հայաստանի զարգացման պատմական փուլերը: Եթե խոսում ենք 19-րդ դարի Հայաստանի մասին, ապա այդ ժամանակ մենք ճնշված էինք մահմեդական աշխարհի կողմից: Եթե խոսում ենք նույն Թուրքիայի մասին, ապա Տաճկահայաստանում ապրող կանայք կրում էին թուրք կանանց տարազ: Սակայն սա այնքան էլ ազդեցության խնդիր չէր: Իսլամ կնոջ տարազն ուներ պաշտպանական ֆունկցիա. առանց այն էլ մենք ճնշված էինք, և հարկավոր էր անգամ հագուստի դեպքում պահպանել որոշակի չեզոքություն: Մենք պետք է աշխատեինք չառանձնանալ, աչքի չընկնել, այդպիսով` պահպանել ֆիզիկական անվտանգությունը: Երբ խոսում ենք 20-րդ դարի սկզբում Հայաստանի տարածքում ապրող հայ կանանց մասին, ապա չպետք է մոռանալ, որ այդ շրջանում Հայաստան Թուրքիայից եկան բազում կանայք, որոնք իրենց գիտակցական կյանքում կրել են չադրա և այդպես են իրենց պաշտպանված զգացել հասարակության մեջ, հետևաբար՝ Հայաստանում նրանք դարձյալ պահպանեցին թուրք կնոջ տարազը: Ռուսաստանից եկած հայ կանայք, հասկանալի է, կրում էին ամենևին ոչ արևելյան հագուստ:
– Ժամանակակից հայ կանայք ֆիզիկական անվտանգության խնդիր, կարծես, չունեն: Սակայն նախապատվությունը տրվում է արևելյան կնոջ կերպարին: Սերիալային հերոսներին արտաքին նմանությունը, դիմահարդարումը, հագուստի, գույների համադրությունը: Եվ, ի վերջո, իսլամ կնոջ ամենաազդեցիկ ատրիբուտը` պորտապարը: Դուք գիտե՞ք, որ այսօր բազում են այն կանայք, ովքեր հատուկ պարուսույցների մոտ պորտապար են սովորում: Սա նշում ենք ոչ թե քննադատաբար (ի վերջո, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության հարցում), այլ հասկանալու համար, որ արևելյան կնոջ մոդելը մեզանում դոմինանտ է:
– Արևելքը հիմա գերել է ոչ միայն հայ կանանց: Եթե մենք դիտարկենք սլավոնական երկրների կանանց, արաբականն այնտեղ ևս գերել է բոլորին: Արաբականն այսօր մոդայիկ է, գրավիչ է, հետաքրքիր է, և դա է պատճառը, որ շատերը հիացած պորտապար են պարում, հիացած կրում են արաբական ոճի հագուստ: Սակայն դա միայն արտաքին մասն է: Նրանք չեն խորանում սովորույթների, նիստուկացի մեջ: Արաբական պարերում կա տաքություն, տեմպ, արագ ռիթմ: Հեռուստացույցով բազմաթիվ սերիալներ են ցուցադրում: Ջեյդին նվիրված սերիալն, օրինակ: Եթե մարդիկ ամեն օր, ամիսներ շարունակ դիտում են այդ սերիալը, այդ կյանքը նրանց գերում է: Նրանք սկսում են ընդօրինակել հերոսուհիներին: Այդ սերիալը մասնագետի աչքին կարող էր շատ պարզունակ թվալ, սակայն հասարակ մարդիկ դրանից բավական ինֆորմացիա, այնուամենայնիվ, քաղում էին:
– Սակայն ունենք հայկական ավանդույթ-ների, կենցաղի մասին պատմող ֆիլմեր, որոնք, եթե սպանես, երիտասարդները նույնքան հետևողականորեն չեն դիտի, առավել ևս, չեն ընդօրինակի հերոսներին: Չգիտեմ, գուցե դիպուկ օրինակներ չեն «Նամուսը», «Պեպոն»:
– «Նամուսն» ու «Պեպոն» ընդհանրապես չենք նայում: Ինչ վերաբերում է գրականությանը, ապա երիտասարդներն այսօր ընդհանրապես ոչինչ չեն կարդում: Իսկ սերիալները հեշտ մատուցվող, քաղցր պատմություններ են: Եվ հետո, հայկական ավանդույթները մենք, այսպես թե այնպես, գիտենք: Մեր երիտասարդներն այսօր երգում ու պարում են հայկական երգեր ու պարեր, և մենք մեր մշակույթի վերակենդանացման ականատեսն ենք: Օտար մշակույթը, ավանդույթները հետաքրքիր են: Խորհրդային տարիներին մենք տարբեր երկրների, մասնավորապես՝ Արևելքի քաղցը զգում էինք, և այսօր այս լիությունը գերում է բոլորին:
– Սակայն մեզ համար նույնքան փակ են եղել ոչ միայն արևելյան մշակույթը, այլև եվրոպականը: Թերևս Դուք էլ կհամաձայնեք, որ եթե մի հեռուստաալիքով ցուցադրվի, ասենք, Կուստուրիցայի որևէ ֆիլմ, մյուսով՝ Ձեր նշած սերիալը, հեռուստադիտողների քանակի առումով կշահի սերիալը:
– Ես համարում եմ, որ Ջեյդի մասին պատմող սերիալը հետաքրքիր է նրանով, որ նոր է: Երբ մարդիկ սկսեցին աշխարհը հայտնագործել, ինչպե՞ս էր. մեկ Հնդկաստանը հայտնաբերեցին, մեկ` Չինաստանը, Ամերիկան: Թվում է` Եվրոպայում ապրում էին, թող նստեին իրենց տեղում: Բայց ոչ: Հետաքրքիր է: Եվ մենք էլ փորձում ենք ճանաչել այն, ինչ չգիտենք, ինչը հետաքրքիր է: Եվ հետո, չմոռանանք, որ շրջապատված ենք իսլամական երկրներով:
– Արաբական հեքիաթները շաքարի նման քաղցր են, հեքիաթներում կան աստղեր, սեր, կիրք, նրանք նման չեն, ասենք, Անդերսենի կամ Հոֆմանի խորը և սառը հեքիաթներին, հետևաբար և գրավիչ են: Սակայն իրականությունը իրականություն է նրանով, որ տարբերվում է հեքիաթից: Դուք նշեցիք կնոջ համաշխարհային առաքելության մասին` ունենալ և դաստիարակել սերունդ, սակայն Հայաստանում երեխա ունեցող կնոջ առաջ լրիվ այլ խնդիրներ ու դժվարություններ են ծառացած, իսլամադավան կնոջ առաջ` այլ, եվրոպացի կանանց` այլ: Իսլամ կինը պաշտպանված է ավանդույթով, եվրոպացի կանայք` սոցիալապես, հայ կանայք` ոչ մի կերպ:
– Իսլամ կինը ֆինանսապես պաշտպանված է, եթե նա ամուսնացած է և գլխին ամուսին ունի: Այս նույն բանը կարող եմ ասել նաև հայ կնոջ մասին. եթե հայ կինն ամուսին, շեշտեմ` նորմալ ամուսին ունի, նա պաշտպանված է ֆինանսապես, եթե ամուսինն աշխատում է: Եթե կինն ամուսնացած չէ, ապա հալածանքը թե՛ մեր երկրում կա, թե՛ իսլամական: Եվ այդ հալածանքն ի սկզբանե դրված է յուրաքանչյուր ազգի Սուրբ գրքում: Սուրբ գրքերում գրված է` պետք է ամուսնանաք և երեխա ունենաք: Եթե չենք ամուսնանում կամ գիտակցաբար հրաժարվում ենք երեխա ունենալ, ուրեմն չենք կատարում Աստծո պատվիրանը, հետևաբար հալածվում ենք: Մանրակրկիտ ուսումնասիրված է, որ Ղուրանը փորձում է պաշտպանել յուրաքանչյուր կնոջ: Եթե կինն ունի ամուսին՝ լավ, իսկ եթե չունի ամուսին, եղբայրը պարտավոր է ֆինանսավորել նրան և պահել: Երկար դարեր նույն կարգը կար նաև հայերի մեջ: Սակայն մենք ընկանք եվրոպական ազդեցության տակ (իսկ եվրոպականն այդ առումով լավ չէ): Մենք տեսնում ենք` եվրոպական ընտանիքը արևելյան ընտանիք չէ: Երեխան 16-17 տարեկանից տանից հեռանում է` որպես ինքնուրույն մարդ: Այդ երեխան իրո՞ք ինքնուրույն է: Անգամ 40 տարեկան մարդն ինքնուրույն չէ: Ստացվում է, որ ամենակրիտիկական տարիքում երեխային շպրտում են դուրս: Այդ դեպքում, ինչպե՞ս պահանջել նույն այդ երեխայից, որ հետագայում հոգ տանի իր տարեց, հիվանդ ծնողների մասին: Ընտանիքը կարևոր է և ընտանիքն է պահում այդ կապերը:
– Սակայն Եվրոպայում հրաշալի է աշխատում սոցիալական համակարգը, և տարեց, անօգնական ծնողը չունի իր երեխայի հոգատարության, ֆինանսների կարիքը, քանի որ նրա մասին հոգ է տանում պետությունը:
– Իմ կարծիքով, առավել ճիշտ է ելակետ ունենալ Արևելքը: Մենք, ի վերջո, Արևելք ենք: Այդ ե՞րբ դարձանք Եվրոպա: Եվ չենք էլ դառնա: Մենք արևելյան մենթալիտետի, ավանդույթների կրող ենք: Եվ, ի վերջո, Արևելքն է քաղաքակրթության օրրանը:
– Արևելքի կանայք համարվում են ճնշված, քանի որ հաճախ` ոչ իրենց կամքով, կրում են չադրա, բազմակնության գործոնն էլ, կարծես, այնքան էլ հաճելի չէ կնոջ համար` անկախ նրա դավանանքից:
– Դա այն է, ինչ եղել է 19-20-րդ դարերում: Հիմա մեկ-երկու երկիր կա, ուր բազմակնությունը պահպանված է: Նախ` բազմակնության համար առաջին պայմանն այն էր, որ տվյալ մարդը պետք է այնքան գումար ունենար, որ կարողանար մի քանի կին պահել: Տղամարդը կարող էր երկրորդ կին բերել, եթե ա) առաջին կինը մահացել է, բ)եթե առաջին կինը երեխա չի կարող ունենալ և գ) եթե այդ կինն անաշխատունակ է, անառողջ: Հակառակ դեպքում երկրորդ կին բերելը խայտառակություն էր: Երկրորդ, չորրորդ կին բերում էր շեյխը, խալիֆը, նրանք, ովքեր ֆինանսապես ապահով էին: Արևելքը մտածել է` յուրաքանչյուր կնոջ պետք է ապահովել. չէ՞ որ, եթե կինը չի աշխատում, այսինքն` իրավունք չունի աշխատելու, քանի որ նրա ֆունկցիան հստակորեն ընդգծված է` ունենալ և դաստիարակել երեխաներին, նրան և իր երեխաներին ինչ-որ մեկը պետք է ֆինանսապես ապահովի: Ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Տղամարդը: Կինն այն ժամանակ է գնում աշխատելու, երբ ինքն ապահովված չէ:
– Թույլ տվեք չհամաձայնել, քանի որ կնոջն աշխատել դրդում է ոչ միայն ֆինանսական ապահովության ցանկությունը։ Տվյալ դեպքում, կնոջը ևս պետք է կիրառել իր մասնագիտական հմտությունները թե՛ գիտության մեջ, թե՛ տարբեր ոլորտներում:
– Հասկանալի է: Բայց խոսում ենք անհրաժեշտության մասին: Եթե ես գնում եմ աշխատելու իմ նախընտրած ասպարեզում, աշխատում եմ որպես ուսուցիչ, ես դարձյալ սերունդ եմ դաստիարակում: Եթե բժիշկ եմ, նույնպես կատարում եմ իմ ֆունկցիան` ավելի լայն մասշտաբով:
– Իսլամ կանանց մասին տպավորությունը վերջին տասնամյակում կարծես փոխվել է: Հեզ, ամոթխած, լուռ այդ կանայք պատրաստ են մասնակցել ահաբեկչական գործողություններին` իրենց հետ այն աշխարհ տանելով բազում անմեղ մարդկանց, երեխաներին: Մի բան, որ հակասում է կնոջ բնույթին:
– Եթե խոսում ենք պատերազմից, դա արդեն կնոջը հատուկ բան չէ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եկեք հիշենք, կանանց անձնազոհության որպիսի օրինակներ ենք անցել անգամ դպրոցում: Կինը զենք էր արտադրում, գնում էր պատերազմ, ինքն իրեն էր պայթեցնում: Պատերազմը թելադրում է իր օրենքները: Ես չեմ կարող մեղադրել իսլամ կանանց, որոնք պատրաստ են իրենք իրենց ոչնչացնելով` ոչնչացնել ուրիշներին: Եվ ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս նրանց մեղադրել: Նրանք կանայք են, որոնք կորցրել են ամեն բան, որոնք այլ հարթությունում են ապրում: Այդ կանանց կյանքն այլևս չի հետաքրքրում: Նրանք էքստրեմալ պայմաններում մեծացած կանայք են, որոնց մի մասը կորցրել է երեխաներին, ծնողներին, ամուսնուն: Եվ կյանքը նրանց այլևս չի հետաքրքրում: Նրանք նման ահաբեկչական գործողություններով փորձում են արժանանալ իսլամական դրախտին:
– Զրույցի սկզբում ասացիք, որ հայ և իսլամ կանայք պատմության, հանգամանքների բերումով մի տեսակ նույնականացել են:
– Մենք դարեր շարունակ նման էինք: Անգամ կարող եմ ասել` լրիվ նույնն էինք: Չխոսկան էինք, փակվածության կանոններն ընդհանուր էին: Երբ հայ կինն ամուսնանում էր, մտնում էր ամուսնու տուն, չէր խոսում սկեսուրի, սկեսրայրի, տեգոր հետ: Փակվածությունը ևս ընդհանուր է եղել: Եթե իսլամ կինը չադրա էր գցում, և երևում էին միայն աչքերը, հայ կինը միշտ էլ կրել է գլխանոց, երկար փեշ, թևերը, դոշերը երբեք չի բացել: Մուգ գույներ ենք ընտրել, որպեսզի աչքի չընկնենք: Գենդերային խտրականությունը կար և կա: Եվ կանայք միշտ էլ փողոցում փորձել են պաշտպանվել օտար տղամարդու հայացքից, ուշադրությունից: Սա նորմալ է: Դա կար: Այ հիմա, երբ մենք չափից ավելի բացվում ենք և փորձում ենք այդպիսով աչքի ընկնել, սա մեզ հատուկ չէ: Եթե Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայում ձգտում են աչքի ընկնել, այնտեղ տղամարդկանց պակաս կա: Բայց Հայաստանում այդ խնդիրը երբեք չի եղել. տղամարդիկ մեզ մոտ միշտ էլ շատ են եղել:
– Բայց դա այդպես չէ. ժողովրդական, ոչ ճշգրիտ վիճակագրությունն, օրինակ, փաստում է, որ մեկ տղամարդուն «բաժին են հասնում» տասից ավելի կանայք: Հիշենք Ղարաբաղյան պատերազմը և, ի վերջո, արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում տղամարդիկ:
– Այս դեպքում կինը պետք է պայքարի, նրան հատուկ է ընտանիք կազմելու ցանկությունը: Սակայն դրա համար հանել հագուստն ու իրեն գցել մեյդան, ես, ճիշտն ասած, որպես կին, դա չեմ հասկանում: Այսպես թե այնպես, Հայաստանում միշտ էլ կինն է տղամարդուն հետաքրքրել, և ոչ թե հակառակը: Մեր ավանդույթները, փառք Աստծո, պահպանվել են: Հայրերը, որոնք ունեն աղջիկներ, նրան պաշտպանության տակ են առնում, առանձնակի հոգ են տանում նրա մասին, մինչև ամուսնացնելը:
– Դուք ամեն բան փորձում եք հիմնավորել ավանդույթներով, սակայն չե՞ք կարծում, որ կա նաև ցածր գիտակցության, քաղքենիության գործոնը, որը ևս լուրջ, հիմնավոր ավանդույթներ ունի` դարեր շարունակ փակվածությունը, չխոսկանությունը, կրթությանը, ինքնակրթությանը մեծ տեղ չտալը կատարել են իրենց դերը: Կանայք Հայաստանում այսօր տոտալ թերագնահատվածության բարդույթ ունեն:
– Չեմ կարծում, որ մեր կանայք իրենց թերագնահատում են: Բազում կանայք աշխատում են, բազում կանայք նստած են մեքենայի ղեկին, իրենց գլուխը պահում են և դեռ մի բան էլ իրենք են թելադրում: Զուր չէ այն ասացվածքը, որ տղամարդը գլուխն է, կինը` վիզը, ուր ուզենա, կպտտի: Եվ, փառք Աստծո, այդպես էլ կա: Եթե մենք խոսում ենք ընտանիքի մասին, կինն այնտեղ առաջնային, անփոխարինելի ֆունկցիա ունի: Այլ բան, եթե մենք խոսում ենք ընտանիքից դուրս վիճակի մասին: Իսկ եթե մենք խոսում ենք նորմալ կառույցի` ընտանիքի մասին, այնտեղ նախևառաջ պետք է թագավորի ներդաշնակությունը: Հայ կանայք երկար ժամանակ ճնշված են եղել: Այսօր մենք կարողանում ենք ուղղել մեր ողնաշարը: Մենք հասկացել ենք, որ կան բաներ, որոնք կարող ենք անել ինքնուրույն, և դրա համար ամենևին անհրաժեշտ չէ, որ ինչ-որ մեկը կողքից քեզ դա թելադրի:
– Իսլամ կանայք շատ լավ գիտեն իրենց ավանդույթները, կրոնը, հետևում են ծեսերին, գիտեն դրանք և կարող են փոխանցել: Հայ կանանց մեծ մասը, պետք է նկատել, այնքան էլ տեղյակ չէ մեր ազգային մշակույթին, ավանդույթներին, քրիստոնեական արժեքներին:
– Հիմա մենք սկսում ենք վերադառնալ մեր ակունքներին, արդեն խոսում ենք դրա մասին: Օրինակ` սկսել ենք զարգացնել հայկական նորաձևությունը, արվեստը: Մենք հազիվ սկսել ենք եկեղեցի գնալ, կնքվել, պսակադրությունն անպայման եկեղեցում է արվում: Մահմեդական Արևելքում 7-րդ դարից սկսած իսլամական աշխարհը պահում ու պահպանում է կրոնական ավանդույթները, բայց մենք, ի տարբերություն իսլամների, չգիտենք մեր կրոնի պատմությունը, մեր ավանդույթները:
– Դուք ուսումնասիրել եք իսլամում կնոջ դերը, ֆունկցիան: Կարո՞ղ եք ասել, որքանով են արժանահավատ այն հավաստիացումները, որ հայ կինն աշխարհի ամենաառաքինի, ամենագեղեցիկ, ամենահամբերատար կինն է:
– Նման բան պնդել ես չեմ կարող: Աշխարհի բոլոր կանայք այդպիսին են, սակայն ինչ-ինչ հանգամանքներ կարող են այդ հատկանիշները առավել սրել կամ առավել բթացնել: Սակայն գիտեմ մի բան. հայ կանանց հարգում են, մեզ սիրում են: Կանայք նորմալ ապրում են, ամուսինները կատարում են նրանց ցանկությունները, հայրերը, եղբայրները նրանց սիրում են, նվերներ են տալիս, ի՞նչն է պակաս: Մենք ուզում ենք աշխատել՝ աշխատում ենք, չենք ուզում՝ ո՞վ կարող է մեզ ստիպել աշխատել: Կարո՞ղ է մենք հիմա որևէ մեկի ոտքերն ենք լվանում: Իսկ ըստ ավանդույթի` մենք պետք է մեր սկեսրայրների ոտքերը լվանայինք: Հիմա ժամանակները փոխվել են, և աշխարհի բոլոր կանանց ուսերին մեծ պատասխանատվություն ու մեծ ֆունկցիա է դրված, որոնք, Աստծո օգնությամբ, կատարում ենք:
Լիլիթ Ավագյան
«3 Միլիոն»