Տարվա ցուրտ եղանակին ցանկալի է օգտագործել օրգանիզմը տաքացնող սնունդ, հավաստիացնում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ Իրենց տաքացնող հատկանիշներով հայտնի են որոշ համեմունքներ, որոնք դիետոլոգը խորհուրդ է տալիս հնարավորինս հաճախ հավելել կերակրատեսակների ու նույնիսկ ըմպելիքների մեջ։
Աշնանը ու ձմռանը ձեզ կօգնեն տաքանալ այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են կոճապղպեղը, կարմիր ու սև պղպեղը, չիլի պղպեղը, նաև մեխակն ու դարչինը։ Հայերը, դիետոլոգի խոսքով, այնքան էլ հաճախ չեն կերակուրների մեջ օգտագործում այդ համեմունքները՝ նախապատվությունը տալով աղին, որը ի տարբերություն վերոնշյալ համեմունքների, կարող է վնասակար լինել առողջության համար, հատկապես չարաշահելու դեպքում։
Այդ համեմունքները կարելի է հավելել ցանկացած կերակրատեսակի մեջ. դրանք ավելի համեղ ու տաքացնող կդարձնեն կերակուրները։ Այդ համեմունքները կարելի է հավելել նաև թեյի մեջ, դրանցից կարելի է նաև եփուկներ պատրաստել։
Դիետելոգը խորհուրդ է տալիս փորձել հետևյալ եփուկը՝ մեկ բաժակ ջրի մեջ 5 րոպե եռացնել 0․5 գդալ կոճապղպեղ, դարչին ու մեխակ, խմել եփուկը ուտելուց առաջ։ Այդ եփուկը, դիետոլոգի խոսքով, ոչ միայն տաքացնում է օրգանիզմը, այլև արագացնում մարսողությունը, որը դանդաղում է աշնանն ու ձմռանը։
Նույն հատկանիշներն ունի նաև կարդամոնից, ֆենխելի սերմերից ու չամանից պատրաստված եփուկը։ Սակայն այն արդեն խորհուրդ է տրվում խմել ուտելուց 15-20 րոպե հետո։
Հատուկ ուշադրության է արժանի քրքումը։ Այն, մասնագետի խոսքով, ունի հակաուռուցքային հատկանիշներ, որոնք բազմիցս հաստատվել են հետազոտություններով։ Բացի դրանից, եթե քրքումը հավելեք մեկ բաժակ մածունի կամ կաթի մեջ ու խմեք քնելուց առաջ ՝ այն կարող է նպաստել ավելի հեշտ քնելուն ու ընդհանուր առմամբ կբարելավի քնի որակը։
med.news.am