Արմեն Մարտիրոսյան. Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ոչ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արմեն Մարտիրոսյան. Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ոչ. hraparak.am

Հարցազրույց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:

– Պարոն Մարտիրոսյան, հարկել եկեղեցին և բարձրաստիճան հոգևորականներին, ինչպես նաև ունեցվածքի հայտարարագրեր ներկայացնել. սա նախկին վարչապետ և նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետևողական և ժամանակ առ ժամանակ նորացվող առաջարկն է: Դուք ի՞նչ եք մտածում այս մասին:

– Հայ առաքելական եկեղեցին, ինչպեսև այլ կրոնական կազմակերպություն, պետք է լինեն հավասար պայմաններում: Պետությունը չպետք է որևէ մեկ կրոնական կազմակերպության նկատմամբ ավելի դրական վերաբերմունք ունենա, քան մյուսների: Եվ բխում է եկեղեցու իրական շահերից, քանի որ, երբ անընդհատ ինչ-որ մեկին կերակրում ես, ու նա ոչ մի բան չի անում, նա դառնում է «մամայի բալա»: Ու էդ ճանապարհն է մեզ մոտ եղել, որ անընդհատ ինչ-որ մեկը պահի եկեղեցին: Եթե Հայ առաքելական եկեղեցին ուզում է վերադառնալ իր անցյալ փառքին ու հզորությանը, ապա պետք է ունակ լինի իր հարկերը վճարելու, աշխատելու պետականության ներքո:

Հակառակ դեպքում եկեղեցին կուտի պետականությունը: Եթե մենք չենք ուզում, որ կրկնվի պատմությունը, և պետականություն կորցնենք, պիտի նորմավորենք ախորժակները ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև ցանկացած կրոնական կազմակերպության: Ինչ վերաբերում է հարկերին, ապա, որքանով տեղյակ եմ, Հայ առաքելական եկեղեցին ազատված է ավելացված արժեքի հարկից: Որքանո՞վ է արդար, որ եկեղեցին ազատված լինի ԱԱՀ-ից, իսկ գրահրատարակչությունը՝ ոչ: Այն դեպքում, երբ երկուսն էլ լուսավորչությամբ են զբաղվում: Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ոչ, երբ գրքի լույսը, հաստատ, ավելի շատ է: Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիտական աշխատանքը՝ ոչ: Եվ միգուցե այդ պատճառով մենք չունենք հրատարակչություն և չունենք գիտություն՝ հույսներս դնելով միայն Աստծո վրա: Դրա համար էլ մեր պետությունն էս վիճակում է: Մյուս կողմից՝ եկեղեցուն անընդհատ նոր տարածքներ, նոր հողակտորներ, նոր շինություններ են տրամադրվում. ճիշտ է, եթե դա մասնավոր անձանց կողմից է կատարվում, իմ գործը չէ, ինչ ուզում են, թող անեն, բայց եթե այդ մասնավոր անձինք այդ ամեն ինչն ստացել են պետությունից և հիմա պետության փոխարեն դա հանձնում են եկեղեցուն՝ որպես ինդուլգենցիա, ես դա չեմ ընդունում: Եվ չեմ ուզում, որ իմ պետության ռեսուրսները ծախսվեն շինություններ, եկեղեցիներ կառուցելու վրա. 21-րդ դարում եկեղեցի չեն կառուցում: Մի քանի հետամնաց երկիր եմ ճանաչում, որտեղ մզկիթ են կառուցում՝ 21-րդ դարում: Եկեղեցի չեմ տեսել՝ լինելով 72 երկրում: Հասարակությունները եկեղեցին կառուցում են՝ մարդու ներսում կառուցելով տաճարը, և դա անում են կրթության միջոցով՝ լավ համալսարաններ, գիտական հիմնարկներ, կրթական համալիրներ ստեղծելով: Պատկերացրեք՝ այն բոլոր եկեղեցիների փոխարեն, որոնք 21-րդ դարում կառուցվել են Հայաստանում, քանի «Թումո» կկառուցվեր, քանի գիրք կհրատարակվեր, քանի ֆիլմ կնկարահանվեր: Խոսքն այսօր արտադրվող աղբի մասին չէ:

Ի՞նչ ենք անում մենք: Մոմ ենք վաճառում, ու, ցավոք սրտի, շատ վաղուց հասարակությունը մոմ է վառում և աղոթք չի անում: Որովհետև աղոթքն ազատված չէ ԱԱՀ-ից, մոմն է ազատված:

Ամբողջությամբ՝ hraparak.am



Նման նյութեր