Հայաստանում մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը։ Այս տարի այն ընդլայնել է ներկայացվող ֆիլմերի աշխարհագրությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին՝ հավելելով, որ ստացել են դիմումներ 100 երկրից:
«Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ, որովհետև փառատոնը 9-րդն է, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի նշելու ենք արդեն 10-ամյակը: Այն համընկնելու է հայկական անիմացիայի 80-ամյակին: Հպարտությամբ եմ նշում, որ այս տարվա ծրագիրը նորից ընդլայնվել է: Այս տարի ներկայացված դիմումների թիվը գերազանցել է նախորդ տարվա դիմումներին, որոնք 2250-ն էին, իսկ այս տարի ունենք 2500 դիմում, ինչը վկայում է փառատոնի հանդեպ տարածաշրջանում և աշխահում մեծ ուշադրության մասին»,- ասաց նա:
Վրեժ Քասունին տեղեկացրեց, որ շուրջ 200 ֆիլմ, այդ թվում՝ 6 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։
«Ծրագրերում ընդգրկված են հոյակապ, աշխարհի տարբեր երկրներում մրցանակների արժանացած, հանրահայտ ռեժիսորների աշխատանքներ: Փառատոնի կարճամետրաժ և հեռուստատեսային մրցութային ծրագրերում ընդգրկված է հայկական 5 ֆիլմ:
Հայկական հատուկ ծրագիր ներկայացված չէ: Մեր արտադրությունն այդքան շատ չէ, որ ամեն տարի նոր հատուկ ծրագիր անենք, չենք էլ ուզում արհեստականորեն ծրագրեր ստեղծել»,- ներկայացրեց փառատոնի հիմնադիր տնօրենը՝ ընդգծելով, որ
ջանքերը պահպանում են հաջորդ տարվա՝ հայկական անիմացիայի 80-ամյակի համար, որի շրջանակում աշխատելու են ներկայացնելու 80-ամյա անիմացիոն արվեստը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ նշեց, որ շատ գոհ էր Հայաստանում եղած այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ նման փառատոնին մասնակցելու համար:
«Ֆրանսիայի դեսպանությունը փառատոնի ստեղծման օրվանից իր աջակցությունն է ցուցաբերել և շարունակում է դա անել:
Բնականաբար, մեզ գոհունակություն է պատճառում այն իրողությունը, որ ֆրանսիական կինոն լայն ներկապնակով ներկայացված է այս կինոփառատոնին»,-ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ տեղեկացնելով, որ փառատոնի շրջանակում ցուցադրվելու է ֆրանսիական կինոարտադրության 32 ֆիլմ, իսկ փառատոնը փակվելու է առաջին անգամ ներկայացվող ֆրանսիական ֆիլմով՝ «Մեծ չար աղվեսն ու այլ պատմություններ»:
«Անիմացիոն ֆիլմերի ոլորտում համաշխարհային մակարդակով Ֆրանսիան թիվ երրորդ առաջատար երկիրն է, իսկ Եվրոպայում առաջնայնությունը պատկանում է Ֆրանսիային: Օրինակ՝ 1916 թվականի անիմացիոն «Փոքրիկ իշխանը» ֆիլմն արդեն իր վարձույթում գրանցել է 18 մլն դիտում»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը և հավելեց, որ հաջորդ տարվա փառատոնը համատեղ ներկայացվելու է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նման կարևոր իրադարձության հետ:
«Այդ պատճառով ցանկությունս այն է, որ հաջորդ տարվա փառատոնին ֆրանկոֆոնային շեշտվածությունն անհամեմատ ավելի մեծ լինի»,- ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը հավաստիացրեց, որ փառատոնն այս տարի ևս բավականին հետաքրքիր է լինելու մշակութասեր հասարակության համար:
«Պատահական չէ, որ այս փառատոնը նույնպես ընդգրկված է մշակույթի նախարարության պետական ծրագրերում և դարձել է ավանդական, քանի որ մեր քաղաքականության հիմքերից մեկը ոլորտում բազմաժանր մոտեցումն է, իսկ անիմացիոն ժանրը մեզ համար ամենահետաքրքիր ժանրերից է: Այս տարի գրանցեցինք աշխարհագրական ընդարձակ մասնակցություն, ինչը խոսում է այն մասին, որ փառատոնը գնալով զարգանում է»,- նշեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչը:
Փառատոնը մեկնարկելու է 2017 թվականի բրիտանական ֆիլմարտադրության լավագույն ֆիլմերից մեկով՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վան Գոգի կրքերը» ֆիլմով: ՀՀ-ում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ արդեն մի քանի տարի սիրով համագործակցում են փառատոնի հետ, փորձում են փառատոնի շրջանակում ներկայացնել բրիտանական անիմացիոն ֆիլմերը:
Ասուլիսին ներկա «Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթն ասաց, որ Վան Գոգը համաշխարհային ճանաչում ունեցող դեմք է, այդ պատճառով էլ այս ֆիլմի ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրների նկարիչներ: Նա ցավով նշեց, որ հայ նկարիչների հետ չեն աշխատել:
«Ուրախ եմ, որ ֆիլմը ներկայացվելու է նաև Հայաստանում»,- ընդգծեց ֆիլմի պրոդյուսերը և հավելեց, որ
հանդիպումներ է ունենալու հայ անիմատորների հետ:
«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։
«ՌեԱնիմանիա» 9-րդ փառատոնը կկայանա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը: