Արմավիրի մարզի Ապագա գյուղի հազարավոր բնակիչեր սերնդեսերունդ զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ` փորում հողը, ցանք կատարում, ջրում և պարարտացնում, այնուհետև բերք հավաքում: Երբ երեք տարի առաջ արևմտյան կրթությամբ երկու երիտասարդներ` Արտեմ Պարսեղյանը և Գրիգոր Ջանոյանը գյուղատնտեսության մեջ նոր փորձ արեցին` ներդնելով ակվապոնիկ ջերմոցային համակարգ, արժանացան գյուղացիների ոչ միանշանակ վերաբերմունքին:
Չնայած այդ արձագանքներին` տղաները շարունակում են իրենց նախաձեռնությունը: Նրանց համոզմամբ, թեև հիմա գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չունեն, բայց վտանգված են Ապագայի մշակելի հողերի ապագան, դրանք աղակալում են: Ուստի ակվապոնիկ ջերմոցները կարող են լուրջ դերակատարություն ունենալ ոչ միայն Ապագա գյուղում, այլև մյուս համայնքներում: Ակվապոնիկ ջերմոցներում բույսերն աճում են ջրում՝ սննդանյութ ստանալով ձկների կամ ջրային այլ կենդանիների միջոցով: Սա նաև բնապահպանական խնդիրներ է լուծում. խնայելով ջուրը՝ մի քանի անգամ ավել էկոլոգիապես մաքուր բերք է ապահովում:
Սոցիալական ձեռներեցները նպատակ ունեն նաև ծանոթացնել գյուղացիներին այս համակարգի առավելություններին և դրա հետ աշխատելու հմտություններին, որպեսզի հետագայում ջերմոցը փոխանցեն համայնքին: