Հայաստանի դեռահասների 75 տոկոսն ազատ ժամանակն անցկացնում է հեռուստացույցի էկրանների առջև նստած, այս մասին են վկայում «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքները, որը իրականացվել է 2013-2014 թթ․։ Դա հատկապես վերաբերում է քաղաքաբնակ դեռահասներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է «Արաբկիր» ԲԿ-ի Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների առողջական ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։
Նա նշել է, որ հիմա անցկացվում է նոր հետազոտություն՝ 2017-2018 թթ․ համար ու ակնկալվում է, որ հեռուստացույցի, համակարգչի առաջ, սմարթֆոններն ու գաջետները ձեռքներին անցկացված ժամանակի առումով ավելի բարձր ցուցանիշներ կստացվեն։
«Այսինքն ստեղծվում է մի պատկեր, որ դեռահասն օրվա մեծ մասը անցկացնում է նստած՝ դպրոցական նստարանին, տանը ՝ տնային առաջադրանքները կատարելիս, իսկ հետո՝ հեռուստացույցի կամ համակարգչի առաջ»,- ասել է նա՝ հավելելով, որ միաժամանակ Հայաստանում այդքան էլ տարածված չէ մարզասրահ հաճախելը, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական դրությունով, նաև մշակութային առանձնահատկություններով։ Նրա խոսքով՝ դեռահասների նստակյաց կենսակերպն ու դատարկ կալորիաների գործածումը լավ հող են պատրաստում մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման համար։
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի դպրոցների մարզասրահների վիճակը բավականին անմխիթարական է։ Առողջապահության նախարարության վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոցների մեծ մասը չունի մարզասրահ, ու ֆիզկուլտուրայի պարապմունքները տաք եղանակին փողոցում են անցկացվում, իսկ ցուրտ եղանակին՝ առհասարակ չեն անցկացվում։
«Այս խնդիրը կա, բայց պետությունը հնարավորության սահմանում ջանքեր է գործադրում դրա լուծման համար»,- ասել է նա։
med.news.am