Արամ MP3–ի և Գարիկի «Լավ երեկոն» նախորդ շաբաթվանից Հանրայինի եթերում է։ Տղաների նոր աշխատանքը կարելի է համարել «Վիտամինի» թիմի նոր արտադրանքը, քանի որ կադրից դուրս նրանց կողքին են թիմակիցները` Ռոբն ու Վանը` որպես սցենարիստներ, Արմանը` որպես բեմադրող ռեժիսոր։ Tert.am Life–ը եղել է «Լավ երեկոյի» նկարահանման հրապարակում և ներկայացրել է լուսանկարներ ու մանրամասներ։
Նախ` տղաներից փորձեցինք պարզել, թե ով է ամենից շատ աշխատում։) «Միանշանակ, ես ավելի շատ աշխատանք եմ անում, սակայն հավասար աշխատավարձ ենք ստանում, ինչն անարդար եմ համարում»,– կատակեց Գարիկը։ Արամի պատասխանն ընկերոջը չզիջեց. «Հիմնականում համաձայնել եմ վարել այս հաղորդումը, որովհետև շատ փող են տվել։ Կատակում եմ, որ թե հիմնականում, այլ միմիայն այդ պատճառով»։ Այս պատմության ամենամեծ բացահայտումը, թերևս, Ռոբի համար է. նա համարում է, որ աշխատանքը հավասարաչափ է բաշխված, բայց հոնորարի մասին չէր լսել։ «Ես չգիտեի, որ այստեղ գումար են ստանում։ Ինչքան գիտեմ, իրենք էլ են անվճար աշխատում։ Ինձ ընդհանուր գաղափարն է բերել այստեղ»,– նշեց նա։
Իրականում, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը։ Ռոբին երբեք չի կաշկանդել փաստը, որ կարող է աշխատել կադրից դուրս և անել, այսպես կոչված, «սև» գործը։ Ավելին, նա նկատեց, որ իր համար առավել հետաքրքիր է կադրից դուրս աշխատանքը։ Նկարահանման հրապարակում, նա շփվում էր հանդիսատեսի հետ, զբաղեցնում նրանց «ստոպերի» ընթացքում։
«Հյուրերին ընտրում ենք` ըստ տվյալ փուլի արդիականության։ Հումորային մասը, այնուամենայնիվ, մեր ուսերին է։ Եթե հյուրն էլ է մասնակցում հումորային մասին, մեզ համար բոնուս է։ Մեր սցենարիստները հետաքրքիր փաստեր են պեղում հյուրերի մասին, հետաքրքիր իրավիճակներ մտածում նրանց համար, որպեսզի անկախ հյուրի հումորի զգացողությունից` հաղորդումը ծիծաղելի ստացվի։ Մեր սցենարիստները բավականին ակտիվ ու հետաքրքիր աշխատանք են տանում»,– նշց Գարիկը։ Արամն էլ բացահայտեց, որ հյուր կանչելիս, երբեմն, ներդնում են իրենց ընկերական կապերը։ Այդպես է եղել, օրինակ, Հայկ Մարությանի դեպքում։
Գարիկն ու Արամը չեն խուսափում միմյանց կամ իրենք իրենց ծաղրելուց։ Կադրից դուրս նրանց ընկերությունը նպաստում է եթերում միմյանց հետ առավել անկաշկանդ ու ազատ լինելուն։ Ամեն դեպքում, տղաներից հետաքրքրվեցինք` կա՞ սահման, որը փորձում են պահել կամ ինչ–որ քայլ, որը գիտեն` մյուսին դուր չի գա։
«Մեր միջև սահմաններ չկան, ասեմ ավելին, եթերում այդ սահմանները կարող են ավելի բաց լինել, քան իրական կյանքում։ Պահը զգալու նրբությունը ձևավորվել է տարիների ընթացքում, սակայն չկա հստակ սահման, որից հետո գիտեմ, որ Արամը կվիրավորվի։ Դեռ չի պատահել հումոր, որը քննարկման թեմա դառնա, ոչ էլ խոսակցություն եմ հիշում, որ պայմանավորվենք ինչ–որ թեմայից չխոսել։ Անսպասելիության գործոնը միշտ փորձում ենք պահել։ Արամը չգիտի` ես իրեն ինչ տեսանկյունից կմոտենամ, ես էլ չգիտեմ` ինքն ինձ որ կողմից կմոտենա։ Չենք ուզում սահմանափակումներ դնել, դա հաստատ կազդի որակի վրա»,– նշեց Գարիկը։
Արդեն եթերում տղաներից յուրաքանչյուրն ունի իր բաժին աշխատանքը։ Արամն իր վրա է վերցրել երաժշտական և խաղարկային ուղղությունը, Գարիկը` հարցազրույցները։ Հենց այս պատճառով էլ հյուրերը գալիս և հարմար տեղավորվում են Գարիկի կողմում։ «Քանի որ հիմնական հարցերը ես եմ տալիս, հյուրերին տեղյակ ենք պահում, որ գան և նստեն ինձ մոտ,– ասաց Գարիկը, հետո չդիմացավ ու շշուկով հավելեց,– դե, ես ավելի լավ եմ վարում։)»:
Հյուրերի ընտրությունը նախագծում շատ կարևոր է։ Գարիկը նկատեց, որ բոլոր այն հաղորդումները, որոնք հյուրերից են կախված, Հայաստանում լուրջ խնդիր ունեն: «Շատ դժվար է գտնել հյուր, եղած մարդիկ էլ դժվարությամբ են համոզվում. բոլորը խուսափում են խոսել, երգիչն ուզում է երգել, պարողը` պարել և այլն։ Բացի այդ, միֆ կա, որ մենք կանչում ենք մարդկանց ու իրենց դնում վատ դրության մեջ։ Մտածում են` գալու են, չկարողանան հումոր անել, մենք բացատրում ենք, որ դա իրենցից չի կախված, իրենց կյանքն ու առօրյան ավելի հետաքրքիր է մարդկանց։ Մենք լավ ենք ձևավորել համոզելու ինստիտուտը, բոլորի հետ ընկերներ ենք և կարողանում ենք հյուր բերել»,– ասաց նա, ապա ավելացրեց, որ եթե հյուրերին ընտրեն հումորային սանդղակով, օղակն այնքան կսեղմվի, որ, միգուցե, 10–ից ավելի հյուր չունենան։
Ամբողջությամբ՝ life.tert.am