Այսպես կոչված «երջանկության նամակները» կամ «սուրբ նամակներն» աշխարհի նման հին են։
Իմացող մարդիկ ասում են, որ «երջանկության նամակներ» գրելն ու բազում անգամներ վերարտագրելն իր արմատներով գնում է դեպի Արևելքի և Եվրոպայի հին անցյալ։ Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ նման նամակներ գտնում էին փոստային արկղերում, իսկ այսօր դրանք գալիս են էլեկտրոնային փոստով։ Ընդ որում փոխվել է ոչ միայն նամակների առաքման եղանակը, այլև դրանց բովանդակությունը։ Թվում է, թե «երջանկության նամակներն» անվնաս են, սակայն դրանք իրականում դարձել են խաբեության և հեշտությամբ գումար կորզելու միջոց։ «Նովոստի Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե ինչպես պետք է վարվել նման նամակ ստանալու դեպքում։
Վտանգավոր պրակտիկա
Էլեկտրոնային «Երջանկության նամակը» խարդախության ամենավտանգավոր դրսևորումներից է։ Ժամանակի ընթացքում այս երևույթը զարգացում է ապրել, այսօր գլոբալացման և համակարգչային նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ամենատարբեր սպամերները «էլեկտրոնային աղբ» տարածելու համար սկսել են ուղարկել նմանօրինակ նամակներ։ Նույն եղանակը օգտագործում են նաև հաքերները` վիրուսներ և վնասակար ու վտանգավոր այլ ծրագրեր տարածելու համար։
Որպես կանոն, նման նամակներում «արտագրողի» դերը կատարում է հենց վնասակար ծրագիրը։ Իհարկե, օգտատերերի մեծ մասն անտեսում է անծանոթ հասցեներից եկած նամակները։ Այդուհանդերձ, նամակների որոշ մասն ամեն դեպքում հասնում է իր նպատակին. անզգույշ կամ անփորձ օգտատերը բացում է հավելվածը, և վնասակար ծրագիրը հնարավորություն է ստանում ուղարկել իր օրինակները համակարգչում եղած բազմաթիվ հասցեներով։ Այնպես որ, եթե ձեզ «բախտ է վիճակվել» ստանալ «երջանկության նամակ», առանց բացելու և կարդալու ջնջեք այն։
Նիգերիական «երջանկության նամակները»
«Երջանկության նամակների» հաջորդ տեսակն այսպես կոչված նիգերիական նամակներն են, որոնք համացանցում իրականացվող խաբեության առավել շատ տարածված ձևերից են։ Վաղուց գոյություն ունի այս հանցագործության հատուկ անգլերեն եզրույթը` «nigerian scam 419»` նիգերիական խարդախություն։ Այն կոչվում է նաև «prepaid fraud»` խարդախություն կանխավճարով։ Էլեկտրոնային փոստով գալիս է ծանուցում խոշոր գումար կամ արժեքավոր բեռ ստանալու հնարավորության մասին։ Մարդը կարող է մի պահ հավատալ և ուղարկել ոչ մեծ գումար` հույս ունենալով դրա դիմաց ստանալ ինչ–որ մեծ բան։ Հենց սա է խարդախի հիմնական խնդիրը. համոզել մարդուն, որ նա կստանա զգալի միջնորդավճար։
Երբեմն մարդիկ, մեկ անգամ գումար փոխանցելով, շարունակում են փոխանցել`չցանկանալով ընդունել, որ իրենց դաժանորեն խաբել են։ Այս ամենը կարող է հասնել նրան, որ գումարը փոխանցվում է հարազատներից և մտերիմներից գաղտնի, ինչի հետևանքով կորուստը կարող է ահռելի լինել։
Բացահայտ մանիպուլյացիա
Մի հարց է ծագում. ինչու՞ մինչև հիմա կան մարդիկ, ովքեր նախկինի պես հավատում են նման նամակների։ Կա մի քանի պատճառ։
Առաջինը, խարդախները շատ լավ պատրաստված են և տեխնիկապես զինված։ Հաճախ աշխատում են թիմում` օգտագործելով պոտենցիալ զոհի վրա ազդելու տարատեսակ հնարքներ և մեթոդներ։ Թիմում ամեն մեկն ունի իր պարտավորությունները և խնդիրները։ Նրանք ունեն տարբեր ընկերություններին, բանկերին, հաստատություններին պատկանող իսկական բլանկեր և կնիքներ։ Որպես կանոն, դրանք բոլորը նախորդ զոհերի կողմից կամավոր ուղարկված փաստաթղթերի պատճեններն ու բնօրինակներն են։
Երկրորդը, նրանց նամակները հնարամիտ են և գրավիչ` անհավանական ողբերգական պատմություններով, գրված որդիների, կանանց, դստրերի և փաստաբանների անունից Աֆրիկաներում, Մերձավոր Արևելքում կամ անկայուն քաղաքական իրավիճակով այլ երկրներում գրանցված ռազմական հեղաշրջումների, զանգվածային անկարգությունների մասին։ Ընդ որում, իրադարձությունների աշխարհագրությունը կարող է փոխվել։
Պարզապես ջնջեք
Ինչպե՞ս խուսափել հնարամիտ խարդախների ծուղակներից, և ի՞նչ անել «երջանկության նամակների» հետ։ Ամենապարզ և հուսալի միջոցն է արագ ջնջել նման նամակները` անգամ չկարդալով դրանք, չներբեռնելով կցված ֆայլերը, որոնք կարող են «անակնկալ» մատուցել վնասակար վիրուսների տեսքով։ Իրական կյանքում կան բազմաթիվ օրինակներ, երբ օգտատերերը ստիպված են եղել թանկ վճարել հասարակ հետաքրքրասիրության պատճառով` ծախսելով ջանք և ժամանակ համակարգիչը «կարգի բերելու» համար։
Ամբողջությամբ՝ newsarmenia.am