Ծառայած լրագրողի մտորումները նոր օրինագծի մասին. champord.am
Advertisement 1000 x 90

Ծառայած լրագրողի մտորումները նոր օրինագծի մասին. champord.am

Խորհրդարանում քվեարկության ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին իսկ ընթերցմամբ՝ ձայների  89 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց: Բուռն վեճերի ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց  ենթակա փոփոխություններից հատկապես մեկը, որը  վերաբերվում էր պարտադիր զինվորական ծառայությունից, զորակոչից ազատման տարկետման հիմքերին: Ըստ այդմ՝ գիտությամբ զբաղվելուց առաջ տղաները նախ պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Քննարկվող հարցի վերաբերյալ հանրության շրջանում հակադիր կարծիքներ, տեսակետներ են շրջանառվում: Առաջին ճամբարում համոզված են` բանակում մարդաքանակի լուրջ խնդիր կա և ՊՆ-ն ամեն կերպ փորձում է ապագա զինվորներ ապահովել, ինչն էլ փորձում է անել՝ ապագա գիտնականների հաշվին: Մյուս ճամբարում շատ ուրախ են օրինագծում  կատարված փոփոխության համար, քանի որ համոզված են, որ մինչ այժմ բազմաթիվ տղաներ գիտությամբ զբաղվելու պատրվակով պարզապես խուսափել են բանակից: Ինչ խոսք` նման դեպքերի մասին բոլորս էլ լսել ենք, բայց օրինագծում կատարված փոփոխության պատճառով  «թացն ու չորը՝ վառվելու են միասին»: Իրենց զավակներին բանակից ազատել ձգտող ծնողների մեծ մասն ինչ-որ այլ ելք կգտնի, իսկ այ, իրոք գիտությամբ զբաղվել ցանկացողների դեպքում շարունակական ուսման, աշխատանքի հնարավորությունը կչեզոքանա:

Ի՞նչ ես անելու բանակից հետո. աշխատելու եմ

Գաղտնիք չէ, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաները 2 տարվա ընթացքում տարատեսակ իրեր և գումար են ստանում ընտանիքի կողմից: Անընդհատ քննարկվող հարց է, թե ինչու պետք է ընտանիքը զինվորին ապահովի «մայկա- տրուսիկով», եթե կա ՊՆ-ն: Այդ երկու տարվա ֆինանսական միակողմանի հոսքն երբեմն այնքան ճնշող է, որ ծառայության ընթացքում արդեն զինվորների մեծ մասը մտածում է միայն մեկ բանի` զորացրվելուց հետո հնարավորինս շուտ աշխատանքի անցնելու և ընտանիքին օգնելու, սեփական գլուխը պահելու մասին: Հատկապես դիրքերում զինվորն իրեն չափահաս ու հասուն մարդ է զգում, ով զորացրվելուց հետո պարզապես չի կարող հանդուրժել նախկին իրավիճակը, շատերն էլ ուղղակի այլ ելք չեն ունենում: Այո, հնարավոր է ուսման և հատկապես գիտության ձգտող տղաների մի մասի համար մեծ տարբերություն չլինի և ծառայությունից հետո նրանք ձգտեն ուսման` զուգահեռաբար աշխատանք փնտրելով, սակայն մի մասի դեպքում էլ,հաստատ՝ որոշումն այլ կլինի: Սա էլ իբրև հակափաստարկ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե ուսման ու գիտության ծարավ մարդուն բանակի ծառայությունը չի կանգնեցնի:

 Կռվելու ունակ

Շրջանառվող փաստարկներից մեկն էլ այսպիսին է. «Մենք ամեն րոպե ակտիվ պատերազի մեջ ներքաշվելու եզրին ենք, հետևաբար բոլոր տղաներն էլ, առողջական խնդիրներ չունենալու դեպքում պետք է ունակ լինեն պատերազմելու»: Այո՛, իհարկե, սակայն դրա  համար երկու տարի ծառայելու անհրաժեշտություն չկա: Ինտենսիվ զինծառայության  պարագայում հնարավոր է մի քանի ամսվա ընթացքում տիրապետել զենքին, հմուտ խրամատ փորող դառնալ, մեծ վրան խփել և ականները տարբերել սովորել, դիմանալ որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության, լինել մարտական դիրքում… Ճիշտ այնպես՝ ինչպես բանակում է:

Առաջին 6-8 ամիսներին զինվորները բանակում  ինտենսիվորեն սովորում են, և այս փուլը շատ հետաքրքիր է, սակայն հետագայում նրանք դառնում են ընդամենը մարդաքանակ ապահովող: Բոլորիս ցանկությունն է, որ հաստատվի խաղաղություն` մեզ ձեռնտու պայմաններով, սակայն խաղաղության նշույլ անգամ չի երևում այս պահին: Ընդհակառակը… Այս իրավիճակում ՊՆ-ն պետք է պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը ձեռնամուխ լինի, որի պայմաններում հնարավոր կլինի իրականացնել կռվելու ունակ մարդկանց պատրաստությունը կարճ ժամանակահատվածում:

Որտե՞ղ է «շան գլուխը թաղված»

Բանակից ազատվող 100 երիտասարդից մոտ 90-ը ազատվում է բժշկական հիմքով: Ակնհայտ է, և բոլորս էլ լսել ենք այս ոլորտում առկա կոռուպցիայի մասին, չնայած ասում են, որ ապրիլյան պատերազմից հետո բժշկական հանձնաժողովների աշխատանքը խիստ հսկողության տակ է: Կոռուպցիան Հայաստանի գլխավոր չարիքներից է, և եթե ՊՆ-ն ցանկանում է արդարություն հաստատել բանակ գնացողների մասով, պետք է առաջին հեթին այս հարցը կարգավորի:

Անկյունաքար

Ցանկացած երկրի զարգացման անկյունաքարը՝ գիտությունն է: Առանց գիտության զարգացման, մենք մշտապես կախված ենք լինելու այլ պետությունների հայեցողությունից: Փոխանակ ներդրում անենք գիտության մեջ, մի բան էլ մասնատում ենք այն: Անկասկած Հայաստանում կան ու կլինեն գիտնական կանայք, սակայն տղամարդկանց  ասպարեզից կտրելով` լավ բանի չենք հասնի: Գիտության ոլորտում նվաճումների հասած մարդիկ պետք է ազատ լինեն իրենց ոլորտում աշխատելու, քանի որ նրանց աշխատանքի արդյունքը հանրային կարևորություն և օգտակարություն է  ունենալու:

Կիսագողականը փոխարինենք կրթականով

Բանակում բարեփոխումները պետք է օր առաջ իրականացվեն: Մեզանում շատ են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով  արձանագրվող միջադեպերը, որոնք  երբեմն նաև մահվան ելքով են ավարտվում: Եթե բանակում առկա կիսագողական մթնոլորտը փոխվի կրթականով, դրական մեծ շրջադարձ կլինի նաև հանրության շրջանում: Սակայն այս միտքն ավելի ճիշտ կլինի այսպես ձևակերպել. մինչև հանրությունն ինքը  չփոխվի, բանակում առկա կիսագողական մթնոլորտը  երբեք էլ չի վերանա:

Գարեգին Ալեքսանյան

champord.am