Քրիստիան Շելենբերգեր. Հայկական ստարտափները պետք է երկարաժամկետ մտածեն
Advertisement 1000 x 90

Քրիստիան Շելենբերգեր. Հայկական ստարտափները պետք է երկարաժամկետ մտածեն

Նոյեմբերի 18-19-ին Դիլիջանում կայացել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով:

Ֆորումին մասնակցել են տեխնոլոգիական, կրթական և բիզնես ոլորտի, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների 150-ից ավելի ներկայացուցիչներ, ինչպես նաև խոսնակներ աշխարհի 6 երկրներից:

Ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategenընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը Itel.am-ի հետ զրույցում մի շարք խորհուրդներ է տվել հայկական ստարտափներին:

Տեղական արժեքներն ուղղել դեպի աշխարհ

Ամենասկզբում պետք է գտնել այն ոլորտը, որի միջոցով դու կարող ես գլոբալ դառնալ: Միևնույն ժամանակ՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ բոլոր ստարտափները գնան ու գլոբալ ստարտափներ դառնան: Կբերեմ Կարմիր ծովի շուկայի օրինակը, որտեղ առանց գլոբալ խոշոր ներդրումների պարզապես չես կարող զարգանալ և դառնալ մրցունակ արդեն իսկ բավական ուժեղ ընկերությունների շրջանում:

Եթե ես ինքս այստեղ ստարտափ հիմնեի, ապա կկենտրոնանայի Հայաստանի հիմնական արժեքների վրա, արժեքներ, որոնց մասին աշխարհը միգուցե այդքան էլ տեղյակ չէ: Կփորձեի այդ արժեքները մասշտաբայնացնել և ուղղել դեպի արտաքին աշխարհ: Սա ավելի լավ է, քան ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ էլ Ասիայից մոդելներ վերցնելն ու ադապտացնելը:

Խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ

Այլ շուկաներ փնտրելուց առաջ ինքս ինձ հարց կտայի՝ իսկ ի՞նչ շանսեր ունեմ ես տեղական շուկայում: Մի պահ կմոռանայի հայտնի ու խոշոր տեխնո էկոհամակարգերի մասին՝ ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Թել Ավիվը, Ստոկհոլմը, քանի որ այդտեղ շատ ավելի բարդ է լինելու, քան Հայաստանում մնալու և տեղական շուկայում զարգանալու դեպքում: Պետք է հասկանալ, որ ցանկացած էկոհամակարգ տարբեր է կառուցվածքով և առանձնահատուկ է: Տեղական էկոհամակարգում առկա է վստահություն, և լեզվական խնդիրներ և համանման այլ խոչընդոտներ չկան: Սրանք հատկանիշներ են, որոնք, օրինակ, հնարավոր չէ մեկ շաբաթում հարթել, եթե դու լոկալ շուկայից դուրս ես:

Ձեռներեցությունը միայն կարճաժամկետ մտածողություն չէ, հարկավոր է Հայաստանում ունենալ ընկերություններ, որոնք կմտածեն ոչ թե առաջիկա երկու տարվա, այլ 10-20 տարվա կտրվածքով, որպեսզի ապագայում էլ աշխատատեղեր ունենաս, չէ՞ որ խնդիրն ամեն ինչ հենց տվյալ պահին վաճառելու մեջ չէ:

Սկսել փորձարկումներ անել տեղական շուկայում

Ստարտափ հիմնադրելուց առաջ հարկավոր է ինքդ քեզ հարց տալ՝ արդյոք բավարար կիրք ունե՞ս դա նախաձեռնելու համար, արդյոք ի զորո՞ւ ես հաղթել այդ պայքարում, քանի որ ձեռներեցության գործընթացը միշտ չէ, որ հարթ է ընթանում:

Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք պատրա՞ստ եք ռիսկի տակ դնել ձեր գումարը և օրինակ ընկերների հետ շփման ժամանակը: Չէ՞ որ դուք շատ եք աշխատելու, շատ գումար և ժամանակ եք ծախսելու, իսկ ժամանակը ևս գումար է, և շատ հնարավոր է, որ դրանից վերջում ոչինչ դուրս չգա:

Եթե կարծում եք, որ պատրաստ եք այդ ռիսկին՝ խորհուրդ կտամ բացել ընկերություն, բայց ոչ թե ձեր ունեցած ամբողջ գումարը միանգամից այնտեղ ներդրել, այլ սկսել փորձարկումներ կատարել տեղական շուկայում: Պարտադիր չէ, որ դա լինի ինչ-որ բարդ պրոդուկտ: Կարող է լինել շատ պարզ մի բան: Հաճախ են բերում ամերիկացի տղայի պատմությունը, որը 13 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է պաղպաղակ վաճառել և սկսել է դա անել: Հիմա նա 20 տարեկան է, իսկ պաղպաղակ արտադրող ընկերությունը բազմամիլիոնանոց եկամուտ ունի: Հասկանո՞ւմ եք՝ դա պաղպաղակ էր, սովորական, պարզ պրոդուկտ, արհեստական բանականության պես բարդ բան չէր:

Հանգամանքներից կախված հաջողությունը

Պարտադիր չէ մտածել, որ դու դառնալու ես հաջորդ Էլոն Մասկը: Նման հաջողությունը բազմաթիվ հանգամանքներից է կախված՝ թե ինչ կոնտակտներ ու կապեր ունես, ով է քեզ աջակցում քո բիզնեսում: Արդյունքում գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց ես ճանաչում, նորանոր մարդիկ են գալիս ու ասում, որ հետաքրքրված են քո պրոդուկտում ներդրում կատարելով: Այդ ամբողջ գործընթացը նման է լեռ բարձրանալուն՝ դու բարձրանում ես ու նայում դեպի գագաթը: Պետք չէ հիասթափվել, եթե հանկարծ չստացվի հասնել մինչև գագաթ: Փոքր քայլերը ևս ուրախանալու առիթ են:

Քրիստիան Շելենբերգերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

itel.am