Ֆիզիկական բռնությունը և երեխայի հոգեբանությունը
Advertisement 1000 x 90

Ֆիզիկական բռնությունը և երեխայի հոգեբանությունը

Երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական ուժը բռնության ամենատարածված  տեսակներից է: Շատ հաճախ նման բռնությունը դիտարկվում է՝ որպես ֆիզիկական պատիժ, սակայն դրանց իմաստային տարբերություններն ու հետևանքները շատ իրարամերժ են:  Օրինակ, երբ խոսում ենք երեխայի հանդեպ կիրառվող ֆիզիկական բռնության մասին, ապա միանգամից պատկերացնում ենք, որ նման քայլի դիմում է հարբեցող, հոգեկան խնդիրներ ունեցող կամ բնավորությամբ ուղղակի «հրեշ» տեսակի ծնողը, ով հաճույք է ստանում երեխայի տառապանքից: Իսկ երբ խոսում ենք ֆիզիկական պատժի մասին, ապա պատկերացնում ենք այնպիսի ծնողի, ով պարզապես անհանգստանում է սեփական երեխայի ճակատագրի համար և նման կերպ դաստիարակում է նրան: Առհասարակ, ֆիզիկական պատիժը շատ սլացիկ կարող է վերածվել ֆիզիկական բռնության, քանի որ դրանց տարանջատող  սահմանը շատ պայմանական է: Մի կողմից՝ գործողությունները, որոնք կրում են ֆիզիկական պատժի բնույթ, կարող են ներքուստ ծնողի հուզական խնդիրները լուծելու միջոց հանդիսանալ, մյուս կողմից՝ երեխայի հետ դաժանորեն վերաբերվելով՝ ծնողը լրջորեն մտածում է, որ դա ի օգուտ երեխայի է անում: Այս երկու մոտեցումներն էլ կարող են լուրջ վնասել երեխայի թե՛ զարգացմանը, թե՛ առողջությանը:

Ֆիզիկական բռնության հետևանքները և դրանց հաղթահարումը

Ընտանիքում ֆիզիկական բռնության հետևանքները կարող են տարբեր լինել, սկսած՝ աննշան և պրակտիկորեն անձի զարգացման վրա ոչ մի ազդեցություն չունեցող հետևանքներից, մինչև ամենալուրջ խանգարումներ, ինչպիսիք են՝ հոգեպաթոլոգիան, ինքնաոչնչացնող և հակասոցիալական վարքային դրսևորումները: Այս ամենը պայմանավորված է երեխայի առանձնահատկություններով, տարիքով, բռնությունն իրականացնող ծնողի հանդեպ ունեցած վերաբերմունքով, և այլն:

Բռնության հոգեբանական հիմնական հետևանքները հանդիսանում են բացասական հույզերի արտահայտումները, ինչպիսիք են՝ վախը, տագնապը, շփոթվածությունը, անհանգստությունը:  Երկարատև բռնության հետևանքները կարող են հանգեցնել հոգեֆիզիոլոգիական  զարգացման հապաղմանը, առաջացնել առաջնային նևրոզային ախտանիշներ՝ քնի և ախորժակի խանգարում, տարբեր ծիկեր, գիշերային վախեր, իսկ դեռահասների մոտ՝ հստակ վարքային հակազդումներ, օրինակ՝ տանից գնալ, ինքնասպանության փորձ կատարել, և այլն:

Նման դեպքերում բռնության հետևանքները հաղթահարելու համար միայն ծեծի կասեցումը բավարար չէ, տրավմա առաջացնող ապրումների շտկման համար անհրաժեշտ է երեխային հոգեբանական օգնություն ցուցաբերել:

Ընդգծենք հոգեբանական օգնության մի քանի բաղադրիչներ.

  • Անվստահության հաղթահարում: Ընտանեկան բռնության ենթարկվող երեխաները հաճախ խուսափում են շփվել այլ մեծահասակների հետ, քանի որ վախենում են բարդացնել ընտանիքի այլ անդամների վիճակը, ամաչում են իրավիճակից, մտահոգվում մեծահասակների բացասական արձագանքից և հնարավոր մեղադրանքներից: Նման ապրումները կարող են խոչընդոտել երեխայի և հոգեբանի միջև հոգեթերապևտիկ հարաբերությունների հաստատմանը:
  • Օգնել՝ արձագանքել իրավիճակին: Ֆիզիկական բռնությունը ծնում է բազմաթիվ բացասական հույզեր՝ ցավ, վիրավորանք, վախ, ատելության և մեղքի զգացում: Որպեսզի երեխան այս հույզերի հետ չմնա միայնակ և կարողանա ճիշտ արձագանքել դրանց, նա պետք է ունենա հնարավորություն խոսել բռնության մասին: Սակայն միշտ չէ, որ երեխան հեշտորեն կպատմի իրավիճակի մասին: Երեխայի և բռնություն իրականացնող ծնողի միջև կարող են լինել երկվալենտ հարաբերություններ (սեր-ատելություն), իսկ որոշ դեպքերում էլ երեխան կարող է ունենալ մեղքի չհիմնավորված զգացում: Նման ապրումները ճնշում են երեխայի՝ բռնության մասին խոսելու ինքնաբուխ ցանկությունը: Հոգեբանը չպետք է խուսափի քննարկել իրավիճակը երեխայի հետ՝ մտավախություն ունենալով, որ նման քննարկումները կարող են հոգեկան նոր վնասվածքների պատճառ հանդիսանալ: Եթե երեխայի մոտ բանավոր խոսքը դեռևս լավ զարգացած չէ, մասնագետը կարող է խաղի, նկարչության կամ ինքնարտահայտման այլ միջոցներով խթանել երեխայի արձագանքը ստեղծված իրավիճակի շուրջ:
  • Բռնությամբ պայմանավորված հուզական վերապրումները հաճախ ուղեկցվում են կոգնիտիվ շեղումներով: Երեխան կարող է բռնության մեջ մեղադրել բռնություն չիրականացրած անձանց՝ ինքն իրեն, մյուս ծնողին, եղբայրներին կամ քույրերին, այլ հարազատների: Միայն հոգեբանի անմիջական միջամտության շնորհիվ է հնարավոր շտկել կոգնիտիվ նման շեղումները և կանխել հետագա խնդիրների առաջացումը:
  • Շատ երեխաներ ֆիզիկական բռնությունը գնահատում են ծնողի տեսանկյունից (արդարացի-անարդարացի, մեղավոր-անմեղ և այլն), հետևաբար՝ կարևոր է, որ հոգեբանը տա ֆիզիկական բռնության հստակ գնահատականը: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ երեխաները հակված են նույնականացվելու իրենց ծնողների հետ, հետևաբար, վերջիններիս վարքի կտրուկ քննադատումը կարող է խզել երեխայի և հոգեբանի միջև ձևավորված կապը: Ֆիզիկական բռնությանը գնահատական տալուց բացի, հոգեբանը պետք է շատ զգուշավորությամբ քննադատի բռնություն իրականացնող ծնողի վարքը:

Ընդհանուր առմամբ, ինչպես այլ բռնությունների դեպքում, ֆիզիկական բռնությունն ազդում է երեխայի ինքնագնահատականի ձևավորման և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերվելու ունակության վրա: Այդ պատճառով ֆիզիկական բռնության հետևանքներն արտացոլվում են երեխայի կյանքի տարբեր բնագավառներում՝ հասակակիցների հետ շփում, դպրոցական առաջադիմության կտրուկ անկում և այլն:  Եվ նմանատիպ արտահայտումները պետք է ազդանշան լինեն՝ երեխայի կեցությամբ հետաքրքրվելու և անհրաժեշտ դեպքում միջամտելու համար:

Կամիլա Խաչատրյան