ՄԻԱՎ վարակով վարակվելու բարձր հավանականությամբ մի քանի խոցելի խմբեր կան՝ մարդիկ, որոնք ներգրավված են սեքս-բիզնեսի մեջ, տղամարդիկ, որոնք սեռական կայանք են վարում տղամարդկանց հետ, ինչպես նաև մարդիկ, որոնք օգտագործում են ներարկման համար նախատեսված թմրանյութեր: ևս մեկ խոցելի խումբ են կազմում աշխատանքի համար արտագաղթած մարդիկ, որոնց համար էլ հենց Հայաստանում հաշվառվում է ՄԻԱՎ-ի ամենաբարձր տարածվածությունը:
Ինչպես պնդում է մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը, աշխատանքային միգրանտների հետ աշխատանքն ամենաբարդն է, քանի որ մարդկանց այդ խմբին, ի տարբերություն վերոնշյալ այլ խմբերի, շատ դժվար է հայտնաբերել:
Սեքս-բիզնեսի մեջ ներգրավված մարդկանց, ներարկումային թմրանյութեր օգտագործող մարդկանց և տղամարդկանց հետ սեռական կյանք վարող տղամարդկանց հետ Հայաստանում մեկ տարի չէ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, երբեմն բավականին արդյունավետ, սակայն այդ աշխատանքները հնարավոր են շնորհիվ նրանց՝ որպես մարդկանց առանձին խմբի հայտնաբերման: Կան հասարակական կազմակերպություններ, առանձին մարդիկ, որոնք նույնպես աշխատում են նրանց հետ:
Ի տարբերություն նրանց, աշխատանքային միգրանտները մարդկանց մի խումբ է, որոնց միավորում է միայն մեկ փաստ՝ նրանք բոլորը մեկնում են արտասահման աշխատելու, սովորաբար՝ դեպի Ռուսաստան: Այլևս ոչինչ նրանց չի միավորում, և դա, մասնագետի խոսքով, այդ խմբի հետ աշխատանքը բարդացնում է:
«Շատ դժվար է հայտնաբերել այդ խումբը, ներթափանցել դրա մեջ, բացատրական աշխատանք տանել այն մասին, թե ի՞նչ են սեռական վարակները, ինչպե՞ս է հնարավոր վարակվել դրանցով, ինչպե՞ս պաշտպանվել: Արդյունքում սեռավարակների տարածվածությունն այդ խմբում շատ բարձր է», – նշել է մասնագետը:
Հիշեցնենք, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, Հայաստանի բնակչության մոտավորապես 0.2 տոկոսը այսօր ՄԻԱՎ վարակով է ապրում: ՄԻԱՎ-ով վարակվածների հաշվարկային թվաքանակը երկրում 3600 է, սակայն, այսօրվա դրությամբ, նրանցից միայն 1700-ը գիտեն իրենց կարգավիճակի մասին և գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:
ՄԻԱՎ վարակակիր հայերի մոտ 73տոկոսը Ռուսաստանում աշխատելու ընթացքում վարակված աշխատանքային միգրանտներ են և նրանց զուգընկերները: Սակայն հնարավոր չէ հաշվել, թե աշխատանքային միգրանտների քանի տոկոսն է այսօր ապրում ՄԻԱՎ-ով:
Ներարկային թմրանյութեր օգտագործող մարդկանց, ինչպես նաև խոցելի այլ խմբերում այս հիվանդության տարածվածությունը վերջին տարիներին նկատելիորեն նվազել է՝ կրկին շնորհիվ այդ խմբերում տարվող աշխատանքի: 2010-ին ներարկային թմրանյութ օգտագործող հայերի 10.7 տոկոսի մոտ առկա էր ՄԻԱՎ վարակ, իսկ 2016-ին տարածվածությունը նվազել է 0.5 տոկոսով: Ինչ վերաբերում է մյուս խմբերին, եթե 2010-ին սեքս-բիզնեսում ներգրավված 2.3 տոկոս տղամարդ և 1.2 տոկոս կին ՄԻԱՎ վարակ ուներ, ապա 2016-ին այդ խմբերում տարածվածությունը նվազել է համապատասխանաբար մինչև 0.8 և 0.1տոկոս: